Վերջերս լրացավ Երեւանի քաղաքապետարանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնի 15-ամյակը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում թատերական բազմաթիվ օջախներ է շենացրել. 1957 թ. վերակազմակերպել է Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Գորիսումՙ պետական դրամատիկական թատրոնը, 1959 թ. Շուշիում ակտիվորեն մասնակցել է տիկնիկային թատրոնի հիմնադրմանը, որը ներկայումս կոչվում է իր անվամբ։ Գործունեության շրջանակները ծավալվել են նաեւ արտերկրում. 1953 թ. Վիեննայում կազմակերպել է հայկական թատերական օջախ։ Ճանաչված արվեստագետի հետ զրույցը սկսվեց թատրոնի ներկա գործունեությունից։
¬ Այժմ ակտիվ ստեղծագործական վիճակում է թատրոնը։ Յուրաքաչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի հանդես ենք գալիս տարբեր ներկայացումներով։ Օրերս առաջին անգամ նշվեց տիկնիկային թատրոնի միջազգային տոնը։ Մենք բարեգործական հիմունքներով Խարբերդի մանկատան երեխաների համար ներկայացումներ ցուցադրեցինք։
¬ Ի՞նչ դժվարությունների հետ եք առնչվում։
¬ Ամենամեծ դժվարությունը մենակությունն էՙ մենակ ես քո դաշտի հետ, դեմ-դիմաց։ Թիկունքում ոչ ոք չկա։ Չենք հետաքրքրում նրանց, ովքեր կոչված են օժանդակելու մեզ։ Ցավալի է ուշադրության բացակայությունը եւ չգնահատված լինելը, մնացած ամեն դժվարություն տանելի է։
¬ Արվեստագետի ասելիքը տիկնիկային թատրոնում եւ մեծ բեմում ինչո՞վ է տարբերվում։
¬ Առանձնահատուկ տարբերություն չկա։ Տիկնիկայինում երեխաներ ենք դաստիարակում, իսկ մեծ բեմում մեծ մարզադաշտի չափանիշներն են գործում։ Մենք առաջնորդվում ենք Ստանիսլավսկու խոսքերով. «Երեխաների համար պետք է խաղալ այնպես, ինչպես մեծերի համար, գուցե թեՙ ավելի լավ»։
¬ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այսօրվա երիտասարդ արվեստագետի մասին։
¬ Ճիշտ է, տաղանդը չի պակասել, ստեղծագործական ազատությունը կա, բայց այսօր մեր երիտասարդությունն առնչվում է երկու հիմնական դժվարությունների։ Առաջինը հնարավորությունների պակասն է, երկրորդըՙ աշխարհի հետ համաչափ քայլելու մարմաջը, որը, սակայն, շփոթեցնում է. պարզ ընդօրինակումը հակառակ արդյունքն է տալիս։ Վատ է, երբ ընդօրինակում ենք։ Մեր արվեստի չափանիշներով հարմարվենք, բայց ոչ ընդօրինակենք։
¬ Ո՞րն է մտավորականի դերը երկրի համար դժվարին ժամանակներում։
¬ Մտավորականը կուսակցությունից պետք է ընդհանրապես հեռու լինի, որովհետեւ դա ենթադրում է քաղաքականություն։ Հատկապես թատրոնի աշխատողը քաղաքականության հետ գործ չպետք է ունենա։ Մտավորականը հասարակության մեջ դատավորի դեր ստանձնողն է։ Նա պետք է օրինակ ծառայի բոլորին եւ շարունակի իր գործն այն ասպարեզում, որի զինվորն է ինքը։
ՆԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ