«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2003-04-04 | #65, 2003-04-05 | #66, 2003-04-08


ԱՊՐԻԼՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՄՓՈՓՎԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ ՀՈՂԸ

«...Հաղթանակած պետությունները հանդիսավոր կերպով հայերին ազատություն ու անկախություն էին խոստացել, այժմ, սակայն, պատրաստ չեն որեւիցե բան զոհաբերելՙ այդ խոստումները կատարելու համար։

...Պետական գործիչներ, խնայեցեք առնվազն հանդիսավոր բառերը եւ մի խլեք մարդկանցից հավատի վերջին պատառն այն բանի հանդեպ, որը մարդկային պատմության մեջ, ի հեճուկս ամեն ինչի, սուրբ է։ ...Մեր քաղաքականության սկզբունքներն աշխարհի ոչ մի մասում այնպես անբարոյական ու անհեթեթ չեն, ինչպես այստեղ»։

Ֆ. Նանսեն

Մարտի 15-ին Օսլոյում տեղի ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակի ոգեկոչման արարողությունը։ Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտում տեղի ունեցած այդ միջոցառումը նախաձեռնել եւ կազմակերպել էր Միլանում գործող «Արդարներ հայերի համար» միջազգային կոմիտենՙ ինստիտուտի տնօրեն Արիլդ Մոեի եւ օսլոյաբնակ Կայծակ Դեմիրճյանի հետ։

Արարողությանը մասնակցելու նպատակով Օսլո էին ժամանել կոմիտեի նախագահ Պիետրո Քուչուկյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Գագիկ Բաղդասարյանն ու Աննամարիա Սամուելին, որոնք նաեւ «Արդարներ հայերի համար» կոմիտեի հիմնադիր անդամներ են։ Արարողությանը մասնակցում էր նաեւ Նանսենի թոռըՙ Էրիկ Նանսենն իր տիկնոջ հետ։ Արարողության հանդիսավոր մասից եւ ելույթներից հետո տեղի ունեցավ այցելություն Ֆ. Նանսենի գերեզմանին, ուր զետեղվեց մետաղյա ցուցանակ հետեւյալ մակագրությամբՙ «Ի հիշատակ Ֆրիտյոֆ Նանսենի. երախտագիտությամբՙ Իտալահայերի միություն, Հայաստանի Հանրապետություն»։ Այնուհետեւ գերեզմանից հող վերցվեցՙ ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում կայանալիք արարողության ժամանակ Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրի հուշապատումՙ հայերի համար պայքարած մյուս արդարների կողքին զետեղելու նպատակով։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան եւ «Արդարներ հայերի համար» կազմակերպությունը ԳԱԱ-ում ապրիլի 22-ին կազմակերպելու են հայ ազգի մեծ բարեկամ Ֆ. Նանսենի հիշատակի միջազգային հանդես, որտեղ հայ գիտնականները հանդես կգան Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակը հավերժացնող զեկուցումներով, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը Հայաստանում, կցուցադրվի Օսլոյում մարտի 15-ին տեղի ունեցած արարողությունը ներկայացնող տեսանյութ։ Այնուհետեւՙ ապրիլի 23-ին, ժ. 14-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, ուր Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրի հուշապատում կամփովի Ֆ. Նանսենի գերեզմանից վերցված հողն ամփոփող սափորը։

Սկսած 1996 թ. «Արդարներ հայերի համար» կոմիտեն զբաղվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում երիտասարդ թուրքերի կառավարության կազմակերպած Հայոց ցեղասպանության տարիներին եւ դրանից հետո հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած օտարազգի անձանց որոնումներով եւ նրանց հիշատակը հավերժացնելով։

Հուշահամալիրում արդեն տեղ են գտել ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի, շոտլանդացի լորդ Ջեյմս Թրայսի, ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի, գերմանացի հոգեւորական Յոհաննես Լեփսիուսի, ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի, իտալացի դիվանագետ Ջակոմո Գորինիի, Ցեղասպանության ականատես եւ վավերագիր գերմանացի սպա Արմին Թեոֆիլ Վեգների, Հռոմի պապ Բենեդետտո XV-ի հուշաքարերը։

Իր ելույթում ՀՀ դեսպան Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ ներկաները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդի մեծ բարեկամ, նորվեգացի գիտնական, ճանապարհորդ, հասարակական գործիչ, հումանիստ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին, որն իր գործունեության զգալի մասը նվիրել է Ցեղասպանությունից մազապուրծ հայերինՙ ժողովելով եւ օգնելով նրանց հայրենիք վերադառնալու գործում։ Ականատես լինելով հայ ժողովրդի ողբերգությանն ու տառապանքին, նա դատապարտում է սուլթան Աբդուլ Համիդին եւ երիտթուրքերի կազմակերպած եղեռնը։ Իր բազմաթիվ հոդվածներից, զեկույցներից, ելույթներից զատ, 1927 թ. նորվեգերեն լույս է տեսնում նրա «Հայաստանում» գիրքը, որը հետագայում թարգմանվեց անգլերենով, ֆրանսերենովՙ «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը» եւ գերմաներենովՙ «Խաբված ժողովուրդ» վերնագրերով։ Այստեղ նա դատապարտում է թե՛ Հայոց ցեղասպանության հեղինակներին, թե՛ իրենց քաղաքականությամբ հայ ժողովրդին կործանման մղած եվրոպական երկրներին։

1929 թ. Ազգությունների լիգային ուղղած իր նամակում նա գրեց. «Հայկական հարցը քաղաքակիրթ աշխարհի մեծագույն խայտառակությունն է»։ Նրա հայտարարությունից մինչ այսօր Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Փարիզի ժողովուրդների մշտական դատարանի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ընդունած բանաձեւերի եւ Եվրախորհրդարանի 1987 թ. ընդունած որոշման համաձայն հաստատվել է Հայոց ցեղասպանության փաստը։

Իր ելույթի վերջում Գագիկ Բաղդասարյանն ընդգծեց. «Պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վերջին երկու տարիներին տեղի ունեցած զարգացումները, նկատի ունեմ Ֆրանսիայի, Սուրբ աթոռի, Իտալիայի եւ Շվեդիայի ընդունած որոշումները, վկայում են, որ Realpolitik-ը, թեեւ դժվարությամբ, այնուամենայնիվ, հաղթահարելի է, ինչը լավատեսություն է ներշնչում, որ գալու է այն օրը, երբ Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաեւ Թուրքիան, ինչը վերջապես թույլ կտա թուրք ժողովրդին ազատվել դահիճի, իսկ հայերինՙ զոհի բարդույթից։ Այսպիսով, կլիցքաթափվի դարերով կուտակված ատելությունը, եւ մեր տարածաշրջանում վերջապես կհաստատվի կայուն խաղաղություն։ Եվ դա կլինի արժանի փոխհատուցում Նանսենինՙ իր գործադրած մարդասիրական ջանքերի դիմաց։ Իր գրքի գլուխներից մեկը Նանսենը կոչել է «Մնաս բարով, Երեւան»։ 2003 թ. ապրիլի 23-ին «ազատություն եւ անկախություն» ձեռք բերած Երեւանը նրան կասի. «Բարի վերադարձ, բարեկամ»։

ՀԱՍՄԻԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4