«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2003-04-04 | #65, 2003-04-05 | #66, 2003-04-08


ԿՏՐՈՒԿ ՏԱՔԱՑՈՒՄԻՑ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ. 7 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եղանակի կտրուկ տաքացման հետեւանքով հանրապետության գրեթե ողջ տարածքում դիտվում են ջրհեղեղներ եւ ուժեղ քամիներ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվության կենտրոնը, ապրիլի 5-ին եւ 6-ին ուժեղ քամու հետեւանքով Արագածոտնի մարզի 4 համայնք հոսանքազրկվել է, ջրածածկվել են հողատարածքներ, ջուրը լցվել է մի շարք տների նկուղներ։ Տավուշի մարզում վիճակը նույնպես վտանգավոր է։ Իջեւանի բուսաբանական այգու տարածքը ջրածածկվել է, 5 տան նկուղ ջուր է լցվել։ Դեբեդ գետը հունից դուրս է եկել։ Ջրածածկ է եղել Ախթալա կայարանի կառամատույցը, մոտակայքում գտնվող 4 տուն վնասվել է, 5 ընտանիք տեղահանվել են։ Վայոց ձորի մարզում գետերը վարարել են, ջրածածկվել են հողամասերը։ Ռեալ վտանգ է սպառնում տներին։

Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային լանջի ձյան հալոցքի հետեւանքով հեղեղատարներից ջուրը դուրս է եկել եւ հեղեղել տնամերձ հողերը։ Այստեղ Բերդ կոչվող քարափից քարաթափման վտանգ կա։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաեւ Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, Գեղարքունիքի մարզում, հատկապես Գավառ քաղաքում, հանրապետության այլ բնակավայրերում։

Արտակարգ իրավիճակների վարչությունում ստեղծվել է օպերատիվ կառավարման շտաբ, որտեղ շուրջօրյա աշխատում են մասնագետները։ Հանրապետության մարզերից ստացված տեղեկությունները արագ մշակվում են, ձեռնարկվում անհետաձգելի միջոցառումներ։ ԱԻՎ մարզային ստորաբաժանումները, արագ արձագանքման փրկարարական ջոկատը եւ քաղպաշտպանության գունդը բերված են առաջին աստիճանի պատրաստվածության։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4