ԿԱՀԻՐԵ, 9 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեիՙ Բաղդադի փողոցներում վիրավորներ հավաքող շտապօգնության մի քանի ավտոմեքենաներից կազմված շարասյունը այսօր խաչաձեւ կրակի տակ է ընկել։ Ինչպես հայտնել են Իրաքի մայրաքաղաքում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, աշխատակիցներից մեկը լուրջ վերքեր է ստացել։
Միաժամանակ ԿԽՄԿ-ն հայտնել է կանադացի իր աշխատակից Վաչե Արսլանյանի անհետացման մասին, որը պատասխանտու էր տեխնիկական ապահովման համար։ Վերջին անգամ նրան տեսել են ապրիլի 8-ին, երբ գնդակոծվել էր այն ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր Արսլանյանը։ Նույն այդ մեքենայում գտնվող կազմակերպության երկու այլ աշխատակիցների հաջողվել է դուրս պրծնել գնդակոծման գոտուց։ Նրանք հայտնել են, որ կանադացին վիրավորված է։
Ստեղծված պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փաստորեն դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունը Բաղդադում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «կազմակերպությունն ի զորու չէ աշխատելու մի քաղաքում, որի փողոցներում իշխում են քաոսն ու անկանխատեսելիությունը»։