«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ԱՆԿԱԽ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑՙ ՔՐԴԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Առանց դիմադրության Բաղդադի անկումը եւ այնտեղ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումն անսպասելի էր իրաքցիների, անգլո-ամերիկյան ուժերի, ինչպես նաեւ այն պետությունների համար, որոնք հավանություն չէին տալիս ԱՄՆ-ի սանձազերծած հակաիրաքյան պատերազմին։

Այս պետություններից յուրաքանչյուրը պատերազմին հակադրվելու ուրույն պատճառներ ուներ։ Եթե Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին հուզում էին այն տնտեսական եւ քաղաքական շահերը, որոնք նրանք հետապնդում են Իրաքում, ապա արաբական երկրներին մտահոգում է պատերազմի օգտագործումը որպես օրինական իշխանության տապալման միջոց եւ դրա նախադեպի ստեղծումը։

Նախադեպի պարագան, ինչ խոսք, մտահոգիչ է Իրաքի անմիջական հարեւաններից Սիրիայի եւ Իրանի համար։ Հատկապես այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, պետքարտուղարը, պաշտպանության նախարարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ամենօրյա սադրիչ հայտարարություններով անընդհատ սպառնալիքի տակ են պահում այս երկրներին։ Թեեւ Թուրքիան իշխանության տապալման նախադեպի խնդիր չունի, ոչ էլ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությունն է նրան սպառնում, սակայն նրան էլ խիստ անհանգստացնում են հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները։

Դրանց ընթացքը ենթադրում է քրդական ինքնիշխանության ստեղծումը։ Ուստի ստեղծման հավանականությունը Թուրքիայի համար ե՛ւ նախադեպ, ե՛ւ սպառնալիք է դառնում։ Քանի որ քրդերը բացի Թուրքիայից, բնակվում են նաեւ Սիրիայում եւ Իրանում, հետեւաբար վերջիններիս ԱՄՆ-ի հետ սպառնում է նաեւ ամերիկյան նախաձեռնությամբ Իրաքի հյուսիսում ստեղծվող քրդական ինքնիշխանությունը։

Որքան էլ վերոհիշյալ պետությունները հակաիրաքյան պատերազմին հակադրվելու տարբեր պատճառներ ունենան, դրա երկարաձգումը նախընտրելի էր բոլորին, առավել եւս Իրաքի անմիջական հարեւաններին։ Այն առումով, որ իրաքցիների հետ երկարատեւ թեժ մարտերն անխուսափելիորեն ԱՄՆ-ից կխլեին մարդկային ռեսուրսների նորանոր կորուստներ։ Իսկ Բուշի վարչակարգն ամերիկյան հասարակական կարծիքի առջեւ արդարանալու պարտավորության տակ այլեւս ի վիճակի չէր լինի ռազմական սպառնալիքի ենթարկել Սիրիային եւ Իրանին։ Այդ ընթացքում թուրքերը կստանային հյուսիսային Իրաք ներխուժելու իրենց մտադրությունը Սադդամի դեմ երկրորդ ճակատի բացման անհրաժեշտությամբ պատճառաբանելու բավականին լուրջ հիմքեր։

Բաղդադի առանց դիմադրության անկումով եթե Սիրիան եւ Իրանը կորցրել են ԱՄՆ-ի սպառնալիքներից խուսափելու հնարավորությունը, ապա Թուրքիան զրկվում է հյուսիսային Իրաք ներխուժելու եւ ռազմական միջամտությամբՙ եթե ոչ քրդական ինքնիշխանության ձեւավորմանը խոչընդոտելու, ապա գոնե քրդերի առաջխաղացումը դեպի Քիրքուք եւ Մոսուլ կասեցնելու հնարավորությունից։

Ուրեմն թուրքերի համար խնդիրը սոսկ քրդական ինքնիշխանությունը չէ, այլ քրդերի իշխանության տարածումը Մոսուլի եւ Քիրքուքի պես Իրաքի նավթային կենտրոնների վրա։ Տարածման լավագույն ձեւը թերեւս նշված քաղաքների գրավումն էր։ Բաղդադի անկումից հետո քուրդ փեշմերգաները, ամերիկյան հատուկ զորախմբի օժանդակությամբ, նախ գրավեցին Քիրքուքը, ապա մտան Մոսուլ։

Քրդերի ռազմական հաջողությունները Թուրքիայի կառավարող շրջանակներում իրարանցում են առաջ բերել։ Թերեւս այդ առումով պատահական չէ փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ։ Թուրքական թերթերն ապրիլի 11-ի համարներում նշում են, որ Գյուլը, պահանջելով քուրդ փեշմերգաներին անհապաղ դուրս բերել Քիրքուքից, Փաուելին հիշեցրել է այն երաշխիքները, որը Թուրքիային տվել էր ԱՄՆ-ը։ Փաուելն իր հերթին հավաստել է, որ փեշմերգաները դուրս կբերվեն։

Նրա հավաստիացումը մամուլի ասուլիսում հաստատել է Սպիտակ տան խոսնակ Արի Ֆլեշերը, մասնավորապես ասելով. «Քիրքուքի վերահսկողությունն իրականացնելու են ամերիկյան զորքերը»։ Նույն օրը Գյուլը Քիրքուքից փեշմերգաների դուրսբերման երաշխիք էր ստացել նաեւ Իրաքյան Քրդստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիից։ Մինչդեռ այդ նույն Բարզանին հակաիրաքյան պատերազմի նախօրյակին նախազգուշացնում էր Թուրքիային զորք չուղարկել Քիրքուք, այլապես սպառնալով թուրք զինվորի համար գերեզման դարձնել քաղաքի փողոցները։

Ինչո՞վ բացատրել Բարզանիի այս շրջադարձը։ Ըստ երեւույթին ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնեցված գործողություններով, որոնց հիմքում համատեղ մշակված ռազմավարությունն է։ Հարկ է նշել, որ հյուսիսային Իրաքում ամերիկացիները, բացի Բարզանիից, հենվում են նաեւ Իրաքյան Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջելալ Թալաբանիի եւ PKK-ի իրավաժառանգորդ KADEK-ին ենթակա զորամիավորումների վրա։

Թվում է, թե հյուսիսային Իրաքում քրդական ինքնիշխանության առումով ԱՄՆ-ի համագործակցությունը քուրդ առաջնորդների հետ անհամեմատ կարեւոր է, քան Թուրքիային տված երաշխիքներըՙ Փաուելի եւ Ֆլեշերի հավաստիացումներով հանդերձ։ Թերեւս այդ համագործակցության շնորհիվ է, որ քուրդ առաջնորդները կարողանում են անտեսել Քիրքուքում ամրանալու դեպքում քրդերին այնտեղից թուրքական զորքով դուրս բերելու Թուրքիայի սպառնալիքները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Թուրքիային տված նրա երաշխիքները չեն խանգարում, որ քրդերը Քիրքուքից հետո գրավեն նաեւ Մոսուլը։ Սա ցույց է տալիս, որ հյուսիսային Իրաքում ԱՄՆ-ն առաջնորդվում է ոչ թե թուրքերին տված երաշխիքներով, այլ նախապես մշակված քաղաքական ծրագրերով, որոնց մեջ որոշակի տեղ են գրավում քրդերը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4