ժամանակին չիրականացվի, ապա լուրջ բարդություններ կունենանք
«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք Երեւանի մամուլի ակումբի, Ֆր. էբերտի անվ. հիմնադրամի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված եռօրյա սեմինարի ընթացքում բարձրացված մի շարք օրինագծերի շուրջ քննարկումների մասին, որոնցից առանձնահատուկը ԶԼՄ-ների օրենքն էր եւ թիվ 6-րդ արձանագրության վավերացումը, որոնք եթե մինչեւ հունիսի 1-ը չընդունվեն, ապա լուրջ բարդությունների առաջ կկանգնի Հայաստանը։
«Այդ դեպքում ի՞նչ է սպասվում» հարցին պարզաբանումներ տվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը։
¬ Որեւէ երկիր, որը գտնվում է մոնիտորինգի պարտավորությունների տակ, բնական է, կունենա մտահոգություն։ Բոլոր օրենսդրական փոփոխությունները, իրականացվել են Եվրախորհրդի մասնագետների, փորձագետների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ եւ, համապատասխան փորձաքննությունից հետո, տրվել է նրանց դրական եզրակացությունը։ Այդ ամենը խորհրդարանը հաշվի առնելով, կընդունի համապատասխան օրենսդրական ակտեր։ Իսկ ինչ վերաբերում է մահապատժի վերացմանըՙ 6-րդ արձանագրության վավերացմանը, դա քաղաքական խնդիր է, նշեց պրն Մարտիրոսյանը, եւ ուղղակի կախված է այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի քաղաքական կամքից, թե որքանով նրանք հետեւողական կլինեն իրենց ստանձնած պարտավորությունների իրականացման գործում։
¬ Իսկ եթե սահմանված ժամկետում չիրականացրի ստանձնած պարտավորությունները, ի՞նչ կարող է լինել։
¬ Եվրախորհրդի կանոնադրությունը նախատեսում է այդպիսի դեպքեր, երբ որեւիցե երկիր չի կատարում կամ շեղվում է ստանձնած պարտավորություններից (արդեն եղել են նման դեպքեր հարեւան երկրների հետ), գոյություն ունի պատժամիջոցների փաթեթ, որն ավարտվում է երկրի անդամակցության կասեցմամբ։
Պրն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ մեր քաղաքական ուժերը կդրսեւորեն համապատասխան քաղաքական հասունություն ու հետեւողականություն, որպեսզի այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք, կարողանանք արժանապատիվ ձեւով իրականացնել։
Մինչ այժմ ընթացող բոլոր գործընթացները, ուշացումներն ու ձգձգումներըՙ կապված պարտավորությունների իրականացման հետ, համաձայնեցված են Եվրախորհրդի հետ, բերվել են սահմանադրական փոփոխությունների փաստարկները։ Իսկ մահապատժի հետ կապված հարցը մինչ օրս եվրոպացիները միանշանակ չեն ընդունում, բայց լուռ են դեռ։ Նրանք տարբեր փաստաթղթերում նշել են, որ երբեք ստանձնած պարտավորություններից հրաժարվել իրենք թույլ չեն տա։ Մինչ օրս Հայաստանը տվել է որոշակի բացատրություններՙ հիմնականում կապված հոկտեմբերի 27-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ։ Մեզ հաջողվել է մեկ տարին երկարաձգել մինչեւ հունիսի 1-ը։ Այսինքնՙ մինչ այդ մենք մեր քննարկումները պետք է ավարտենք։ Հունիսի 1-ին Եվրախորհուրդը կամ արձանագրելու է, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է ստանձնած պարտավորությունները, կամՙ ոչ»։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ