Ո՞վ է դառնալու խորհրդարանական մեծամասնություն
Այնուամենայնիվ ընդդիմությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թեեւ հայտարարում էր դրանք բոյկոտելու հնարավորության մասին։ի։ Համենայն դեպս, «Արդարություն» դաշինքը ներկայացնող ավելի մանր կուսակցությունների ներկայացուցիչներն այդ մոտեցումն են ցուցաբերում։ Նրանք այդ հանգամանքը բացատրում են այն համոզմամբ, թե իշխանությունները խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ ընտրախախտումների չեն գնա։ Օրինակ, ըստ Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանի, գալիք ընտրություններին կեղծիքների ծավալները փոքր են լինելու երեք հիմնական պատճառներով։ Առաջինՙ եթե նախագահական ընտրություններին Ստեփան Դեմիրճյանն ընտրատարածքներում ուներ մեկական վստահված անձ, ապա ընդդիմությունն այս դեպքում ունենալու է երեքական վստահված անձինք։ «Արդարություն» դաշինքինը, Րաֆֆի Հովհաննիսյան» բլոկինը, որի հետ, ըստ Շ. Քոչարյանի, իրենք համագործակցում են, եւ մեծամասնականով ընդդիմության թեկնածուինը։ Վստահված անձանց թիվը, ըստ այդմ պատկառելի կլինի եւ կզգոնացնի հակառակ թեւի ներկայացուցիչներին։ Երկրորդՙ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների առանձին-առանձին գնալն ապահովելու է քվեատուփերը լցնելու դեպքերի փոխադարձ վերահսկելիություն։ Երրորդՙ նախագահական ընտրությունների արդյունքների գնահատման Եվրախորհրդի «մահակը», ըստ Շ. Քոչարյանի, կախված է Հայաստանի գլխին, եւ երկրի իշխանություններին ձեռնտու չի լինի ավելորդ անգամ ռիսկի դիմելՙ ընդհանրապես խայտառակելու հանրապետության միջազգային վարկը։
Ընդդիմադիր շրջանակները երբեւէ այսքան սթափ գնահատական չէին հնչեցրել ստեղծված իրավիճակների համար, ինչը թերեւս խոսում է ընտրություններին լրջորեն տրամադրված լինելու մասին։ Ի դեպ, Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, թե հավակնում են ընտրողների առավելագույն ձայներին, այսինքնՙ ձգտելու են խորհրդարանական քաղաքական մեծամասնություն կազմելուն, եւս այդ մասին է խոսում։ Ընդդիմությունը հասկանում է, որ միայն այդ կերպ կարելի է հասնել իշխանափոխության եւ հենց այդ պատճառով առավել ակտիվ կլինեն։
Խնդիրն այն է, որ եթե ընդդիմությանը հաջողվի քաղաքական մեծամասնություն կազմելՙ օգտագործելով նաեւ «Րաֆֆի Հովհաննիսյան» միտումնավոր անվանված դաշինքի հնարավորությունները, իսկ մյուս կողմից ընդունվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ապա հանրապետության նախագահն այլեւս չի կարող ցրել Ազգային ժողովը եւ ստիպված կառավարություն կազմելիս հաշվի է առնելու ընդդիմության մեծամասնության հանգամանքը։ Այդպիսով վերջինս իշխանական լծակներ ստանալու շանսեր կստանա։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարտավարություն կընտրեն նախագահին սատարած ուժերը։ Հենց վերջիններիս առանձնացվածության վրա է հույս դրել ընդդիմությունը, ինչը կարող է շատ ռեալ լինել։ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը ոչ մի անբնական բան չի տեսնում այն փաստի առնչությամբ, որ մասնավորապես մեծամասնական ընտրացուցակներում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշել են չմրցակցել միմյանց հետ, իսկ ահա «Օրինաց երկրի» հետՙ ազատորեն։
Քաղաքագետ Շահգելդյանը դա համարում է կուսակցությունների ազատ ընտրության արդյունք, քանի որ նրանք են որոշում, թե ինչպես մասնակցելն ընտրություններին։ Թեեւ «Օրինաց երկիրն» արտաքնապես հանգստություն է դրսեւորում, նրա դժգոհությունն ակնհայտ է։ Դա արտահայտվեց հենց Շահգելդյանի խոսքում, երբ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե օրերս հեռուստաընկերություններից մեկով իրենց ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցի ժամանակ միանգամից 10 համայնքներում հոսանքազրկումներ են եղել։ Շահգելդյանը հայտարարեց, թե կարեւորը ոչ թե հարցազրույցի փաստն էր, այլՙ հոսանքազրկման, եւ չպատասխանեց այն հարցին, թե դրա մեջ միտում տեսնո՞ւմ է կուսակցությունը, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում կուսակցությունը, ի հեճուկս այդ ամենի, նախանձելի համոզմունք ունի, որ իրենք անպայման խորհրդարանում տեղեր են զբաղեցնելու։ Ինչ վերաբերում է 5 տոկոսի արգելանքին, ապա հաղթահարելու խնդիր ընդհանրապես չի դրվում։
Ի դեպ, տարանջատվածությունն այս «բլոկում» ապացուցեց նաեւ ՀՅԴ-ն։ Վերջինիս ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ուղղակի հայտարարեց, թե նախագահին սատարած մյուս ուժերի հետ իրենք կհամագործակցեն այն դաշտում, որտեղ եկել են փոխհամաձայնության։ Իսկ այդ դաշտը միակն էՙ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի իրագործումը։ Այս կուսակցությունը եւս համոզված է, որ առանց ընտրակեղծիքների իրենց հաջողվելու է խորհրդարանում տեսակարար կշիռ կազմել, այդպիսով մասնակցել նաեւ գործադիր իշխանության ձեւավորմանը։
Այս հարցում կարծես թե կոշտ դիրքորոշում է որդեգրել ՀՀԿ-ն։ Վերջինս իր համամասնական ցուցակում ընդգրկելով առանցքային երկու ֆիգուրներիՙ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, փորձում է ներկայացնել, թե պատասխանատվություն է կրելու կառավարություն կազմելու հարցում։ Իսկ ՀՀԿ անդամ, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օրերս այն կարծիքն է հայտնել, թե կոալիցիոն կառավարություն կազմելու անհրաժեշտություն չկա։ Նրա համոզմամբ, կառավարությունը կոալիցիոն է, եթե նրանում ընդգրկվում է նաեւ ընդդիմությունը, իսկ մի քանի այլ կուսակցություն(ներ) ներկայացնող նախարարների առկայությունը բնավ այդ մասին չի խոսում։
Իսկ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Տիգրան Թորոսյանն իր հարցազրույցներից մեկում կուսակցության մարտավարությունը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ բնորոշել է մոտավորապես հետեւյալ կերպ. «Պահպանենք ինչ ունենք, ավելացնենք, ինչքան կարող ենք»։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ