Վերջին 2¬3 օրերի ընթացքում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնական կազմակերպություններումՙ ակումբներում շարունակվում էր նորագիրների ընդունելությունը։ 601 մարդ այսուհետեւ իր քաղաքական ճակատագիրը կապեց հայոց ավանդական կուսակցությանը։
Ապրիլի 4-ին, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Գայանե Մուրադյանի ներկայությամբ, Արագածոտնի Կարբի գյուղի նույնանուն ակումբին անդամագրվեցին 23 նորագիրներ։ ՀՎ անդամ Կարեն Թունյանը Շիրակի մարզի Քեթի գյուղում ներկա էր 5 նորագիրների ընդունելությանը։
Նույն օրը երկու ակումբներում եղավ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի նույնանուն ակումբում կուսակցության շարքերն ընդունվեցին 40 նորագիրներ, իսկ 23 կուսակցականների հանձնվեցին կուսակցական տոմսեր։ Տավուշի մարզի «Իջեւան», «Նար-Դոս», «Բլբուլյան», «Այգեհովիտ», «Գանձաքար», «Գետահովիտ», «Խաշթառակ», «Կողբ», «Աչաջուր» ակումբների անդամների թիվն ավելացավ 153 նորագիրներով։
Հաջորդ օրըՙ ապրիլի 5-ին Սյունիքի մարզում էր ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, որը ներկա եղավ Սիսիան քաղաքի «Իսրայել Օրի», Կապան քաղաքի «Կապան», «Ձորք», Դավիթ-Բեկ գյուղի նույնանուն ակումբների հերթական նիստերին, որոնց ժամանակ ՀՌԱԿ-ին անդամագրվելու ուխտ կատարեցին 16 նորագիրներ։ Սկզբնական նոր կազմակերպություն ստեղծվեց Շաքի գյուղում։ Ակումբին անդամագրվեցին 14 նորագիրներ։
ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը Ստեփանավան քաղաքի, Լեջան, Արմանիս եւ Ագարակ («Լալվար» ակումբ) գյուղերում ուխտնառության արարողություններին մասնակցեց, որոնց ժամանակ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ դարձան 180 նորագիրներ։
Ախթալայի նույնանուն ակումբի նիստին մասնակցում էր Հանրապետական վարչության անդամ Արմեն Ազիզյանը, որի ժամանակ ակումբն համալրվեց եւս 10 նորագիրներով։
Կոտայքի մարզում եղավ ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը։ Աբովյան քաղաքի «Կոտայք» ակումբին անդամագրվեցին 20 նորագիրներ։
Հանրապետական վարչության անդամ Վահագն Փիլիպոսյանը, որը մասնակցում էր Արթիկի ՀՌԱԿ ակումբի նիստին, 90 նորագիրների «կնքահայրը» դարձավ։
Արարատի մարզի «Բարձրաշեն», «Նորաշեն», «Ազատավան», «Մասիս» եւ «Վերին Արտաշատ» ակումբներին անդամագրվեցին 50 նորագիրներ։
Ս. Մ.