«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ծաղկազարդը, որ այս տարի նշվում է ապրիլի 13-ին, Մեծ պահքի յոթերորդ կիրակին է, հիշատակը մեր Տիրոջՙ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի, որին ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ, դիմավորել ձիթենու եւ արմավենու ճյուղերով, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ բացականչելով. «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Խաղաղություն երկնքում եւ փառք բարձունքներում» (Մարկ. 10.9-10)։ Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջեւ հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը։ Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն։ Հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան։ Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին խորհրդանշում էր մահվան հանդեպ հաղթանակը։ Հայաստանում ձիթենու եւ արմավենու փոխարեն ուռենու ճյուղերն ենք օգտագործում։

Ծաղկազարդի նախօրեին, շաբաթ օրը կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է եկեղեցու խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Սրբ. պատարագ։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցին օրհնում է ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին։ Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը։ Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները։ Օրհնված ոստերը Սրբ. պատարագից հետո տանում են հավատացյալներն իրենց տները եւ պսակի նման գործած ամրացնում երեւացող տեղում եւ պահվում է մինչեւ հաջորդ Ծաղկազարդ, որն էլ հաջողություն ու պտղաբերություն է պարգեւում այդ օջախին։

Ծաղկազարդը տոն է մանավանդ երեխաների համար։ Քրիստոսը չէ՞ որ նրանց համար ասացՙ թողեք, որ նրանք ինձ մոտենան, քանզի նրանցն է երկնքի արքայությունը։ Ծաղկազարդին երեխաներին տոնական զգեստներ հագցնելով տանում են եկեղեցիՙ Աստծու օրհնությունը ստանալու։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4