Ըստ Երեւանի քաղաքապետարանի տվյալներիՙ այսօր մայրաքաղաքի 211 դպրոցներից 142-ում կան համակարգչային լսարաններ, որոնք զինված են մոտ 600 համակարգիչներով։ Իսկ սրանից մոտ 20 տարի առաջ մայրաքաղաքի դպրոցներով շրջում էր IBM տիպի համակարգիչներով կահավորված 1¬2 ավտոբուսՙ ինֆորմատիկա առարկայի գործնական պարապմունքները կազմակերպելու համար։
Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում անընդհատ աճող հետաքրքրությունըՙ Երեւանի քաղաքապետարանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրմանը։ Դպրոցները համակարգիչներով հագեցնելու համար որոշակի գումար նախատեսված է պետբյուջեով, կան միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են տրամադրում դպրոցներին, լինում են հովանավորներ, բարերարներ եւ այլն։ Սակայն, ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Օնիկ Վաթյանի. «Եթե համակարգչային լսարաններ կահավորենք, որոնք լինեն ընդամենը թանգարանային նմուշ, պարզապես հանցագործություն գործած կլինենք։ Տեխնիկան ընդամենը մետաղ է։ Հարկավոր է դպրոցներն ապահովել նաեւ մասնագետներով»։ Համագործակցում են բարձր տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստող բուհերի, այս բնագավառում աշխատող կազմակերպությունների հետ։ Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կա ամենաքիչը բարձր տեխնոլոգիաների մեկական մասնագետ։
Պրն Վաթյանն այս առաջընթացը շատ դրական է համարում, բայց եւ նշում է, որ եղածով բավարարվել չի կարելի։ Դեռեւս կան դպրոցներ, որոնք այդպիսի լսարաններ չունեն։ «Պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուր 2¬3 աշակերտի 1 համակարգիչ հասնի», ասում է նա։ Կան դպրոցներ, որտեղ եղած համակարգիչներն արդեն հին սերնդի են, եւ պետք է միջոցառումներ ձեռնարկել նորերը ձեռք բերելու համար։
Երեւանի դպրոցներից 30-ն ապահովված է ինտերնետային կապով։ Ըստ «Արմինկո» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանիՙ դպրոցներում ինտերնետի առկայությունը կարող է եւ բացասական արդյունք ունենալ։ Վերահսկողության բացակայության պայմաններում երեխաները կարող են այցելել անթույլատրելի էջեր։ Այդ խնդիրը կարեւորում է նաեւ պրն Վաթյանը եւ նշում, որ հնարավորության սահմաններում վերահսկողությունն իրականացվում է, սակայն հեշտ չէ, քանի որ այս սրահներից աշակերտներն օգտվում են նաեւ դասերից հետոՙ մինչեւ ուշ երեկո։
Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններ եւս մտածում են կառույցներ ստեղծելՙ դպրոցահասակ երեխաներին համակարգչային հմտություններին ծանոթացնելու համար։ «Արմինկո» ՍՊԸ-ն այս փորձն ունի դեռեւս 1993 թվականից։ Ընկերության ստեղծած դպրոցում միջին եւ բարձր դասարանի աշակերտների համար կազմակերպվում են մեկամսյա պարապմունքներ, որոնց ընթացքում գտնվում են աշխատել ցանկացող երեխաներ, իսկ «Արմինկոն» նրանց համար միջավայր ու պայմաններ է ստեղծում։ Կենտրոնի առաջին սաներից էր 12¬13-ամյա Էդգար Դանիելյանը, որն, ըստ ընկերության տնօրեն պրն Ալեքսանյանի, 1¬2 տարում այնքան հմտացավ, որ դարձավ Հայաստանում ինտերնետային էջի առաջին հեղինակը, AM տիրույթը Հայաստան բերողը։
Երիտասարդ կադրերից է տասներորդցի Արտաշես Քալանթարյանը, որը մի քանի տարիների ընթացքում հասել է մասնագիտական այն աստիճանի, որ այժմ արդեն հսկում է ընկերության կարեւոր մի քանի համակարգիչների աշխատանքը։
Բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան «Էփիջի լեբս էյեմ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը նույնպես իր ծրագրերում տեղ է հատկացրել դպրոցականներին։ Ընկերությունը պատրաստվում է կառուցել համակարգչային սրահ, որոնցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան դպրոցահասակները։
Հայաստանում բարձր տեխնոլոգիաները դեռ դպրոցից զարգացնելու միտումը կարծես թե երեւում է։ Սակայն կա մի խնդիր. ինչպես անել, որ տեղի երիտասարդները, հմտանալով այս բնագավառում, չլքեն հայրենիքը։ «Ճիշտ է, ասում է պրն Ալեքսանյանը, ե՛ւ էդգարը, ե՛ւ Արտաշեսը այսօր Հայաստանում են, բայց չեմ կարող ասել, որ չեն գնա Հայաստանից։ Կգնան, որովհետեւ իրենց խնդիրները, կարողությունները մեծանում են, որոնց համար համապատասխան պայմաններ ու շուկա են անհրաժեշտ»։ Արդեն մի քանի երիտասարդներՙ Մհեր Հակոբյանը, Վահան Երկանյանը, Սամվել Ստեփանյանը, որոնք այստեղ են սովորել, այժմ ամերիկաներում ու լոնդոններում են։ Պարզապես, ըստ պրն Ալեքսանյանի, ամեն մարդ իր խղճի առջեւ է պատասխանատու։ «Չի կարելի ուրանալ լավությունը։ Բայց եւ չի կարելի ստիպել որեւէ մեկին մնալ այստեղ կամ գնալ այստեղից»։
Ընկերության տնօրենի կարծիքով, այսօր մեր երիտասարդների 30 տոկոսը նորմալ աշխատող կադրեր են, որոնց պարզապես հարկավոր է գտնել ու նրանց համար լավագույն դաշտ ապահովել։
«Էփիջի լէբս էյեմ» ընկերության տնօրեն Սամվել Մինասյանի գնահատմամբ, այսօր բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում աշխատավարձերն այնքան բարձր են, որ կարելի է բարեկեցիկ կյանք վարել։ Այս պարագայում այդ մարդկանց կողմից Հայաստանը լքելը սոցիալապես վատ պայմաններում գտնվողի համար ընտանիքի կենսամակարդակը բարելավելու միջոց չի կարելի համարել, ուստի դա դատապարտելի երեւույթ է։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ