Եվ դեռ հավանաբար երկար կքննի
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց հանրապետության նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Մարտի 4-ին սկսված նիստը շարունակվեց ե՛ւ շաբաթ, ե՛ւ կիրակի, ե՛ւ երկուշաբթի օրերին։
Մասնավորապես շաբաթ եւ կիրակի օրերին դիմող կողմի ներկայացուցիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Աշոտ Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրին, ըստ իրենց, փաստարկներ ընտրությունների նախապատրաստման եւ նախընտրական քարոզչության անցկացման ընթացքի խախտումների վերաբերյալ։ Որպես փաստարկներ նշվեցին մի շարք երեւույթներ, ասենք, անհավասար պայմաններ քարոզչության համար։ Կոնկրետացում, որպես այդպիսին, չտրվեց։
Հանգամանորեն վերլուծվեցին լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերություններիՙ ընտրական գործընթացների ժամանակ կատարված աշխատանքը, գործելաոճն ու համոզմունք հայտնվեց, թե հանրապետության նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ վարվել է «ինֆորմացիոն ահաբեկչության» քաղաքականություն։
Այնուհետեւ Աշոտ Սարգսյանը խոսեց վստահված անձանց հետ կապված խախտումներից, որ նրանց երբեմն ապօրինաբար չեն թույլ տվել մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, հաշվարկներին, չեն ընդունվել նրանց ներկայացրած դիմում-բողոքները եւ այլն։
Վիկտոր Դալլաքյանն էլ անդրադարձավ սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի այն դրույթներին, որոնք, ըստ իրենց, խախտվել են։
Ի վերջո, Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչները նշեցին, թե ասվածն էապես կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ որ անհրաժեշտ են համարում բացել ու վերահաշվարկ կատարել 235 ընտրատեղամասերում։
Երեկ արդեն նիստը շարունակվեց Աշոտ Սարգսյանի թվարկումով, որ նախ վերաբերում էր ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամանակ ցուցաբերված այսպես կոչված որոշակի մոտեցմանը։ Ընդհանուր առմամբ գնահատելով, որ հանձնաժողովները ձեւավորվել են նախօրոք ծրագրված ձեւով, Աշոտ Սարգսյանն ըստ էության կոնկրետ փաստարկներ չբերեցՙ հիմնականում նշելով, որ նման երեւույթները չպետք է ընկալել որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի թերացումներ, այլ ընտրությունների ժամանակ կեղծիքներ անելու համար, նման հանձնաժողովներ ստեղծելով, բարենպաստ պայմաններ են ապահովել։ Ընդ որում, ըստ պրն Սարգսյանի, բարենպաստ պայմաններ ստեղծելուն միտված գործողությունները կատարվել են հօգուտ մեկ թեկնածուի։
Այն, որ տեղամասային կենտրոնները որոշ դեպքում տեղակայվել են նույն շենքում, ըստ Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցչի, դիտավորություն է, որպեսզի լինեին կուտակումներ, կատարվեին թերթիկներ լցնելու դեպքեր եւ այլն։
Ըստ իրեն, ավարտելով ընտրական հանձնաժողովների ձեւավորման հետ կապված խախտումների փաստարկները, Աշոտ Սարգսյանն անցավ այն փաստարկներին, երբ, ըստ Դեմիրճյանի ներկայացուցչի, տեղի են ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություններ, որոշ մարդիկ զրկվել են ընտրելու իրենց իրավունքից կամ կատարվել են քվեատուփեր լցնելու դեպքեր։
Այս շարքը սկսելուց եւեթ Աշոտ Սարգսյանը սկսեց ամենայն մանրամասնությամբ թվարկել տեղամաս առ տեղամաս, ընտրող առ ընտրող այն դեպքերը, երբ ինչ-որ մեկը պարզել է, թե իր փոխարեն քվեարկել են կամ էլ տեսել է, որ, ասենք, հանրապետությունից բացակայողի փոխարեն ստորագրված է։ Թվարկումը բավականին երկար տեւեց, ուստի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդմիջելով նշեց, որ երեւույթը ներկայացվել է, ուստի պետք չէ ժամանակն այդպես օգտագործել։
Սրանից հետո, քիչ էլ շարունակելով թվարկումը, Աշոտ Սարգսյանը առաջարկեց, որ որոշում կայացվի, որով դատարան կհրավիրվեն եւ կհարցաքննվեն քվեարկելու իրավունքից զրկված անձինք։
Առաջարկն անելուց հետո պրն Սարգսյանը ներկայացրեց նյութերի հիման վրա իր եզրակացություններըՙ համաձայն որոնց ուրիշի փոխարեն քվեարկություններն ուղղակի կապված են թերթիկներ լցնելու հետ, քանի որ այդ կերպ ապահովվել է ցուցակների ստորագրությունների եւ քվեաթերթիկների թվի համապատասխանությունը։ Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչը տարօրինակ համարեց, որ մարտի 5-ի ընտրությունների ժամանակ 1000 ընտրողից ավելի ունեցող մոտ 200 տեղամասերում մասնակցությունը կազմել է 80 տոկոսը, 20 տեղամասերումՙ 95 տոկոսից բարձր։ Նույն տրամաբանությամբ այս տեղամասերում պետք է ընտրությունները հայտարարել չեղյալ, քանի որ, ըստ Աշոտ Սարգսյանի, մասնակցության տոկոսը բարձրանալու հետ այս տեղամասերում մեծանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի օգտին տրված ձայների քանակը։
Մի երկար ժամանակ էլ խոսելով քվեաթերթիկներ լցնելու, թափանցիկ քվեատուփեր օգտագործելով այդ լցնելն ավելի ակնհայտ դարձնելու եւ նմանատիպ այլ երեւույթների մասին, պրն Սարգսյանը, երեւի թե ԿԸՀ նախկին անդամի փորձից ելնելով, նշեց, որ այդ ամենը կարող էր այնպես արվել, որ չերեւար։
Լցնելու թեման մի պահ դադարեց, որի ընթացքում Ստեփան Դեմիրճյանի մյուս ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն արտառոց մի միջնորդություն արեց Հանրային հեռուստատեսությամբ ՍԴ նիստերն ամբողջությամբ հեռարձակելու մասին։ Սրանից հետո Աշոտ Սարգսյանը կրկին վերադարձավ քվեաթերթիկներ լցնելունՙ այս անգամ եզրակացնելով, որ իրենց նպատակը ոչ թե նման կեղծիքներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելն է կամ քր. գործեր հարուցելը, այլ սրանց հիման վրա ընտրություններն անվավեր ճանաչելը։
Նիստի սկզբում ցուցաբերած նույն մանրամասնությամբ Աշոտ Սարգսյանը սկսեց ներկայացնել ընտրական հանձնաժողովների կնիքների, դրանց ծրարների հետ կապված նյութերը, թե կնիքներն օգտագործված են եղել, ինչն ապացուցում է, որ ընտրակեղծիքները եղել են նախօրոք ծրագրված։
Ընտրախախտումների շարքը, ըստ Աշոտ Սարգսյանի, շարունակվեց բաց քվեարկությունների դեպքերի մասին տվյալներովՙ մասնավորապես կապված զինծառայողների հետ։ Ապա պրն Սարգսյանը կրկին վերադարձավ այս ընտրությունների աննախադեպ բարձր մասնակցությանը։
Իհարկե, նիստը երեկ չավարտվեց, եւ որքան կարելի է դատել Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչների պահվածքից, այն դժվար թե տեղավորվի օրենսդրորեն նման գործերի քննության համար սահմանված ժամկետում։