«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ՄԱՐԴԸ, ՕԴԱՉՈՒՆ, ՀԵՐՈՍԸ, ԼԵԳԵՆԴԸ

ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 90-ամյակի առթիվ

Մեր պատմության մեջ մեկընդմիշտ մտած անուններից է Խորհրդային Միության կրկնակի հերոս, գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանի անունը։ Մեր պարտքն է հիշել ասուպի պես վառ նրա կյանքը, որը տեւեց ընդամենը 31 տարի։

Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թ. Շուշիում։ Ստեփանյանները բնիկ երեւանցիներ են։ Նելսոնի պապը Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցու հոգեւորական էր, ուստի նրանց ազգանունը Տեր¬Ստեփանյանց էր։ Նելսոնի հայրն աշխատանքի է նշանակվել Ղարաբաղում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ։

Ծնողները Երեւան վերադարձան, երբ Նելսոնը 1,5 տարեկան էր։ Ընտանիքում երեխաների մեջ փոքրուց սերմանում էին բարոյական բարձր հատկանիշներ, աշխատասիրություն, հայրենասիրություն։

Երեւանում յոթնամյակն ավարտելուց հետո Նելսոնն ընդունվեց Բաքվի հետեւակային ուսումնարան, ապա աշխատեց արդյունաբերության մեջ։ 1932 թ. նրան գործուղեցին քաղաքացիական օդային նավատորմի դպրոց։ Այն գերազանց ավարտելովՙ Նելսոնը նշանակվեց թռիչքային հրահանգիչ, ապաՙ նույն դպրոցի հրահանգիչ օդաչու։

Հայրենական մեծ պատերազմի արդեն երկրորդ օրը հմուտ օդաչուն կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Եյսկում մի քանի օրում ծանոթացավ ռազմօդանավերին եւ մեկնեց Հարավային ճակատ։ Վիրավորվեց, բայց բուժումից հետո վերսկսեց թռիչքները։ 1941 թ. աշնանը Լենինգրադի ռազմաճակատում նշանակվեց Բալթյան նավատորմի գրոհիչ ավիաօղակի հրամանատար։

Գերմանա¬ֆաշիստական զորքերի դեմ կռվելիս բազմաթիվ սխրանքների, արիության եւ խիզախության համար 1942 թ. հոկտեմբերի 23-ին հայ ժողովրդի պանծալի զավակն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։

1944 թ. սկզբներին Նելսոն Ստեփանյանն արդեն ավիացիայի փոխգնդապետ էր, 11-րդ գրոհային ավիադիվիզիայի 47-րդ գնդի հրամանատարը։ Լենինգրադի շրջափակման ճեղքումից հետո նա Ղրիմի ռազմաճակատում էր, որտեղ մասնակցեց թերակղզու ազատագրմանը։

Երբ կատաղի մարտեր ծավալվեցին Մերձբալթիկայում, այնտեղ մեկնեց Ստեփանյանի ավիագունդը։ 1944 թ. օգոստոսի 20-ին հրամանատարությունը նրան ներկայացրեց հերոսի 2-րդ ոսկե աստղի։ «Ուշադրություն, ուշադրություն, օդում Նելսոնն է»ՙ գերմանական հրամանատարությունն այդպես էր զգուշացնում իր օդաչուներին։

Իր վերջին թռիչքը Ստեփանյանը կատարեց 1944 թ. դեկտեմբերի 14-ին, Լիբավայի ծոցի շրջանում։ Թշնամու 30 կործանիչներով շրջապատված համագնդեցիների հետ հրամանատարն անհավասար մարտի էր բռնվել ձմեռային ծովի վրա։ Հասկանալով, որ ափին չի հասնի, հերոսն իր խոցված, բոցավառված ինքնաթիռն ուղղեց դեպի հակառակորդի նավերը։

Պատերազմի տարիներին Ն. Ստեփանյանը կատարել է 239 մարտական թռիչքՙ խորտակելով 13 նավ, ոչնչացնելով 85 տանկ, 600 ավտոմեքենա, զենիթային ու դաշտային 140 թնդանոթ, 130 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 1 շոգեքարշ, 4 լաստանավ, 27 օդանավ եւ 5000-ի հասնող կենդանի ուժ։ Նրա ռմբահարվածները թշնամու ռազմավարական թիկունքում առաջացրել են 150 պայթյուն ու հրդեհ։

1945 թ. մարտի 6-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ն. Ստեփանյանին շնորհվեց ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչում։ Նրա բրոնզե կիսանդրիները կանգնեցվեցին ծննդավայր Շուշիում եւ Երեւանում։

1964 թ. Լիեպայա քաղաքում (Լատվիա) բացվեց փառաբանված օդաչուի հուշարձանը։ 1990-ական թթ. այն հանեցին, բայց չոչնչացրին։ Ներկայումս հուշարձանը կանգնեցված է Կալինինգրադում։

Ամբողջ 32 տարի միակ հայ եւ անդրկովկասցի ԽՍՀՄ կրկնակի հերոսն էր. միայն 1977 թ. մարշալ Հովհաննես Բաղրամյանը դարձավ երկրորդ հայ ԽՍՀՄ կրկնակի հերոսը։

Գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի փառավոր ավանդույթները շարունակում է նրա եղբորորդին, որը նույնպես Նելսոն Ստեփանյան է եւ նույնպես փոխգնդապետ։ Իսկ հերոսի միակ որդինՙ Վիլիկ Ստեփանյանը, ապրում է Մոսկվայում։ Նա երկար տարիներ աշխատել է նավաշինության ասպարեզում եւ այժմ անցել է վաստակած հանգստի։

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4