«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2003-04-08 | #67, 2003-04-09 | #68, 2003-04-10


ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԱՍՊԵՏԻ ԿԱՐԳԻ ՇՔԱՆՇԱՆ ՇՆՈՐՀԵՑ ԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

Պատվաբեր պարգեւատրումը գնահատանք է Արա Ահարոնյանինՙ հայ կաթողիկե համայնքին նվիրվածության, հայրենիքում եւ սփյուռքում ծավալած հայրենանվեր գործունեության համար, հատկապես իբրեւ գնահատանք այն նվիրատվության, որով վերանորոգվել է Բեյրութի հայ կաթողիկե պատրիարքարանի շենքը։

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 17-ին Փարիզում։ Շքանշանը հանձնել է հայ կաթողիկե պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը։ Նա Հովհաննես Պողոս Բ պապի սերն ու օրհնությունն է փոխանցել, մաղթել նույն եկեղեցասեր եւ ազգասեր ոգով շարունակել հայ ազգի եւ հայ կաթողիկե համայնքի բարգավաճմանն ուղղված աշխատանքը։ Արարողությանը ներկա են եղել սփյուռքահայության ճանաչված գործիչներ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանը, փոխատենապետ Վարդան Ուզունյանը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի պատասխանատու քարտուղար, ռամկավար Արա Ահարոնյանն իր բարեգործական գործունեությամբ հայտնի է դեռեւս 88-ի երկրաշարժից հետո, երբ հայրենիք էր բերում հաշմանդամների սայլակներ։

Արա Ահարոնյանն այն բարերարներից է, որ հասկացել է Արցախի վերաբնակեցման ծրագրի կարեւորությունը։ Արդեն երկու տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի կառույցի միջոցներով վերականգնվում է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղը, որտեղ Գավառից վերաբնակեցված շուրջ 20 ընտանիքների համար առանձնատներ են կառուցվել։ Այժմ կառուցվում են համայնքի դպրոցն ու նախադպրոցը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4