«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ԷԴԳԱՐ ՖԻԼԿՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԽՏԵԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Լրտեսության, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեղադրանքով 4 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվեց երեկՙ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Նիստի հենց սկզբում 2 եղբայրներըՙ Էդգար Ֆիլկովը եւ Ալեքսանդր Գասպարյանը, բժշկական փաստաթղթեր ներկայացրին։ Տարօրինակն այն էր, սակայն, որ Էդգարի փաստաթուղթը վերաբերում էր 1992 թ.. այն ժամանակ նա տառապել է նեւրոզից։ Նկատի առնելով հիվանդության ժամկետն ու բնույթը, ամբաստանյալի կողմից դա փրփուրներից կառչելու քայլ կարելի է դիտարկել։ Ինչեւէ, Էդգար Ֆիլկովը շարունակեց ցուցմունքներ տալ Նինա Շիլինայի հետ իր հարաբերությունների զարգացման, ադրբեջանական հետախուզական ծառայությունների ցանցում հայտնվելու նախապատմության մասին։ Նախաքննական ցուցմունքներում Էդգար Ֆիլկովն իրեն մեղավոր ճանաչել է, այսօր նա պնդում է հակառակըՙ եթե իր կինն աշխատել է ադրբեջանցիների հետ, չի նշանակում, որ ինքն էլ մեղսակից է։ Այնուամենայնիվ, նա նշում է, որ առանց իր գիտության կինը որեւէ տեղ չի մեկնել։ 1957 թ. Նինան Թբիլիսիով գնացել է Ռուսաստան (հիշեցնենք, որ ամբաստանյալները գործակալների հետ հանդիպում էին Վրաստանում)ՙ քրոջ մոտ, եւ բերած 200¬300 դոլարի կարգի գումարն էլ ասել է, թե իբր քույրն է տվել։ Այնուամենայնիվ, այդպես անգիտակ, Նինայի հետ եղել է Ղարաբաղում, պատահականորեն զինվորական մեքենաներ են նստել։ Իսկ թե ինչո՞ւ իրենց սիրային ճամփորդության համար հենց այնպես ընտրել են Մարտակերտն ու Ստեփանակերտը, բացատրում է ընկերոջը հյուր գնալու եւ «ման գալու» մտադրությամբ։ Բայց չի «հիշում»ՙ տեսե՞լ է ընկերոջը (Տոլիկին), թե՞ ոչ։ Ղարաբաղում վերջապես հասկացել է Նինայի աշխատանքի բնույթը։

Էդգար Ֆիլկովի պատմության մեջ շատ էին պատահականությունները։ Մարտակերտում «պատահականորեն» հանդիպել է զինվորական ծառայության մեջ գտնվող հեռավոր բարեկամինՙ իր տատի քրոջ թոռանըՙ Ջոնիին, եւ նրա հորը։ Բայց դատախազի համառ հարցադրումներին, թե Մարտակերտի զինվորական ստորաբաժանման վերաբերյալ տվյալներ չի՞ վերցրել նրանցից, համոզված եւ առանց հիշողության տկարացման, ժխտական պատասխան է տալիս։ Հետո Նինայի հետ հայտնվում են Ռուսթավիում, Թբիլիսիում, Բաթումում։ Ռուսթավի նրանց ուղեկցում է ոմն Յուրա։ Ռուսթավիի բնակարանում եղել է նաեւ ուրիշ մեկը, որի հետ ողջ գիշեր նստել են, խմել, բայց ոչ մի կերպ չի տպավորվել նրա դիմագծերը։ Նշում է միայն, որ խոշորակազմ էր։

1992 թ. գարնանը ծառայել է Լաչինիՙ դեսանտագրոհային զորամասի դիրքերում։ Դրանից 1 ամիս առաջ եղել էր Սովետաշենի գնդում։ Լաչինում աշխատել է իբրեւ կապավոր։ Լաչինի զինվորական շտաբի ինֆորմացիան գաղտնի էր, ինքը գիտեր այդ մասին։ Պետական մեղադրողի հետեւողական համառությանըՙ պարզելու, թե այդ տվյալները չե՞ն հասել արդյոք Ադրբեջան, հակադարձում է կիսազարմացական, կիսահեգնական պատասխանըՙ դիրքերում մարդ չկար, ո՞ւմ էր տեղեկացնելու։ Իր զինգրքույկում նշված է եղել, որ ծառայել է Լաչինում եւ Սովետաշենում, ու ադրբեջանցիները դա գիտեին։ Ստացականի վրա, որով նա ադրբեջանցիներից փող է ստացել, գրված է եղելՙ տրվում է ռազմական ինֆորմացիայի փոխարեն։ Նախաքննության ժամանակ Էդգար Ֆիլկովը հաստատել է այդ փաստը։ Մեղադրողը հիշեցնում է այդ մասին։ Բայց Էդգարը հայտարարում է, որ նախաքննության ժամանակ այդ փաստը եւ էլի շատ ուրիշներ արձանագրվել են բացառապես քննչական խմբի ճնշման տակ։ Վերադասին չի բողոքել, մտածելով, որ այդ ամենը կհրապարակի դատաքննության ժամանակ։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4