«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2003-04-04 | #65, 2003-04-05 | #66, 2003-04-08


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ելնելով անցյալ տարիների հաջող փորձից եւ կազմակերպված միջոցառումների հանդեպ հանդիսատեսի դրսեւորած մեծ հետաքրքրությունից, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը, «Արմենիա» հյուրանոցի եւ «Արմենիա» հեռուստաընկերության համագործակցությամբ, այս տարի եւս ապրիլ ամիսը հայտարարել է «Ջազի օրեր Հայաստանում» ծրագիրը, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված գունավոր, գեղեցիկ բացիկը։

Ապրիլի 9¬20-ը տարբեր միջոցառումներ տեղի կունենան մայրաքաղաքի մշակութային օջախներում։ Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կայանալիք բացման արարողության հաջորդ 2 օրվա ընթացքում ելույթ կունենան Հայաստանի ջազ նվագախումբը, «Մալխաս» ջազ խումբը, Վահագն Հայրապետյան եռյակը, Հանրային հեռուստաընկերության «Ջազ-բենդը», «Չիկո եւ ընկերներ», ինչպես նաեւ «Թայմ ռեպորտ» խմբերը։

Հայաստանի նկարիչների միությունում ապրիլի 11-ին կանցկացվի ուսանողական «Ջազի գույները» նկարչական մրցույթը, որը ձայնային ազդեցությունների ընկալման եւ գունային երեւակայության արտացոլման յուրահատուկ զուգորդում է։ Այդ եւ հաջորդ երկու օրերին երեկոյան ժամը 7-ին «Նաիրի» կինոթատրոնի փոքր դահլիճում կցուցադրվի «Երկրորդ կրկներգ» կինոնկարը։

Փառատոնը կշարունակվի ջազային համերգներով, Առնո Բաբաջանյանի համերգասրահում, որտեղ 5 օրվա ընթացքում ելույթ կունենան «Վեստերնը», Արմեն Պետրոսյան խումբը Իրինա Մալխասյանի հետ, «Ինթուն», Կարեն Գասպարյան եռյակը, Արսեն Ներսիսյան ջազ քառյակը եւ «Մայք Դել Ֆերրո» եռյակը։ Հայ հանդիսատեսին ներկայացվող այս եռյակի ծրագիրը կոչվում է «Օպերան միանում է ջազին»։ Լինելով երգչի որդի, Մայք Դել Ֆերրոն վաղ մանկությունից շրջապատված է եղել օպերային եւ դասական երաժշտությամբ, որն էլ նրանում ծնել է օպերան եւ ջազը միաձուլելու գաղափարը։

Իսկ ապրիլը ջազի ամիս հայտարարելու գաղափարը նախաձեռնել է Սմիթսոնյան ազգային պատմության թանգարանը եւ այն ստացել է ԱՄՆ պետքարտուղարության աջակցությունը։ Ջազի նշանավորման նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը ջազի պատմության եւ հսկայական ժառանգության մասին, խթանել ջազի զարգացումը եւ խրախուսել տարբեր տարիքի մարդկանց մասնակցությունը ջազին նվիրված միջոցառումներին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4