«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ԿԸՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԴԻՄՈՒՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻՆ

Ի վերջո չընդունելով ոչ մի պահանջ

Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց Ստեփան Դեմիրճյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Նախ, պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, ըստ էության, հակափաստարկներ ներկայացրեց դիմող կողմի բերած փաստարկների կապակցությամբ։

Պրն Մուկուչյանը սկսեց նրանից, որ, ըստ իրենց, նախագահի թեկնածուների համար անհավասար պայմաններ ասվածը ծայրահեղություն է, որեւէ լրատվամիջոցի կողմից որեւէ անհավասարության մասին խոսելն ուղղակի անհեթեթություն, իսկ մասնավորների առումով պետք է նկատի ունենալ, որ դրանք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են եւ կարծիք արտահայտելովՙ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից։

Եթե անհավասարությունը թեկնածուների միջեւ պետք է արտահայտվեր եթերաժամ տրամադրելու, վճարովի եթերաժամի սակագնի կամ մամուլի որոշակի ծավալ տրամադրելու առումով, ապա այս դեպքում, ԿԸՀ ներկայացուցիչ հավաստմամբ, խախտումներ չեն եղել։ Ինչ վերաբերում է հեռուստաեթերի համար սահմանված բարձր սակագնին, ապա դա թեկնածուների իրավունքների ոտնահարում որակելը հիմնազուրկ է։

Ստեփան Դեմիրճյանի ներկայացրած դիմումի հաջորդ կետով նշված վարչական պատասխանատվության ենթարկվածների առումով Տիգրան Մուկուչյանը նշեց, որ եթե խախտվել է հասարակական կարգը, ապա իրավապահները պարտավոր էին արձագանքել, ընդ որում դա չպետք է որակվի որպես քարոզչության խոչընդոտում։ Կոնկրետ վստահված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու առումով պրն Մուկուչյանը տեղեկացրեց, որ այդպիսիք եղել են ընդամենը 9-ը, որոնցից 5-ը նախկինում դատապարտված են եղել։

Անդրադառնալով տեղամասային կենտրոնների համար անհարմար տեղերի ընտրությանը, Տիգրան Մուկուչյանը հարցադրում կատարեց, թե քվեարկության օրվանից 45 օր առաջ ձեւավորված տեղամասային կենտրոնների տեղի անհարմարության մասին ինչո՞ւ բողոքներ չեն եղել հենց այդ 45 օրվա ընթացքում։

Հանձնաժողովների անդամների փոփոխությունների առնչությամբ, ըստ Տիգրան Մուկուչյանի, եթե ընդունենք անգամ, թե եղել են որոշ խախտումներ, ապա դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների 8 անդամից բաղկացած լինելով նիստեր գումարելու հարցը վիճարկելուն, ապա ԿԸՀ ներկայացուցչի բացատրությամբ, համաձայն օրենսդրության, հանձնաժողովի նիստը կայացած է անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում։ Այն հարցի կապակցությամբ, թե եղել են դեպքեր, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովների միեւնույն 3 անդամները ստորագրել են քվեաթերթիկներ ե՛ւ 1-ին, ե՛ւ 2-րդ փուլում, ապա, ըստ Տիգրան Մուկուչյանի, հավանականությունն այնքան էլ փոքր չէ նման զուգադիպության համար։

Կնիքների թաց լինելու առնչությամբ պրն Մուկուչյանն ընդգծեց, որ օրենսդրությամբ նախատեսված չէ թաց կամ չոր լինել, իսկ ինչ վերաբերում է կնիքների ծրարի հետ կապված հանգամանքին, ապա ԿԸՀ-ի համար նույնպես մտահոգիչ է, որի պատճառով էլ տեղեկանալուն պես ԿԸՀ-ը դիմել է դատախազություն։

Ստեփան Դեմիրճյանի դիմումում, որպես 5-րդ կետ, նշվում է ուրիշի փոխարեն քվեարկության խախտումը։ Ըստ պրն Մուկուչյանի, նկարագրված երեւույթը մտահոգիչ է, բայց չի կրել համատարած բնույթ։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ իր փոխարեն քվեարկություն տեսնելուց հետո որեւէ քաղաքացի չի դիմել դատարան, այլ նրա բողոքը հայտնվել է թեկնածուներից մեկի շտաբում։

Ինչ վերաբերում է քվեատուփերը լցնելու գործում շարադրված 66 դեպքերին, ապա, ըստ Տ. Մուկուչյանի, դա կարող էր լինել նաեւ իմիտացիա։

Մինչ Տիգրան Մուկուչյանը կշարունակեր իր բացատրությունները, Ստ. Դեմիրճյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը միջնորդեց, որպեսզի գործում առկա դիմումների պատճենները, ստորագրությունների իսկությունը պարզելու համար ուղարկվեն փորձաքննության։ Պրն Դալլաքյանը միջնորդեց նաեւ, որպեսզի ՍԴ-ն Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներին հատկացնի եւս 50 անցաթուղթ, քանի որ, օրինակ, Հանրային հեռուստատեսությունը ցույց է տալիս դատարկ դահլիճ եւ մեկնաբանություններ անում։ Անցաթուղթ տրամադրելու կապակցությամբ ՍԴ նախագահը նշեց, որ դատարանի աշխատակազմը հնարավորության դեպքում դրանք կտրամադրի։

Շարունակելով իր խոսքը, Տ. Մուկուչյանն անդրադարձավ վստահված անձանց ներկայացրած դիմումներին, բողոքներին, կատարված արձանագրություններին։ Ըստ բերված տվյալների, գործի 1617 էջերից հարյուրավոր էջեր ապացուցողական նշանակություն չունեն, 110 փաստաթուղթ կրկնվում է, 281 թղթակցություն վերաբերում է ընտրությունների 1-ին փուլին։ Ըստ էության, սա փաստաթղթերի առատության իմիտացիա է, ինչպես նաեւ փաստաթղթերի հոսքի իմիտացիա կարող էր ստեղծվել հենց քվեարկության օրը ԿԸՀ ուղղվող դիմում-բողոքներով։

Տիգրան Մուկուչյանը հատոր առ հատոր ներկայացրեց, որ որոշ փաստաթղթեր վերաբերում են առաջին փուլին, որոշներն անհասցե են, անանուն, պարունակում են լուրջ հակասություններ, ստորագրությունների անհամապատասխանություն, նույն վստահված անձի տարբեր տեղամասերում գտնվելու հանգամանքներ։ Անգամ վստահված անձանց կողմից սեփական անունը գրելու սխալներ կան արձանագրություններում եւ բողոքներում։ Աշոտ Սարգսյանը փորձեց միջամտել, որի կապակցությամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ որեւէ կողմի ներկայացրած նյութերը դատարանը հալած յուղի տեղ չի ընդունում, ուստի պետք չէ զայրանալ։ Աշոտ Սարգսյանի մեկ ուրիշ միջամտության առնչությամբ Գագիկ Հարությունյանն ավելացրեց, որ պետք չէ կատարել ՍԴ նախագահի պարտականություն։

Խոսելով ընտրացուցակների ճշգրտման համար վստահված անձանց բնակարան առ բնակարան կատարած գրառումների մասին, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենց ստուգումների հետեւանքով պարզվել է, որ այդ ցուցակները պարունակում են 65¬80 տոկոս անճշտություն, որ, ասենք, շատ դեպքերում կենդանի մարդիկ ներկայացված են մահացածների ցուցակներում։

Ի վերջո պատասխանող կողմը մերժեց ներկայացրած դիմումն ամբողջությամբ, ավելացնելով, որ ԿԸՀ-ի վերջնական ամփոփիչ որոշումը լիովին համապատասխանում է իրականությանը։

Հայտարարված ընդմիջումից հետո պատասխանող կողմին հարցեր ուղղեցին Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչները։ Պետական պաշտոնյաների կողմից քարոզչություն տանելու, վստահված անձանց ձերբակալելու եւ այլ հարցերի կապակցությամբ, որպես հիմնական հիմք, դիմող կողմի ներկայացուցիչները մատուցում էին ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունը, հարցադրելով, թե պատասխանող կողմն արդյոք կասկածո՞ւմ է եզրակացությանը։ Հարցերի հիմնական տրամաբանություն հանդիսացող այս մոտեցմանն ի պատասխան պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը նշում է, որ նշված եզրակացությունն իրավական հիմք լինել չի կարող։ Չնայած դրան, հնարավոր են խախտումների որոշ դեպքեր, որոնք, սակայն, էական չեն եղել։

Նիստը կշարունակվի այսօր։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4