«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2003-04-08 | #67, 2003-04-09 | #68, 2003-04-10


ԻՐԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՅԱՇԱՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Պատմական ու մշակութային անցյալով հարուստ Բաղդադն Իրաքի ամենահայաշատ քաղաքն է։ Աստվածասեր հայերն աստվածատուր (արաբ. բագՙ աստված, դադաՙ տուրք) քաղաքի հետ կապեր են ունեցել հին ժամանակներից։ Սասանյանների տիրապետության ժամանակաշրջանից ի վեր նրանք աշխույժ ելումուտ են ունեցել այնտեղ, սակայն այդ հին գաղութներն ավերվել են 1393 թ. Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ Բաղդադի կործանումից հետո։

Օտար ուղեգիրների վկայությամբ, քաղաքի վերաշինության ընթացքում հայերը վերստին հաստատվել են այնտեղ եւ օսմանյան տիրապետության հաստատումից առաջ (1638 թ.) ստեղծել փոքր գաղութ։ Սկզբում հայերը սակավաթիվ են եղել, սակայն հետզհետե շատացել են։

Բաղդադի հայկական հին գաղութում, որ հիմա բնիկ է համարվում, օսմանյան տիրապետությունից հետո հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներիցՙ Կեսարիայից, Ադանայից, Երզնկայից գաղթած հայերը, ինչպես նաեւ նորջուղայեցի առեւտրական եւ համադանցի հայերը։ Այստեղ նրանք շուտով հիմնեցին նախ Սբ. Աստվածածին եկեղեցին, որն ունի 1750¬1760 թթ. պատկանող բազմաթիվ խաչքարեր։ Այնուհետեւ երկրորդ եկեղեցին ունենալու անհրաժեշտությունն առաջացավ, եւ կառուցվեց Սբ. Երրորդություն եկեղեցին, ուր պահպանվում են մի քանի ձեռագրեր։ Եկեղեցին ունի 16 կալվածք, ազգային վարժարան, գերեզմանատուն։ Իրաքի ռազմավարական կենտրոն Բասրայի հայերի մասին գրել ենք նախորդ համարներից մեկում («Ազգ», 1 ապրիլի, 2003)։

Մոսուլ

Պատմական Նինվեի ավերակների մոտ է հայաշատ մյուս քաղաքըՙ Մոսուլը, որ Միջագետքի նշանավոր ու բազմամարդ քաղաքներից մեկն է։ Հայ բնակիչները, բացի 10¬12 տեղացի ընտանիքներից, մեծ մասամբ Կարինից, Դիարբեքիրից, Կիլիկիայից եւ Պոլսից են։

Միջնադարյան ձեռագրերի վկայությամբՙ հայերը XIV դարում այստեղ ունեցել են քահանա, հոգեւոր հովիվ եւ հավանաբար եկեղեցի, որ թուրքական մոլեռանդության զոհ է դարձել։ Հնում հայ պղնձագործների համբավավոր գաղութ է եղել Մոսուլումՙ «քաղաքին կարեւոր բաժիններէն մէկը մինչեւ հիմա «Հայոց թաղ» կը կոչուի» («Սուրհանդակ», թ. 1949)։

Հին գաղութը պահպանելու նպատակով Բաղդադի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ վարդապետը 1857 թ. հիմնում է Ս. Էջմիածին եկեղեցին։ Այդ ժամանակ հայերը դպրոց չունեին, ձգտում էին բացել, սակայն դժվարություններ կային։ Նրանք հիմնականում արաբախոս էին, զբաղվում էին առեւտրով, արհեստներով, կային բարեկեցիկ ապրողներ։ 1914¬1918 թթ. պատերազմի ժամանակ հայ տարագիրների համախմբման գլխավոր վայրը դարձավ Մոսուլը։ Շատերը հրապուրվելով քաղաքի դիրքովՙ հաստատվեցին այնտեղ։ 1920 թ.-ից գործում էր հայկական դպրոցը, որի ծախսերը հոգում էր տեղի հայ գաղութը։ «Նվագասիրաց» եւ «Անդրանիկ թատերասիրաց» ակումբները հաճախակի բեմադրում էին ներկայացումներ եւ զանազան նպաստներով աջակցում դպրոցին։ Իսկ 1932 թ.-ից Մոսուլում մասնաճյուղ ունի Հայկական բարեգործական ընդհանուր ընկերությունը։ Մոսուլի հայությունը եղել է պարտաճանաչ։ Ունի 5 ազգայիններից բաղկացած եւ ժողովրդի քվեով ընտրված թաղային խորհուրդՙ հայերի եւ տեղացիների հարգանքը վայելող հայրենասեր դոկտ. Գր. Աստարճյանի ատենապետությամբ։ Այդուհանդերձ, Մոսուլի հայերից շատերը ներգաղթել են Հայաստան։

Քիրքուք

Հին պատմական քաղաք է։ Ենթադրվում է, որ կառուցվել է Քրիստոսից 800 տարի առաջ։ Քիրքուքի բնակչության մասին հետաքրքրական տեղեկություններ են պահպանվել օտար աղբյուրներում, մասնավորապես XIX դարի անգլիացի նկարիչ եւ հնագետ Ռոբերտ Փորտերի հուշերում։ Այնտեղ ապրել են գլխավորապես թուրքեր, հայեր, քրդեր, արաբներ եւ մի քանի հրեաներ, որոնց թիվը 10¬12 հազար է եղել։ Այդ գաղութից այսօր հետք չի մնացել, քանի որ բնիկ տեղացիներն այժմ հիմնականում ապրում են Մոսուլում, ուր այլազգի քրիստոնյաների մեջ կան անձինք, ովքեր հայտարարում են, թե իրենց պապերը հայեր են եղել։

Ենթադրվում է, թե օսմանյան տիրապետության շրջանում հայերը որպես պետական պաշտոնյաներ են եկել Կեսարիայից եւ զանազան վայրերից։ Նրանցից ոմանք ամուսնացել են տեղացիների հետ եւ ուծացվել։

Այսօր Քիրքուքի հայ բնակչությունն իրականում նոր է։ 1927 թ.-ից իր գործունեությունը սկսեց «Irak Petroleum Company» ընկերությունը, որ բաղկացած էր մի քանի խմբերից։ Դրանցից մեկի ղեկավարը Գալուստ Գյուլբենկյանն էր։

Հենց դա էլ մեծապես նպաստեց քաղաքում հայերի թվի ավելացմանը։ Նրանք մեծ մասամբ եդեսացիներ եւ վանեցիներ էինՙ 160 տուն։ Ոմանք նավթային ընկերության աշխատակիցներ, ոմանք էլ արհեստավորներ եւ մանր առեւտրականներ էին։ Այդ տարիներին հիմնվեցին ազգային վարժարանը, եկեղեցին, իսկ տեղի կառավարությունը հող հատկացրեց գերեզմանատան համար։

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4