Երեկ մեր գյուղըՙ Դարուփոսը, կրկին արեւաշող տրամադրության մեջ էր. նշվում էր հերթական մի տոնՙ մայրության, գեղեցկության եւ սիրո օրը։ Երեւանից ժամանած փաստաբան Հոպեն, չնայած իր 138 կիլոգրամ քաշին, 148 րոպե խոսեց կանանց ազատագրման եւ գենդերային քաղաքականության զարգացումների մասին։ «Մեր կանայք անչափ մեծ ջանքեր են թափում կոնսոլիդացվելու եվրոպական քաղաքակրթության հիմնարար սկզբունքներին եւ լիովին ինտեգրվելու համաեվրոպական եւ համաշխարհային մշակույթին։ Դրա վառ ապացույցն են մեր գյուղի կանայք, որոնք ավելի եւ ավելի շատ են քաղաքական հարթակ դուրս գալիս ու փորձում մասնակցել երկրի կառավարման հարցերին...»։
68-ամյա կույս Վարդուշը ոչինչ չհասկացավ հարգարժան փաստաբան Հոպեի ելույթից։ Բայց դա բնավ կարեւոր չէր, ինչպես կարեւոր չէր այն, որ Հոպեին ժամանակին սխալ էր գնահատել գյուղի ոստիկանապետը։ «Այ մարդ, ինձ մոտ են ուղարկել մի բարդու ճյուղ եւ ցանկանում են, որ ես նրանից խաղող ստանամ», մի քանի տարի բողոքում էր այս ոստիկանապետը։ Բայց դա իր խնդիրն էր։ Նա Հոպեի մեջ չէր տեսնում ինչպես արհեստավարժ փաստաբանին, այնպես էլ քաղաքական հզոր գործչին... Բայց երեկ կարեւորը Հոպեն չէր, այլ այն, որ Վարդուշը շնորհավորեց աշխարհի բոլոր կանանց (բացառությամբՙ ԱՄՆ-ի)ՙ մայրության տոնի առթիվ։
Ապա ելույթ ունեցավ Հոպեի քույրըՙ Անպեն, որը խոսեց տոնի «գեղեցկություն» մասի առիթով։ Ճիշտ է, Աստված Անպեի ստեղծման ժամանակ հավանաբար հարբած է եղել, բայց դա բնավ չի խանգարում Անպեինՙ չհավանել ոչ մի կնոջ։ Նա խոսեց գեղեցկության խորհուրդների մասին եւ վերջում ասաց. «Ամեն մին կին յուրովի գեղեցկություն ունի։ Միայն պետք է, որ տղամարդն աչք ունենա այդ գեղեցկությունը տեսնելու համար»։ Դարուփոսում հավանաբար ոչ մի տղամարդ ոչ մի աչք էլ չունի։
Տոնի «սիրո» մասի վերաբերյալ իր հայացքները շարադրեց Հայկուշը, որին ոչ ոք չէր սիրել երբեւէ, եւ այդ իսկ պատճառով Հայկուշը դարձել էր բանաստեղծուհի եւ քաղաքական հոդվածներ էր տպագրում «Արայաոտն» թերթի վերջինՙ 4-րդ էջում, ռեբուսների եւ հեռուստատեսության ծրագրի արանքում։
Այսքանով կարելի էր տոնն անցկացված համարել, եթե կրկին խոսք չվերցներ մեր վսեմագույն փաստաբանի քույրը։ Նա մանրամասնորեն վերլուծեց արդի քաղաքական իրավիճակըՙ կապված տարածաշրջանային խնդիրների հետ։ «Մենք դիտորդի վիճակում չպիտի լինենք, ասաց նա, բայց եւ չպիտի խառնվենք օտար պետությունների խնդիրներին։ Մենք արդեն հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումըՙ սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին»։
Միտինգն ավարտվեց Փսոր Տաճոյի վարսակի արտի մոտ։ Բոլորը դրոշները ձեռքերին գնացին գյուղապետ Վաչոյի նստավայրըՙ կանանց առավել ազատագրում պահանջելու համար։
Դարուփոսից ստացված նամակը կարդաց
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ