ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 27-ին ստորագրված համագործակցության պայմանագիրը, որ ենթադրում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության սերտացում, մեր երկրում զարգացման ծրագրերի իրականացում, կյանքի է կոչվում։ Պայմանագիրը ստորագրած կողմերըՙ Ռուսաստանի հայերի միությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Փախստականների կոմիտե» հասարակական կազմակերպությունն ու «Վասպուրական» միությունը երեկ ԳԱԱ-ում իրականացվելիք ծրագրերի քննարկում էին կազմակերպելՙ հիմնականում կիրառական գիտությունը գյուղատնտեսության մեջ ծառայեցնելու, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներՙ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Իլյա Կլեբանովը, Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը։
Ըստ ԳԱԱ փոխնախագահ Էմիլ Գաբրիելյանի, մի շարք ծրագրեր կան մշակված, որոնք կյանքի կոչելու համար ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։ Քանի որ երեկ խոսքը գյուղատնտեսությանն ու մարդու առողջությանն առնչվող ծրագրերին էր վերաբերում, պրն Գաբրիելյանն առաջարկում է սկզբում իրականացնել գյուղատնտեսական վնասատուների ոչնչացմանը, պարարտացմանն ուղղված ծրագրեր։
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանն առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբերՙ տարբեր ոլորտներում իրականացվելիք ծրագրերն ըստ առաջնայնության որոշելու համար։ Գյուղատնտեսության մեջ գյուղնախարարն առաջնային է համարում ագրոլիզինգը, ապահովագրությունը, որն իրականացնելու համար, ըստ Զադոյանի, ռուսական որեւէ ապահովագրական ընկերության կողմից մեր երկրի գյուղատնտեսության մեջ ապահովագրության իրականացումը կարող է լավ ճանապարհ լինել։ Ռիսկային, բայց անհրաժեշտ այս գործում Զադոյանը խոստանում է պետության աջակցությունը։ Առաջնային ծրագրերից գյուղնախարարը նշում է հակակարկտային ծրագրերը, նաեւ շաքարի ճակնդեղի արտադրությունը, ինչի շնորհիվ կարելի է խուսափել տարեկան 40¬60 հազար տոննա շաքարի ներկրումից։ Հնարավոր կլինի նաեւ տարեկան 15 հազար տոննա թռչնամիս ներկրելուց խուսափել, եթե այս ոլորտում եւս ծրագրեր իրականացվեն։ Գյուղնախարարը խոստանում է նմանատիպ բազմաթիվ ծրագրեր առաջարկել, որոնք շահավետ բիզնեսի հնարավորություն կտան ներդնողին, մեր երկրում էլ աշխատատեղեր կստեղծեն։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարեւորեց ԳԱԱ-ի հետ ստորագրած պայմանագիրը։ Ըստ նրա, միությունը ՀՌԱԿ-ի հետ հետեւողական է ծրագրերի իրականացման գործում։ Պայմանագրում հստակ նշված է առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք աշխատանքը, նշված է նաեւ ներդրվելիք գումարի չափը։ Ծրագրերը տարբեր ոլորտների են վերաբերում եւ միտված են նպաստելու մեր երկրի տնտեսության զարգացմանը։
«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց լուրջ համագործակցության սկիզբ է դրվում», իր խոսքում ասաց Իլյա Կլեբանովը։ Նա նշեց, որ մայիսի 12-ին Երեւանում տեղի կունենա կլոր սեղան, Ռուսաստանից ժամանած գործարարների հետ կքննարկվեն ավելի կոնկրետ ծրագրեր։