«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2003-04-08 | #67, 2003-04-09 | #68, 2003-04-10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՏՈՆԵՑ ԻՐ 6-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

1997 թ. ապրիլի 4-ին ճանաչված երաժիշտ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանն ԱՄՆ-ից հրավիրվեց Հայաստանՙ ղեկավարելու պետական կամերային նվագախումբը։ Անցած վեց տարվա ընթացքում նվագախումբն իրականացրել է 146 համերգ, որից 86-ըՙ Երեւանի համերգասրահում, 30-ըՙ մարզերում, 30-ըՙ հյուրախաղերի ընթացքում (Հունաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Կիպրոս, Գերմանիա, Շվեյցարիա, Լիբանան, Մեծ Բրիտանիա) եւ մի քանի տասնյակ համերգներ դեսպանատներում, բուհերում, երաժշտական դպրոցներում ու Հանրապետության հրապարակում։ Համերգներին նվագախմբի կատարած ստեղծագործությունների թվում հնչել են հատուկ ՀԿՆ-ի պատվերով գրված 15 գործերը։

Մայիսի 10-ին Բրիտանական խորհրդի համագործակցությամբ տեղի կունենա նվագախմբի եւ նրան կից գործող երգչախմբի (գեղ. ղեկավարՙ Ռոբերտ Մլքեյան) համատեղ համերգՙ նվիրված բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի ծննդյան 90-ամյակին։ Հայաստանում առաջին անգամ կկատարվի Պուշկինի վեց բանաստեղծությունների հիման վրա գրված «Պոետի արձագանքը» երգաշարը, որը Բենջամին Բրիտենը գրել է Հայաստան այցելության ժամանակ։ ՀԿՆ-ն անմասն չէ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներից, եւ հունիսի 4-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում նվագախումբը հանդես կգա հատուկ ծրագրով, որից հետո էլ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի քաղաքի 300-ամյակին նվիրված կառավարական համերգին։ Նվագախումբը հունիս-հուլիս ամիսներին համերգներով հանդես կգա Շուշիում, իսկ աշնանը հյուրախաղերի կմեկնի Հունաստան, Ֆրանսիա եւ Շվեյցարիա, տեղեկացրեց նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը։

Ապրիլի 8-ին Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ կամերային նվագախմբի հոբելյանական համերգը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ ու երաժշտասերներ։ Համերգից առաջ մշակույթի նախարար Ռ. Շառոյանը շնորհավորելով նվագախմբին, ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը ՀԿՆ-ի 6-րդ տարեդարձի առիթով։ Հոբելյանական համերգի ծրագրում տեղ էին գտել Ստեփան Շաքարյանի «Նախերգանք» եւ «Հայկական պարեր» ստեղծագործությունները (պրեմիերա), Էդվարդ Էլգարի, Լուիջի Դենցայի, Էնրիկո Կաննիոյի եւ Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգի ընթացքում նաեւ ելույթ ունեցան վոկալ-երգչախմբային միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սաներ Ալբերտ Սարոյանը, Վահան Հարությունյանը եւ Արման Նիկոլյանը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4