«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2003-04-05 | #66, 2003-04-08 | #67, 2003-04-09


ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՍԱՎ-ՕՆ-ՄՈՆՈԼԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՆԵԼ «ԱՐՄԻՆԿՈ» ԲԲԸ-Ն

ԵՐԵՎԱՆ,8 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան «Սավ-Օն-Մոնոլայն» ընկերությունը պատրաստվում է լուրջ ներդրումներ կատարել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայումՙ գնելով ՀՀ-ում ինտերնետային կապի ապահովման առաջատար «Արմինկո» բաց բաժնետիրական ընկերությունը։ Վերջինս, որ ներկայումս սպասարկում է ՀՀ եւ ԼՂՀ Ինտերնետ կապից օգտվողների 2/3-ին, ըստ միջազգային անկախ աուդիտորների, ունի 3,7 մլն ԱՄՆ դոլար գնահատվող հեռահաղորդակցական կապի ապահովման ենթակառուցվածք։ «Սավ-Օն-Մոնոլայն» ընկերությունն իր գոյության 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ից բացի հասցրել է հեռահաղորդակցության ոլորտում ներդրումներ կատարել նաեւ Բելգիայում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Գանայում։ Ձեռք բերելով Հայաստանի ինտերնետային շուկայի առաջատար ձեռնարկությունը, ընկերությունը նպատակ ունի առաջիկա 5 տարիների ընթացքում այնտեղ եւս 7,3 մլն դոլար ներդրում կատարելու միջոցով հանրապետության ինտերնետային ապահովման ցանցը բարձրացնել համաշխարհային զարգացման մակարդակի։

Ինչպես նշեց «Սավ-Օն-Մոնոլայն» հիմնադիր նախագահ Հրանտ Դաղստանյանը, իրենք այդ քայլով բոլորովին չեն հավակնում մենաշնորհային դիրք գրավել Հայաստանի ինտերնետային շուկայում, այլ պարզապես ուզում են որակապես նոր աստիճանի հասցնել ինտերնետային ծառայությունների մատուցման մակարդակը ՀՀ-ում։

Մասնավորապես նախատեսվում է ոչ միայն կտրուկ ընդլայնել ինտերնետային կապից օգտվողների շրջանակըՙ ընդգրկելով նաեւ հանրապետության գյուղերն ու փոքր քաղաքները, այլեւ էականորեն բարելավել ինտերնետային սպասարկումների որակն ու ներդնել հեռահաղորդակցային ծառայությունների նորՙ այսօր դեռեւս Հայաստանում գոյություն չունեցող տեսակներ։ Ներդրումային ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա նաեւ հինգ տարի հետո արդեն շուրջ 5 անգամ իջեցնել այսօր Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների գինը։

«Արմինկո» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ, իրենց բարձր վարկանիշի շնորհիվ այսօր ընկերության բաժնետոմսերի ձեռք բերումով շահագրգռված են նաեւ մի քանի այլ ընկերություններ (մասնավորապեսՙ ֆրանսիական «Ալ Կատելը»), սակայն «Սավ-Օն-Մոնոլայն» ընկերության առաջարկը մի շարք առումներով նախընտրելի է, քանի որ վերջինս ունենալով հայկական ծագում, կենսականորեն շահագրգռված է հեռահաղորդակցության հայկական ցանցի իրական զարգացման գործում։ Նշանակալի ներդրումներ անելուց զատ, այս ընկերությունը ոչ միայն չի պատրաստվում փոխել «Արմինկոյի» նախկին կարգավիճակը, այլեւ առաջիկա 2-3 տարիներին երաշխավորում է վերջինիս գործող աշխատակազմի եւ տնօրինության պահպանումը, քանի որ բարձր է գնահատում նրանց մասնագիտական որակը։ Ավելին. առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է ավելացնել եւս շուրջ 300 աշխատատեղ, այդ թվումՙ հնարավորություն կստեղծվի աշխատանքով ապահովել մոտ 100 բարձր որակավորում ունեցող ծրագրավորողների եւ վերլուծաբաններիՙ նպաստելով հանրապետությունից ուղեղների արտահոսքի կանխմանը։ Կատարելագործվելու է նաեւ ընկերության կառավարման համակարգըՙ ուղղորդվելով դեպի մատուցվող ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումը։

Այս գործարքի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, ինչպես հավաստեցին երկու ընկերությունների ղեկավարները, որ արդյունքում հայկական ընկերությունը չի վերածվում զուտ ամերիկյան ձեռնարկության։ «Արմինկոյի» ներկայիս բաժնետերերին հնարավորություն է ընձեռվելու դառնալ ամերիկյան ընկերության բաժնետերեր եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի առաջիկա 5-10 տարիների ընթացքում նորացված «Արմինկոյի» գործունեությունից ստացվող ողջ շահույթը ծախսվի հենց նույն ընկերության զարգացման վրաՙ դուրս չգալով հանրապետությունից։

Գործարքի կողմերի համոզմամբ, հանրապետությունում ստեղծված քաղաքական կայունությունը եւ իրենց կողմից որդեգրած մոտեցումը թույլ կտան Հայաստանը վերածել ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների վրա հիմնված հեռահաղորդակցական ծառայություններ մատուցող տարածաշրջանային առաջատար կենտրոնի, որը կունենա նաեւ ոլորտի կադրերի պատրաստման ազգային դպրոցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4