ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիների լավագույն գիտական արդյունքների համարՙ ՀՀ ԳԱԱ նախագահության փետրվարի 5-ին ընդլայնված նիստում առաջադրված երեք ակադեմիկոսների շնորհվել է ակադեմիկոս, նշանավոր ակնաբուժ Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան միանգամյա թոշակ եւ պատվոգիր։ Այդ պատվին են արժանացել լեզվաբան Գեւորգ Ջահուկյանըՙ «Լեզվի ընդհանուր տեսություն» մենագրության համար, մեխանիկ Բենիամին Աբրահամյանըՙ «Առաձգականության տեսության տարածական խնդիրները» ու «Մակերեւութային ալիքները եւ տատանումները առաձգական միջավայրի հետ հարակցված մարմիններում» մենագրությունների եւ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանըՙ «Հայաստանի ֆլորա» աշխատության 10-րդ հատորի համար։
Այսօր ԳԱ ակադեմիայում, հանդիսավոր պայմաններում, պարգեւները հանձնեց Ռուսաստանի աշխատավոր ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանը, որի նախաձեռնությամբ Հայաստանում սահմանվել է Ս.Ֆյոդորովի անվան թոշակը։ Նա պատվոգիր հանձնեց նաեւ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանին։ Լ.Չախմախչյանը նշեց, որ նախատեսվում է հետագա սերտ համագործակցություն Հայաստանի գիտնականների հետ, թոշակները սահմանել եռամսյակային եւ աստիճանաբար ավելացնել դրանց թիվը։ Իսկ միանվագ մեկ թոշակը կազմում է 2 հազ. դոլար։
Ֆ. Սարգսյանը ՀՀ ԳԱԱ-ի ոսկե շքանշան հանձնեց Լեւոն Չախմախչյանին։