«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2003-04-08 | #67, 2003-04-09 | #68, 2003-04-10


ՄԵԶ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻՆՙ ՄԻ ՀԱՅԱՑՔ

Արմեն Շեկոյանը պոեզիա եկավ իր ուրույն կեցվածքով, խոսքի ուրույն հնարագիտությամբ։ Ոչ մեկից չեկավ եւ ոչ մեկի տեղը գրավելու չեկավ։ Իր պոեզիայի համար տեղ ստեղծեցՙ Արմեն Շեկոյանի պոեզիայի տեղը։ Ոչ մի կապանքի ու պարտադրանքի չի ենթարկվում (բանաստեղծ է), ոչ մեկին չի ուզում նմանվել (բանաստեղծ է), գրականությունից բացի ուրիշ ոլորտ չի մտնում (բանաստեղծ է)։ Քաղաքային պոեզիայի տերն է նա, եթե կարելի է այսպես բնորոշել Արմեն Շեկոյանի պոեզիան։

Ամեն մեկի հետ կարելի է հարցազրույց վարելՙ քաղաքական գործչի, երգող-պարողի, կին-ատամնատեխնիկի հետ։ Բայց բանաստեղծի հետ հարցազրույցը, եթե անգամ այն մտածել է ինձ համար անչափ թանկ մի մարդ՛ չեմ հասկանում։ Արմեն Շեկոյանին ես ուզում եմ հասկանալՙ իր պոեզիան կարդալով։

Ինքը իր մորից եղավ, սակայնՙ այն տեսքով, ինչպես որ կա, եւ մայրը մեղքի բաժին չի ունենալու իր պատմությունից։ Մայր, բանաստեղծի մայր, դու իր այսօրը եթե իմանաս, չես դիմանալու, իր լինելիքը եթե հաջողվի, չհրաժարվես։ Թեւերինՙ փոշի, կոկորդումՙ կարթ, նա միտք է անում փրկվել ոչ թե այս, այլՙ հին ու անցյալ մյուս ներկայից, որի արտաքուստ թեթեւ ցանցերում սիրով հանձն է առել մի թռչունի դեր։

Արմեն Շեկոյանը մի ներկայացող անցյալում է ապրում, որն արագորեն անցյալ դարձող ներկա է դառնում։ Մի քաղաքում էր ապրում, որը պարտադրում էր սրտաբաց, պանդուխտ եւ քրիստոնյա մի արվեստ. արվեստ, որը ստիպում էր միշտ նորոգվել։ Այդ քաղաքի քառասնամյա կանայք տեսել են Հրաչյա Ներսիսյանի Մեգ-Գրեգորին, եւ Հրաչյա Ներսիսյանի Մեգ-Գրեգորի մոտ շուտով այցելության պատրաստ ծերերն են տեսել։ Արմեն Շեկոյանը այն քաղաքում ապրեց, ուր կոշկակար Արոնի գլխավերեւում միշտ ժպտում էր Ալեն Դելոնի առաջին ֆիլմերից մի լուսանկար, այն քաղաքում, ուր փեշերը շոյելով քայլում էր տիկին Մարին, եւ Բեյրութից եկած հովհարն արդեն պերճանք չէր համարվում, որովհետեւ Երեւանում անհետացավ միջին դասի վերջին քաղքենին։ Իր հույսերի քաղաքինը միշտ եղավ եւ իր ներսում միշտ պահեց ծուռ Շիլաչին։ Երեւան քաղաքի տապն իր մեջՙ միշտ պատմեց Երեւանի մասին եւ մեզ երբեք չհոգնեցրեց։

Սկսեց չլիկ-դաստից ու վերջացնում է պոեզիայով։ Այդպես է ասում առայժմ։ Այսպես է ասում, որովհետեւ մեզ գիտե. իրեն մաջալ չենք տա, որ իր հոգին մեզ պարզի։ Ու գրում է, որովհետեւ «դուք չեք թողնում, որ ես խոսեմ»։

«... Ես դեպուտատ կըդառնայիՙ/թե լինեի հասկանալի.) եւ բջջային կունենայիՙ/ թե իմաստը հասկանայի։ / Սլանում եմ, չեմ սեղմում/ ես ոչ մի պեդալ։ / Երբ տեղ հասնեմ, ինձ կըտան Մաշտոցի մեդալ։ / Նոբելյան էլ կըստանայի / (հաստատ եմ ասում)։ / Հա, Նոբելյան ինձ կտային,/ բայց... մեզ չի հասնում...»։

«Անկապ» գիրք է գրել, դեռ ավելին, մնացորդներ էլ են եղել։ Ու հիմա էս մնացորդներով փորձում եմ եւս մեկ անգամ ճանաչել Արմեն Շեկոյանի էությունը։

Առաջին հայացքից հեշտ է թվում, բայց... «...Դուք ինձ երբեք չեք հասկանա,/ զի ձեզանից մի քիչ պարզ եմ...»։

Մետաքսեցի տղա է եղելՙ թշվառ ու անտեր, բայց ի՜նչ խաղեր է տվել Սարի Թաղի դեմ։ Կրիվոյն է եղել նրա եւ նրա ընկերների թշնամին,- ահա։ Բայց վանք է տեղը, եւ չկա քար քարի վրա։

Անվերջ պտտվում է իր անցյալի ու ներկայի մեջ, անվերջ գժվում է այն մտքից, որ, եթե կարող է նմանակել Չարենցին ու Մարշակին, բայց չի կարող բարիշացնել Վանոյին ու Արշակին։

Մեր պոեզիայում իր ճոխ սենյակն ունեցող Արմեն Շեկոյանն ամենախելոք հարցատուին ամենախելոք պատասխաններն է տալիս իր ամեն «ստիխում», որին չես կարող ասել բանաստեղծություն, այլ պիտի ասես Արմեն Շեկոյանի բանաստեղծություն, որովհետեւ մեր մասին ինքն ուրիշ ձեւով է խոսում, լավ է խոսում։ Ու մենք մեզ ուժեղ ենք զգում իր բանաստեղծության մեջ։ Ուրիշ ի՞նչ պիտի աներ բանաստեղծը, որ Արմեն Շեկոյանը չի անում։

Ու, այսպես, մեզ շարունակում է։

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4