«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2003-04-08 | #67, 2003-04-09 | #68, 2003-04-10


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ-ԻՆ ԾԱՌԱՅԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ

Հակառակ դեպքում ճնշում չէր գործադրի նրա վրա

Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը վերընտրվելուց հետո լեգիտիմության հարցի շուրջ առաջացած քաղաքական շիկացումների կապակցությամբ այն կարծիքն էր հայտնել, թե ընդդիմությունը շատ ավելի ճիշտ կանի, եթե այդ հարցի պարզաբանման հնարավորություն ընձեռի երկրի բարձրագույն արդարադատության մարմնինՙ Սահմանադրական դատարանին։ Սկզբնական շրջանում նրա այդ հայտարարությանն ընդդիմությունը բավականին կոշտ արձագանքեց, ինչպես բոլոր դեպքերում, համարելով, թե իշխանություններից կախման մեջ գտնվող ՍԴ-ին դիմելն իրենց կողմից ավելորդ ժամավաճառություն կլինի, իսկ նախագահը դրանով կապացուցի միայն իր լեգիտիմությունը։

Իհարկե, նման որակումներից զերծ մնաց միայն մեկ այլ երդվյալ ընդդիմադիր նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը, որն ընտրությունների առաջին փուլի ավարտից անմիջապես հետո դիմեց Սահմանադրական դատարանՙ կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Թերեւս հենց այդ հարցի քննարկման ընթացքում էր, որ ընդդիմությունը վերանայեց իր մոտեցումները եւ որոշեց հետեւել Գեղամյանի օրինակին։ Ի դեպ, այս տեսակետից հետաքրքրական հիմնավորում ներկայացրեց «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանը հերթական հանրահավաքներից մեկի ժամանակՙ ուղղակիորեն հայտարարելով, թե իրենք վստահում են Սահմանադրական դատարանին այն նկատառումով, որ վերջինս ընտրական կեղծիքներին չի մասնակցել, զերծ է մնացել քաղաքականացվելուց։ Եթե հետեւողական լինենք, ապա հասկանալի կդառնա, որ հիմնավորումը շատ թույլ է, քանի որ ոչ մի կերպ չի համընկնում իրենց իսկ նախնական գնահատականներին, իսկ դիրքորոշումներում հազիվ թե հեղաշրջումներ կատարված լինեին։ Բացի դրանից, ընդդիմադիրներին հույս էր ներշնչել ՍԴ-ի կողմից ե՛ւ Ա. Գեղամյանի, ե՛ւ Ստեփան Դեմիրճյանի դիմումներին ընթացք տալու պատրաստակամությունը։

Սահմանադրական դատարան դիմելովՙ ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե հետամուտ է խնդիրն իրավական հարթության մեջ քննարկելու քաղաքականությանը եւ լրջորեն է նախապատրաստվելու դատական գործընթացներին։ Վերջինիս առումով պետք է նշել, որ բավականին աշխատանք է տարվել։ Բավական է միայն նշել, որ Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում է փորձառու փաստաբան Աշոտ Սարգսյանը Վիկտոր Դալլաքյանի հետ, որոնց ներկայացրած փաստական հիմնավորումները պրոֆեսիոնալիզմի տեսակետից ավելի կուռ են, քան Գեղամյանի դեպքում էր։

Սակայն, երբ սկսվեցին բուն դատական լսումները, պարզվեց, որ հերթական անգամ պրոֆեսիոնալիզմը ծառայեցվելու է քաղաքական խուսավարումների համար։ Խնդիրն այն է, որ հենց առաջին օրը դիմող կողմը հանդես եկավ մի քանի այլ միջնորդություններ ներկայացնելու հայտարարություններով, ինչը պատասխանող կողմը որակեց որպես դատական գործընթացներն աննպատակ երկարաձգելու միջոց։ Այս իրողությունը գուցե համարեինք պատասխանող կողմիՙ տվյալ դեպքում ՀՀ արդարադատության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսպես կոչված տակտիկական քայլը, եթե մյուս դատական նիստի ընթացքում ընդդիմության փաստաբանները չսկսեին իրենց ելույթի իսկապես անհարկի երկարաձգումները, որոնք ամենայն հավանականությամբ դեռ կշարունակվեն որոշ ժամանակահատված եւս։

Թե կոնկրետ որն է նման երկարաձգումների պատճառը, կարելի դատել քաղաքական ասպարեզում ընդդիմության ձեռնարկած միջոցառումների տրամաբանությունը դիտարկելիս։ Բավական չէ, որ սկսվեցին տարատեսակ կարծիքներ տարածվել Սահմանադրական դատարանի կայացվելիք վճռի արդարացի կամ անարդարացի լինելու հավանականության մասին, ինչը դեռ մի կերպ տանելի է, ընդդիմությունը հարկ համարեց նաեւ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբՙ ուղղված հենց ՍԴ-ին, որում նշվում էր, թե հուսով է, որ իր վճռով վերջինս կդատապարտի ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումները, այսինքնՙ որոշում կկայացնի հօգուտ իրենց։ Եթե, ասենք, իշխանությունը ներկայացնող որեւէ քաղաքական ուժ նման հայտարարությամբ հանդես գար, հենց ընդդիմությունը կսկսեր աղաղակել, թե իշխանություններն այդ կերպ փորձում են ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա։ Եվ իսկապես էլՙ նման ցանկացած հայտարարություն հենց նման նպատակ է հետապնդում, անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը։ Փաստորեն ընդդիմադիրները, չգիտես որ հիմնավորմամբ, իրենց վեր դասելով այս ամենից, ուղղակի ճնշում են գործադրում ՍԴ-ի վրա, հետագայում վերջինիսՙ իրենց համար ոչ ձեռնտու որոշումը կայացնելու դեպքում ՍԴ-ին իշխանությունների պատվերը կատարելու մեջ իրենց մեղադրանքներ հնչեցնելը արդարացնելու եւ դրա հենքի վրա էլ կառուցելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ քարոզարշավի տրամաբանությունը։ Ավելորդ չէ այստեղ նշել, որ չնայած ընտրությունների արդյունքներն իրավական հարթությունում վիճարկելու ընդդիմության պատրաստակամությանը, այնուամենայնիվ, վերջինս շարունակում է իր հանրահավաքային գործելաոճը, թեեւ միամտորեն կարծում էինք, թե դատական գործընթացների եւ հանրահավաքային ելույթների միջեւ, զուտ արդարությանը հասնելու տեսակետից, սովորաբար հսկայական տարբերություններ են լինում։

Այսինքնՙ այս հանգամանքը եւս փաստում է, որ դատական գործընթացներում ընդդիմության գործադրած մարտավարությունը գլոբալ նախընտրական ռազմավարության մի շատ կարեւոր մասն է միայն, որը հիանալիորեն կատարում են դրանում ներգրավված իրավաբաններն ու քաղաքական գործիչները։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4