ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանեաք,
Որպես օրէն է թագաւորաց...
Հատու հնչում է շեփորների ձայնը, ազդարարելով պատմական պահը։ Զինվորական քայլերգի հնչյունների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանը մտնում է կառավարության նիստերի դահլիճ, ուր պիտի գումարվի ԱԺ հատուկ նիստը։ Մեծ սրահը զարդարված է զուսպ ու նրբաճաշակ։ Երեկ այստեղ կայացավ կարեւորագույն իրադարձությունՙ ՀՀ նախագահի երդման արարողությունը։ Ներկա էին քաղաքական, մշակութային, հոգեւոր ասպարեզի ճանաչված դեմքեր, գործարարներ, բարձրաստիճան զինվորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներՙ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, ՀՀ-ում Ռուսաստանի, Լիբանանի, Գերմանիայի, Իրանի Իրաքի, Սիրիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների դեսպանները։ Դահլիճ բերվեց Հայաստանի պետական դրոշը, իսկ Սահմանադրական դատարանից ու Մատենադարանիցՙ ՀՀ սահմանադրության մայր օրինակն ու VII դարիՙ Վեհամոր ավետարանը, որոնք հետո կողք-կողքի դրվեցին հատուկ այդ նպատակին ծառայող պատվանդանի վրա։ ԱԺ հատուկ նիստին մասնակցում էր 83 պատգամավոր, մնացյալները չէին կամեցել ներկա լինել հանդիսությանը, թեեւ կային նաեւ ընդդիմության թեւին պատկանող պատգամավորներ։ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ բերելու շնորհն ընձեռվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին։
Իր երկրին ու ժողովրդին երդվելու հրավիրվեց Ռոբերտ Քոչարյանը։
Աջ ձեռքը դնելով սահմանադրության եւ սուրբ մատյանի վրաՙ նախագահը խոստանում է «անվերապահ կատարել սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունըՙ ի փառս մեր հայրենիքի եւ ի բարօրություն ժողովրդի»։ Հայրապետական օրհնանքի խոսք է ասում Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա հիշեցրեց Պողոս առաքյալի պատգամըՙ «Զի դուք ազատության կոչեցեալ եք, սիրով ծառայեցեք միմյանց»։ Պողոս առաքյալի օրինակով, Հայոց հայրապետը միաբանության ու եղբայրասիրության կոչեց հասարակությանը, ամենքին եւ յուրաքանչյուրին, ովքեր հուզումի ու անհանգստությունների դժվար օրեր էին ապրել ընտրությունների ընթացքում։ Կաթողիկոսը կամեցավ, որ այդ իրողությունն իմաստնացնի յուրաքանչյուրին, խորհել տա միայն հայրենիքի շահի գիտակցումով, քանի որ «հայրենիքը յուրաքանչյուրս ենք»։ Երկիրն ու ժողովուրդն այսօր կանգնել են բազմաթիվ հրամայականների դեմ-հանդիման, եւ դրանց լուծման ակնկալիքը նրանք տեսնում են նորընծա նախագահի մեջ։ Հայրապետը մաղթեց անշեղ ընթացք եւ տիրոջ օգնականությունը հայցեց նրա համար։
Երդմնակալության արարողությունից հետո նոր ձեռնադրված պետության ղեկավարն ուղերձով դիմեց ժողովրդին։ Նրա խոսքը ընտրական ու նախընտրական բարդ ժամանակաշրջանի սեղմ վերլուծություն ու գնահատանք էր։ Նա նշեց, որ այդ ընթացքում քաղաքական կուսակցությունների հակամարտությունը վերաճեց պառակտումի ու դիմակայության, իսկ «պառակտված ազգի հնարավորությունները բազմապատիկ սահմանափակ են»։ Իբրեւ կարեւոր եզրահանգում այդ շրջանից, Ռ. Քոչարյանն ընդգծեց իշխանությունների կողմից հասարակությանը հաշվետու լինելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում խզումը մեծանալու է։ Բարեփոխումներն ու նախաձեռնությունները պետք է շարունակվեն սոցիալական, քաղաքական, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտներում։ Նորընտիր նախագահը վերահաստատեց, որ մտադիր է հետեւողականորեն իրագործել նախընտրական ծրագիրը։ Այն դառնալու է գործողությունների ծրագիր առաջիկա 5 տարվա համար։
Հանդիսությունից հետո
Մեր հանրապետությունում արդեն չորրորդ անգամ կայացած արարողության մասնակիցներին ճեմասրահում սպասում էր հանդիսավոր հյուրասիրություն։ Առաջինը փորձեցինք հասու լինել ՀՀ առաջին տիկնոջ ապրումներին։
¬ Նախագահն այսօր ի՞նչ տրամադրությամբ դուրս եկավ տնից։
¬ Պատասխանատվության մեծ զգացումով։ Հուզված էր, իհարկե, բայց արտաքուստ շատ հանգիստ էր թվում, այդ հուզմունքը միայն շատ մոտիկ մարդը կարող էր զգալ։ Ես ինքս էլ շատ ուրախ եմ ու հուզված, ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի Հայաստանում եւ, ինչպես նախագահն ասաց, բոլորս լավատես լինենք ու միասին աշխատենք։
Լրագրողների մի մեծ խումբ շուրջկալել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն ընդդիմության ներկայացուցիչների եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը գնահատեց այսպես. «Շատ վատ երեւույթ է, իհարկե։ Լավ կլիներ, որ բոլորը ներկա լինեին, եւ մենք կարողանայինք աշխարհին ցույց տալ, որ քաղաքակիրթ ու ժողովրդավար պետություն ենք։ Դժբախտաբար այդպես չեղավ, բայց վստահ եմ, որ այդ օրերն էլ կգան»։ Իսկ «զուտ հոգեբանական առումով արարողությունը չե՞ն մթագնում Սահմանադրական դատարանում ընթացող վիճարկումները» հարցին արտգործնախարարը պատասխանեց. «Կարծում եմՙ ոչ։ Դա արդեն սահմանադրական խնդիր է, եւ հենց Սահմանադրական դատարանը, ելնելով սահմանադրությունից, պետք է որոշի, թե հաջորդ քայլն ի՞նչ է լինելու։ Բացարձակապես հոգեբանական խնդիր էլ չկա, որովհետեւ Քոչարյանի հաղթանակը համոզիչ է եւ որեւէ կասկածի տեղիք չի տալիս։ Եթե որոշ անկատարություններ էլ եղել են, ապա դրանք ընդհանուր արդյունքների վրա, ինչպես բոլորն են կարծում, չեն ազդել»։
Ռամկավար Ազատական կուսակցության նախագահ Ռուբեն Միրզախանյանը նշանակալից այդ օրը բնութագրեց իբրեւ մեծ խորհրդի օր եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիները կդառնան Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, տնտեսական աշխուժացման ժամանակաշրջան։ Նա հավաստեց, որ այդ ընթացքում էլ կուսակցության գործունեությունը խիստ կառուցողական, իսկ գլխավոր նպատակը ժողովրդի կենսակերպի բարելավումն է լինելու։
Նախագահի ձեռնադրման արարողությանը հրավիրվել էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Նախագահի խոսքը պարտավորեցնող էր, ես ինքս էլ պարտավորված եմ զգում մասնակցելու երկիրը կառուցելու նրա կոչին։ Եվ ոչ միայն ես, այլեւ Ռուսաստանի ողջ հայ համայնքը բազում ծրագրեր ունենք եւ կոնկրետ գործերով կապացուցենք մեր խոստումներն ու կարողությունը։ Պրոբլեմները միասին պիտի լուծենք»։
Երեկոյան հանդիսությունները շարունակվեցին հանրապետության հրապարակումՙ տոնական համերգով ու հրավառությամբ։
Հ. Գ. Օրվա տոնական տրամադրությունը փչացրեց լրագրողների եւ կառավարության նիստերի դահլիճը չորս կողմից շրջապատած ոստիկանների հակամարտությունը։ Նիստերի դահլիճ մարդկանց մուտքը վերահսկող ոստիկանների ոչ մի խումբ չուներ արարողությանը մասնակցելու թույլտվություն ստացած լրագրողների ցուցակը, եւ վերջիններիս ոչ մի կերպ չէր հաջողվում համոզել նրանց, որ իրենց հրավիրել են հանդիսությունը լուսբանելու եւ ամենեւին... ահաբեկիչներ չեն։
Ի վերջո հարկ եղավ դիմել նիստերի դահլիճ ուղեւորվող պատգամավորների եւ նախարարների օգնությանը։ Սակայն ներսում էլ լրագրողներին անակնկալ էր սպասում. նրանց թույլատրվեց արարողությանը հետեւել միայն նախասրահում տեղադրված մեծ հեռուստացույցի էկրանից։