ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հանրապետության որոշ մարզերում հեղեղումների հետեւանքով առաջացած իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց հիմնականում արձանագրվում է ջրի մակարդակի իջեցում։ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ կառավարման շտաբն ուշադրությամբ հետեւում է հատկապես Արագածոտնում, Սյունիքում, Տավուշում եւ Գեղարքունիքում ծավալվող իրադարձություններին, որոնց ռելիեֆային պայմանները, բազմաթիվ վտակներով գետերը պարզապես խթանում են հորդացումները։ Հայաստանի տարածքի մի զգալի հատվածին հարվածած տարերային աղետի դեմ միաբանվել են տեղական համայնքների, գյուղնախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուժերը։ Ի՞նչ վտանգներով է հղի իրավիճակը, ի՞նչ կանխատեսումներ են անում մասնագետները։ «Ազգի» հարցերին պատասխանում է Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության վարչության տարերային աղետների վտանգի գնահատման բաժնի պետ Կարեն Դուրգարյանը։
¬ Անկասկած, առաջին հերթին պիտի հետազոտվի ջրամբարների վիճակը։
¬ Ջրամբարների վիճակը վերահսկում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն, բոլոր ջրամբարների մոտ խիստ հերթապահություն է սահմանվել։ Ոչ լավատեսական կանխատեսումներ կան, որ Հրազդան գետի, Մարմարիկի հորդացումները կարող են այնքան ուժգնանալ, որ Աղբյուրակի ջրամբարից բացթողումների հետեւանքով սպառնալից վիճակ ստեղծվի Հրազդան գետի առափնյա գյուղերիՙ Բջնի, Արզական, Քարաշամբ եւ այլն, նաեւ Արարատյան դաշտի որոշ գյուղերի համար։
Այս պահին կարեւորը ջրամբարներից ջրի բացթողումների կարգավորումն է, նորմայի սահմաններում պահելը։ Մեր մասնագետներն այցելել են բոլոր վտանգավոր ջրամբարները, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը, անհրաժեշտ տեխնիկա է հավաքվել կասկածելի հատվածներում։ Առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես պատվարների ամրությանը։ Մասնագետները պետք է զգոն լինենՙ չսխալվելու, թե ե՞րբ, ո՞ր պահին ինչքա՞ն ջուր պետք է բաց թողնել, որպեսզի վտանգը շրջանցվի։ Նույն զարգացումներն են կանխատեսվում նաեւ Երեւանյան լճի համար։ Եթե դարձյալ Աղբյուրակի ջրամբարից մեծաքանակ ջուր հասնի Երեւանյան ջրամբար, հետո լցվի լիճ, նույն բանն էլ այստեղ է սպասվում, եւ այստեղ էլ հերթապահություն է սահմանվել։ Իբրեւ խնդրի լուծման տարբերակ առաջարկվում է այդ ջրերը բաց թողնել կամ Արզնի-Շամիրամ, կամ Էջմիածնի ջրանցքով, որպեսզի մինչեւ Երեւանյան ջրամբար հասնելը լարումը թուլանա։ Ընդհանրապես բոլոր անհրաժեշտ հաշվարկներն արվում ենՙ ճշգրտելու, թե վթարների դեպքում ո՞ր ջրամբարի հետ կապված ինչ միջոցառում պետք է իրականացնել։
¬ Որքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը։
¬ Մենք անընդմեջ կապ ենք պահպանում հիդրոօդերեւութաբանների հետ, օրը 2 անգամ տեղեկություն են տալիս մեզ գետերում առկա ջրի քանակի վերաբերյալ եւ, ըստ այդ տվյալների, մի քանի գետերում կամ ընդհատվել, կամ նվազել է ջրի մակարդակի բարձրացումը։ Նրանք տեղեկացնում են նաեւ, որ մի քանի օր անց հեղեղի ընդգրկած հիմնական հատվածներում ջերմաստիճանը 4¬8 աստիճանով կիջնի, եւ հեղեղումները կդադարեն։
¬ Ինչքա՞ն բնակչություն է տարհանվել հեղեղված եւ հեղեղման ենթակա տարածքներից։
¬ Տարհանվել են Շիրակի մարզի 42, Գավառ քաղաքի 30, Իջեւանի 17, «Ախթալա» երկաթգծի կայարանամերձ տների բնակիչներ։ Ջուրը լցվել է այդ տների նկուղները, առաջին հարկերը, դրանք բնակության համար անպիտան դարձրել, ջրածածկել վարելահողերը, վնասել էլեկտրասնուցման ենթակառուցվածքները, առափնյա հատվածներին մոտ տնամերձերը։ Այս պահին մենք առաջարկ ենք ներկայացրել կառավարությունՙ տարհանելու նաեւ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 10 տների բնակիչների։
¬ Անցյալ տարի գարնանը դարձյալ հեղեղում եղավ այդ տարածքում եւ կրկին բնակիչները տեղահանվեցին։
¬ Այո, այստեղ գործում է մեծ սողանք, որ աստիճանաբար տեղաշարժվում է դեպի Աղստեւի հունը, եւ մոտակա բնակավայրերի ջրածածկման սպառնալիք ստեղծում։ Հաղարծնի սողանքը լավ ուսումնասիրվել է, բայց ամրացման միջոցառումները ֆինանսների պատճառով դադարեցվել են։ Արդեն 7 տարի ոչինչ չի արվում, իսկ դա չափազանց վտանգավոր է, եւ սողանքն իր գործն անում է։
¬ Հանրապետության տարածքի մեծ մասը վարակված է սողանքներով...
¬ Հենց այսօր տեղեկություն ենք ստացել, որ ակտիվացել է նախկին Ղուրղուն, այժմ Հովք գյուղի սողանքը (Տավուշի մարզ)։ Այն մեծ վնասներ է պատճառել հատկապես Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածին, որն անընդհատ ձեւախախտվում է, նորոգվում է, նորից ձեւախախտվում։ Ակտիվացել են մի քանի սողանքներ նաեւ Իջեւանի եւ Կարմիրի կողմերում։ Այս ամենի պատճառը ձյան հալոցքը, անձրեւներն ու հորդացումներն են։ Ստացվել են Լոռու եւ Տավուշի մարզերի մարզպետների նամակ-ահազանգերը, այսօր խմբեր ենք ուղարկելու այդ մարզերը։ Իրավիճակի մասին անընդհատ տեղեկացնում են նաեւ մեր մարզային կառույցները։
Վնասի չափերը դեռեւս ճշտված չեն, տվյալները հստակեցվում են։
Ըստ Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների, հեղեղումներից տուժել են 36 քաղաքային ու գյուղական համայնքներ, ջրածածկվել են 3755 հա վարելահողեր, թակարդում է հայտնվել 200 գլուխ անասուն։ Նոր հեղեղումների կանխարգելմանը եւ արդեն կատարվածի հետեւանքների վերացմանը լծվել են Արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման մարզային ստորաբաժանումները եւ հրշեջ զորամասերը, 53 միավոր ինժեներական տեխնիկա։