Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամագրվելու դրական եւ բացասական հետեւանքներն էին քննարկվում երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Միջոցառումը, որը կազմակերպել էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ընկերակցությունը, այլ կերպ, քան հերթական աննպատակ հավաք չէիր անվանի։ Քննարկումները, փաստորեն, տեղի են ունենում անդամակցումից հետո, երբ Հայաստանի եւ այդ կազմակերպության միջեւ երկարատեւ բանակցություններից հետո համապատասխան պայմանագիրը ստորագրվել է, մեր երկիրը ստանձնել է որոշակի պարտավորություններ։
Ելույթ ունեցողները, գրեթե բոլորը, ընդգծելով, որ ԱՀԿ-ին անդամակցումն անհրաժեշտ քայլ էր համաշխարհային գործընթացներից հետ չմնալու համար, միաժամանակ իրենց մտահոգություններն էին հայտնում մեր տնտեսությանը սպառնացող հնարավոր վտանգների մասին։
Գլխավոր հարցը գյուղատնտեսության հարկումն էր, որը պետք է տեղի ունենա սկսած 2009 թ.-ից։ Այդ կապակցությամբ կարծիք էր հայտնվում, թե գյուղատնտեսությունը կկանգնի փլուզման եզրին։ Նշվում էր նաեւ, որ պետք է նկատի առնվի ԱՀԿ-ին անդամակցած երկրներից, օրինակ, Վրաստանի եւ Կիրգիզիայի բացասական փորձը։ Այս կազմակերպությանն անդամակցումն, ըստ ընկերակցության նախագահ Կարինե Դանիելյանի, մտահոգիչ է հատկապես Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար, որին անհրաժեշտ է պետական հովանավորչություն։
Ելույթների ձանձրալի մթնոլորտը խախտվեց, երբ ձայն խնդրեց «Գարուն» ընկերության նախագահ Գոհար Ենոքյանը եւ հարց առաջադրեց միջոցառման կազմակերպիչներին, թե ո՞րն է դրա նպատակը, երբ Հայաստանն արդեն ԱՀԿ անդամ է։ Նա կարծիք հայտնեց, որ ինչպես ժամանակին տեսաբան վարչապետի պատճառով թեթեւ արդյունաբերությունը փլուզվեց, հիմա էլ վտանգ կա, որ կփլուզվի գյուղատնտեսությունը։ Բնական է, որ նրաՙ միջոցառման նպատակահարմարության վերաբերյալ հարցին, ըստ էության որեւէ հիմնավոր պատասխան չտրվեց։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ