Այսօր տեղի կունենա ՀՀ նախագահի երդման արարողությունը, որի ժամանակ նա ստանալու է հայոց ամենահին ձեռագիր սրբությանՙ Վեհամոր ավետարանի օրհնությունը։ 1975 թ. մատյանը Մատենադարանին է նվիրել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն։ Մատյանի գլխավոր հիշատակարանը չի պահպանվել, հետեւաբար չգիտենք գրչի եւ պատվիրատուի անունները, մատյանի ստեղծման թվականը։ Սակայն հնագրագիտական եւ ձեռագրագիտական քննությունը հաստատում է, որ մատյանը ստեղծվել է վաղ միջնադարում, առնվազն 7-րդ դարում։ Ձեռագրական այս հազվագյուտ նմուշը հնագույն ամբողջական հայերեն մատյանն է, որը հարյուրամյակներ շարունակ պահպանվել եւ մեր օրերն է հասել Արցախի Մեծ Բանանց գյուղում։ (Հայտնաբերել է Վահան եպիսկոպոսը եւ նվիրել Վազգեն Ա կաթողիկոսինՙ ի հիշատակ նրա մոր, այդ պատճառով էլ մատյանը կոչվում է Վեհամոր ավետարան)։
Ձեռագրում պահպանվել են հետագայի հիշատակարաններ։ Դրանցից մեկը վկայում է 1511 թ. կատարված նորոգման մասին։ Մատյանը նորոգվել է նաեւ 1625 թ., «ձեռամբ Շամախեցի Յովհաննէս երիցու», եւ ուշագրավ է, որ այս հիշատակարանում անվանվում է «ծեր»։ Նշվում է, որ այն Բանանցում էրՙ «Ծեր Աւետարանիս Պանանց»։ Այսինքնՙ գիրքը հայտնի էր որպես Բանանցի Ծեր ավետարան։ Այսօր մագաղաթյա սրբությունը հնագույնի իրավունքով ՀՀ նախագահի երդման արարողությանն իր ներկայությամբ օրհնում է ոչ միայն նախագահին, այլեւ մեզ բոլորիս։
Ա. Ա.