«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2003-04-05 | #66, 2003-04-08 | #67, 2003-04-09


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ»

Հիմնականում զվարթ մթնոլորտում

Երեկ Սահմանադրական դատարանի նիստի շարունակությունն անցավ նույն կերպՙ ձգձգվելով, հնարավորինս ծավալվելով յուրաքանչյուր հարցի շուրջ։ Երեկ Ստեփան Դեմիրճյանի նախորդ ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկայացել էր նաեւ Թաթուլ Մանասերյանը։

Դիմող կողմը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի դատարան հրավիրվի Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը։ ՍԴ միջնորդություն ներկայացվեց նաեւ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին դատարան հրավիրելու մասինՙ պատճառաբանելով, որ մարտի 5¬11-ը հանձնաժողովը իբր որեւէ դիմում-բողոք չի ստացել, ԿԸՀ նախագահն էլ միանձնյա է որոշել դրանց հետ կապված հարցերը։

Այնուհետեւ դատարանն անցավ դիմող կողմին հարցեր տալուն։ Առաջինը հարցեր սկսեց տալ պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը։ Այս նիստում տպավորությունն այնպիսին էր, որ նիստը հնարավորինս երկարաձգելու, տեսական, աբստրակտ հարցեր քննարկելու մարտավարություն կամ ռազմավարություն է մշակել նաեւ ԿԸՀ-ն ներկայացնող կողմը։ Մասնավորապես, մի որոշ ժամանակ Տիգրան Մուկուչյանը եւ դիմող կողմի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը տեսական «դեգերումներով» փորձում էին պարզել, թե գործում ներկայացված որ նյութերն են փաստաթուղթ, որոնք են փաստական հանգամանքներ եւ դրանցից որոնք կարող են համարվել ապացույցներ։

Տիգրան Մուկուչյանին, բացի վերը նշված տեսական հարցերից, հետաքրքրում էր նաեւ, թե բողոք ներկայացնելու դեպքում վստահված անձն արդյոք պե՞տք է նշի հասցեատեր, եւ եթե չկա հասցեատեր որպես այդպիսին, որպես ինչ գնահատել տվյալ դիմում-բողոքը։ Թե օրենսդրական որ դրույթի հիման վրա Ընտրական օրենսգրքով չնախատեսված արձանագրությունները կարող են դառնալ ապացույցՙ Տիգրան Մուկուչյան-Աշոտ Սարգսյան երկխոսությունը բավականին երկար տեւեց։ Ուստի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նման ընդհանուր խոսակցությունները ոչինչ չեն կարող տալ ոչ մի կողմին։ Ուստի պետք է հարցերը դրվեն կոնկրետության մեջ, պատասխաններըՙ նույնպես։

Երբ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց կոնկրետ մեկ արձանագրության օրինակ, առանց հասցեատիրոջ, Աշոտ Սարգսյանը համաձայնեց, որ դա ապացույց չէ։ Չնայած, ըստ Աշոտ Սարգսյանի, ընտրական հանձնաժողովների նախագահները չեն ներկայացել, որի պատճառով հասցեատեր չի նշվել։

Այնուհետեւ Տիգրան Մուկուչյանը սկսեց հարցեր տալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեզ հայտնի եզրակացության մասին, հիմնականում շեշտադրելով, թե ինչ հիմունքներով կարող է նշված եզրակացությունը համարվել ապացուցված փաստը։

Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ իր համար ԵԱՀԿ դիտորդների եզրակացությունն ապացուցված փաստ է այնքանով, որ ԵԱՀԿ դիտորդներն անկողմնակալ էին եւ նրանց առաքելությունը բազմամարդ էր։ Ինչ վերաբերում է ԱՊՀ դիտորդների եզրակացությանը, ապա, ըստ Աշոտ Սարգսյանի, ԱՊՀ 26 դիտորդից բաղկացած առաքելության եզրակացությունը համեմատելի չէ ԵԱՀԿ 200 դիտորդների տված գնահատականին։

Այնուհետեւ հաջորդաբար Տիգրան Մուկուչյանը եւ Աշոտ Սարգսյանը հարց ու պատասխանի միջոցով փորձում էին պարզել, թե Ընտրական օրենսգրքում առկա «ընտրության արդյունք» եւ «քվեարկության արդյունք» հասկացություններն ինչով են տարբերվում։ Ապա կողմերն անդրադարձան քարոզչություն հասկացությանը, եւ արդյոք իր կարծիքն արտահայտելու սահմանադրական նորմի խախտում չէ՞, երբ պահանջներ են ներկայացվում ոչ պետական լրատվամիջոցներին։

Տիգրան Մուկուչյանի այն դիտարկմանը, որ մասնավոր մամուլը կարող է արտահայտել իր կարծիքը, Աշոտ Սարգսյանը համաձայնեց վերապահումով, եթե հակասություն չլինի Ընտրական օրենսգրքի հետ։

Մի որոշ ժամանակ կողմերը ծախսեցին նաեւ պարզելու համար, թե ով է համարվում պետական մարմնի աշխատակից, արդյոք պատգամավորը, նախարարը քաղաքական պաշտոններ չե՞ն եւ այլն։ Այս հարցի քննարկման ժամանակ Աշոտ Սարգսյանը, հավանաբար կարեւորելով իր սկզբունքային լինելը, նշեց, որ հենց սկզբունքորեն չի ծանոթանում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, այն համարելով հակասահմանադրական։

Կողմերն անդրադարձան նաեւ ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի արդյունքներին։

Տիգրան Մուկուչյանին հետաքրքրում էր, թե որքանով կարող է արժանահավատ լինել շահագրգիռ անձի անցկացրած մոնիտորինգի արդյունքը, եթե ոչ ԵԱՀԿ-ինն է, ոչ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությանը։ Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ թեեւ իրենք ունեն իրենց սեփական դիտարկումները, դատարանում ներկայացվել է հենց «Ընտրությունը քոնն է» կազմակերպությանը տրամադրած արդյունքները։

Չնայած հարցի պատասխանով պրն Մուկուչյանը բավարարվեց, բայց ստիպված եղավ այդ մասին կրկնել մի քանի անգամ, քանի որ Ստեփան Դեմիրճյանի մյուս ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ցանկանում էր հավելել ասվածին։

Պատասխանող կողմը շարունակեց հարցնել, թե դիմող կողմը կարո՞ղ է նշել որեւէ անձ կամ կառույց, որոնք խոչընդոտել են քարոզարշավըՙ տարածք չտրամադրելով, պետական պաշտոնյաներ, որոնց օրենքով չի թույլատրվում անհատապես քարոզչություն ծավալել։ Դիմող կողմը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց։

Հարց ու պատասխանից այնուհետեւ պարզ դարձավ, որ քվեատուփերը լցնելու դեպքերի մասին ահազանգեր են ստացվել հեռախոսով, որոնց Աշոտ Սարգսյանը վստահում է։ Իսկ որ դիմում-բողոքներ են ներկայացվել վստահված 3 անձի ստորագրությամբ, մինչդեռ պետք է լիներ մեկը, ըստ Աշոտ Սարգսյանի, պետք չէ վստահ լինել, որ մյուս երկուսը եղել են վստահված անձինք։

Քիչ էլ խոսելով կնիքների թաց լինելու եւ նախկինում դրանց չորացվելու մասին, պատասխանող կողմն ավարտեց իր հարցերը։ Հարցեր սկսեցին տալ Սահմանադրական դատարանի անդամները, ընդհանուր առմամբ ճշգրտող։

Երեկ դատարանը բավարարեց երկու միջնորդություն, համաձայն որոնց դատարան կհրավիրվի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը եւ դատախազությանը կպարտավորեցվի եռօրյա ժամկետում պարզել, թե Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց նշած 32 տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների տվյալները համապատասխանո՞ւմ են արդյոք ԿԸՀ ունեցած տվյալների հետ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4