«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Իսկ հանրաքվեի հաղթանակը խոստանում է մերժել մահապատիժը

Երեկ ավարտվեց «հերթական» արտահերթ ԱԺ նստաշրջանը, որի օրակարգում 19 հարց էր ընդգրկվել։ Այս նստաշրջանը կարեւորվում էր հատկապես երկու առումով։ Նախ որովհետեւ քվեարկության պետք է դրվեր «Զանգվածային լրատվության մասին» բազմաչարչար օրինագիծը, եւ երկրորդՙ վերստին քննարկման էր ներկայացվել քրեական նոր օրենսգրքի նախագիծնՙ ուժի մեջ մտնելու հավելյալ օրինագծի հետ։

Դատելով, սակայն, ընդհանուր տրամադրություններից, դրանք այդքան էլ հեշտ իրագործելի չպիտի լինեին, ինչը եւ ցույց տվեց վերջնական քվեարկությունը։ Խնդիրն այն է, որ ներկայումս խորհրդարանին ներկայացված հիշատակված երկու օրինագծերի հետ կապված էլ լուրջ վերապահումներ կային։ Առաջինիՙ «ԶԼ» օրինագծի կապակցությամբ դժգոհ էին լրագրողական լայն շրջանակները, երկրորդիցՙ քրեական օրենսգրքի նախագծից բավարարված չէին Եվրոպայի խորհրդի փորձագետները։

Եվ քանի որ նախընտրական տրամադրություններով պայմանավորված են ներկայումս պատգամավորները կատարում քվեարկությունները, ապա երկու օրինագծերի մերժման հանգամանքը նույնիսկ կարելի է բնական համարել։ Հետաքրքրականը սակայն այն է, որ փաստորեն բացի խորհրդարանական մեծամասնության մի հատվածից (42 պատգամավոր), ողջ խորհրդարանը խուսափեց հստակ դիրքորոշում արտահայտել եւ չմասնակցեց քվեարկությանը։ Բավական է միայն նշել, որ ընդամենը երկու դեմ արձանագրվեց, երեք ձեռնպահ։ Նման իրավիճակն ուղղակիորեն հավաստեց այն մոտեցումը, թե վերընտրվել ցանկացող պատգամավորները հստակ դիրքորոշումից խուսափելով պարզապես չցանկացան փչացնել հարաբերությունները լրագրողների եւ լրատվամիջոցների հետՙ հաշվի առնելով վերջիններիս բարձրացրած աղմուկը նախագծի կապակցությամբ։

Առանձնակի կարեւորություն էին ստանում նաեւ քրեական օրենսգիրքը եւ այն ուժի մեջ մտցնելու օրենքի նախագծերը։ Դրանց քվեարկության արդյունքներով օրենսգրքի նախագիծը մերժվեց երրորդ ընթերցումից հետո, իսկ ահա գործարկելու նախագիծն ընդունվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ եթե, ասենք, վաղը կամ մյուս օրն այն ներկայացվի երրորդ ընթերցմամբ, ապա ընդունվելու համար անհրաժեշտ ձայներ չի կարող հավաքել, որովհետեւ նկատելի է պատգամավորներիՙ ընդունելու պատասխանատվությունից խուսափելու կեցվածքը։

Դեռ հինգշաբթի օրը հերթական անգամ այս նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանը հավաստեց, թե գործադիրն իր մոտեցումները վիճահարույց մահապատժի հարցում չի փոխել, այսինքնՙ երեք դեպքերի հետ կապված պնդում է մահապատժի պահպանման անհրաժեշտությունը։ Այդ դեպքերն ենՙ մանկահասակ աղջկա բռնաբարությունը, տեռորիզմը եւ վերջապես առանձնապես ծանր հանգամանքներում կատարված սպանությունը։ Պարզ է, որ հատկապես վերջինիս ենթատեքստում է նկատի առնվում հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որի հետ կապված քաղաքական ուժերի գերակշիռ մասը որեւէ այլընտրանք, քան մահապատիժը, չի ընդունում։ Այս տրամաբանությամբ էլ ժամանակին խորհրդարանը խուսափեց վավերացնել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» պայմանագրի վեցերորդ արձանագրությունը, որով ԵԽ-ին անդամակցող ցանկացած երկիր պարտավորվում է քրեական օրենսգրքում ընդհանրապես բացառել մահապատիժը։

Միքայել Գրիգորյանը հայտարարեց, թե ԵԽ փորձագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում նոր օրինագիծը, սակայն գտնում են, որ հիշյալ բացառությունները մահապատժի վերացման հարցում եւս պետք է վերացվեն։ Այսինքնՙ ԵԽ-ն եւս իր դիրքորոշումներից չի հրաժարվում։ Այսօրվա դրությամբ ընդամենը երկու քաղաքական ուժերՙ ՀՅԴ-ն եւ ԱԺՄ-ն են սկզբունքորեն կողմ ընդհանրապես մահապատժի վերացմանը։ Նրանք գտնում են, որ եթե Հայաստանը որեւէ պարտավորություն է ստանձնում, ապա պետք է հետեւողական լինի իրագործելու, հակառակ պարագայում կարող է վտանգել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Հարցի կապակցությամբ մասնագիտական ուրույն գնահատական ունի Միքայել Գրիգորյանը։ Վերջինիս համոզմամբ, ճիշտ կլիներ, որ պատժի ծայրահեղ միջոցի խնդիրը լուծվեր սկզբունքորեն։ Իսկ մյուս կողմից, ըստ Գրիգորյանի, երբեւէ չի եղել որեւէ հասարակություն, որտեղ մահապատժի կիրառումը ծառայի իր հիմնական նպատակինՙ տվյալ տեսակի հանցագործությունների կրճատմանը։ Իսկ այդ դեպքում, քանի որ Հայաստանը որդեգրել է զարգացման ժողովրդավարության քաղաքակիրթ ճանապարհը, ուրեմն նպատակահարմար է բացառել մահապատիժը։

Հետաքրքրական է, որ հենց այս պահին էր կառավարությունը ներկայացրել նախագիծը։ Երբ նախորդ անգամ հարցը քննարկվում էր, քաղաքական ուժերի միջեւ կարծես լուռ համաձայնություն կայացավ, որ վճռահատելու պատասխանատվությունը պետք է թողնվի մյուս գումարման խորհրդարանին։ Խնդիր էր դրվել այդ նպատակով մինչեւ լիազորությունների ավարտը հարց չքննարկել։ Հիշեցնենք նաեւ, որ Եվրախորհուրդը Հայաստանին ժամանակ էր տվել մինչեւ հունիսՙ հստակ, վերջնական մոտեցում արտահայտելու համար։

Այս տեսակետից իսկապես փրկություն կարող է լինել սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն, որով փաստորեն արգելվում է մահապատիժը։ Այս հարցի կապակցությամբ սահմանադրության նոր խմբագրումը միայն հետեւյալն է ամրագրում. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։ Այսինքնՙ մահապատիժն արգելվում է։

Փաստորեն երեկվա քվեարկությամբ քաղաքական ուժերն այդ հարցի վերջնական լուծումը թողնում են հասարակությանը։ Եթե հանրաքվեով սահմանադրության նոր խմբագրումն ընդունվի, փաստորեն հաջորդ խորհրդարանը մեխանիկորեն կզրկվի քրեական օրենսգրքում որեւէ կատարելուց։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4