Ապրիլի 7-ը պետական տոն էՙ մայրության եւ գեղեցկության օրը, որը մեր հասարակության զգալի մասը սիրում եւ տոնում է։ Երեւանի փողոցներում կատարած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ այն ընկալվում է որպես գարնանային, կանանց եւս մեկ տոնՙ մարտի 8-ի տարատեսակը, մինչդեռ խորը քրիստոնեական արմատներ ունի։ Հենց այս օրը, ըստ Աստվածաշնչի, մի մեծ իրադարձությանՙ ավետման տոնն է. կույս Մարիամը Աստծո ուղարկած Գաբրիել հրեշտակապետից ստացավ Հիսուսի Քրիստոսի ծննդյան լուրը։ Մարիամի ստացած ավետիսով կանայք վերստացան մարդկային ցեղի նախամորՙ Եվայի մեղքերի պատճառով կորցրածը։ Սուրբ ավետումը պատիվ բերեց ոչ միայն Աստծո մայր բարձրագույն եւ եզակի կոչմանն արժանացած կույս Մարիամին, այլեւ մայրության գաղափարին ընդհանրապես։
Ավետման տոնը նշվում է դեռեւս վաղ միջնադարից։ Հայ առաքելական եկեղեցին տոնում է ապրիլի 7-ը որպես Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը։ Վերջին տարիներին Ամենայն հայոց հայրապետի հրահանգով ապրիլի 7-ը հռչակվել է մայրության օրհնության օր։ Հայաստանի բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն։ Զավակի սպասող հազարավոր կանայք գալիս են եկեղեցի եւ Աստվածածնից խնդրում զորավիգ լինել իրենց, հայցում տիրոջ ողորմությունը։
Տոնի հիմքում մայրության գաղափարն էՙ սրբություն մեզ համար, մարմնավորում ամենահարազատ եւ սրտամոտ արժեքների։ Այս գաղափարն է, որ մայրական կաթի հետ ներթափանցում է մեր էության մեջ եւ սկիզբ դնում մեր ձեւավորմանըՙ շաղախված մայրական սիրով եւ գորովով։ Ապրիլի 7-ն այս ամենը վերագնահատելու եւ վերարժեւորելու առիթ է, մանավանդ այսօր, երբ արժեքային համակարգի խաթարման վտանգ կա։
Աստվածածինը մշտապես կրողն էր իր զավակի բերկրանքի եւ տառապանքի, մեր օրերում մայրության առաքելությունը միշտ չէ, որ անթերի է պահպանվում։ Ցավոք, լքված մանուկները, մանկահասակ մուրացկանները մեր իրականության մասն են կազմում։
Մ. Հ.
Նյութը պատրաստվել է Մայր աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանի խորհրդատվությամբ։