Կհիմնվի նաեւ աղետները լուսաբանող լրատվության կենտրոն
Մեր հանրապետությունը հնարավոր փորձանքների ու ռիսկերի հարուստ տեսականի ունի, որը վերջին տարիներին հարստացրել են նաեւ երաշտներն ու հեղեղումները։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը առատաձեռնություն են ցուցաբերել մեր երկրում աղետների խնդիրներով զբաղվող Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) հանդեպ։ ԱՄՆ կառավարությունը տրամադրում է 850 հազար, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրըՙ 50 հազար ԱՄՆ դոլար։ Երեկ ԱԻՎ-ում ստորագրվեց 3 կողմերի համագործակցության համաձայնագիրը։ Ըստ ԱԻՎ-ի մասնագետների, մինչ այս էլ իրենք աշխատել են այդ կառույցների հետ, տնտղել միմյանց եւ նոր միայն իրենց հարաբերությունները գործնական հողի վրա տեղափոխել։ Փաստաթղթի ստորագրմանը մասնակցում էին ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ Քեյթ Սայմոնսը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ամալ Մեդանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Ջեֆրի Փրեդմորը, հայկական կողմիցՙ ԱԻՎ-ի պետի տեղակալ Արամ Թանանյանը։ Համաձայնագիրը գործողությունների բավական լայն շրջանակ է նախատեսում։ Առաջին քայլը կլինի Ուսումնական եւ վերապատրաստման փրկարարական կենտրոնի ստեղծումը։ Ակնկալվում է, որ այն կդառնա նաեւ տարածաշրջանային կենտրոնՙ ուսումնական, մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման բազա ցանկացողների համար։ Համաձայնագրի հաջորդ կետով կստեղծվի խաղարկման-նմանակման կենտրոնը, ուր ուսումնական վարժանքներ կիրականացվեն։
Ծրագրի ամենաուշագրավ նորույթը կլինի հասարակական լրատվության (ռադիո, հեռուստահաղորդում, թերթ) կենտրոնի ստեղծումը։ Այս 3 կենտրոնների արդյունավետ գործունեությունը, անշուշտ, կնպաստի բնակչության իրազեկության բարձրացմանը, կօգնի, որ բնական ու տեխնածին աղետների ժամանակ ոչ միայն բնակիչները, այլեւ տեղական ինքնակառավարման օղակները խուճապի չմատնվեն եւ պատրաստ լինեն փորձանքի դիմակայմանը։ Նման համակարգի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց էր ակնհայտ, հենց 1988-ի երկրաշարժից հետո, բայց, անշուշտ, երբեք էլ սկսելը ուշ չէ...
Կ. Դ.