Անհատական ծածկագրերի համակարգի ներդրման համար առաջին անգամ ՀՀ պետբյուջեից 98 մլն դրամ է առանձնացվել
Ի՞նչ է անհատական ծածկագիրը (ԱԾ)։ Արդեն 2¬3 տարի շրջանառվում է այս հասկացությունը, բայց բուն էությունը դեռեւս մատչելի չէ հասարակությանը։ Հենց այդ նպատակով լրագրողներին ու նրանց միջոցով նաեւ լայն շրջանակներին իրազեկելու համար ՀՀ սոցապ նախարարությունը մեծ հավաք էր հրավիրել։ «Անհատական ծածկագրերի լայնորեն ներդնումը մեզանում գուցե թե շատ ժամանակ չխլի, քանի որ այլ երկրներում դրա մեխանիզմը, փորձը վաղուց մշակվել են, եւ մենք օգտվելու ենք դրանցից։ Այս պահին կարեւորը հասարակության միտքն ու լսողությունը բացելն է», հավաքի սկզբում ընդգծեց ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը։
«Անհատական ծածկագիրը նշանակում է տեղեկատվության միասնականություն, նշանակում է բարեփոխում ողջ սոցիալական համակարգում։ ԱՄՆ կառավարությունը շատ է կարեւորում այս խնդրի իրագործումը նաեւ Հայաստանում եւ տեխնիկական վերազինումներ իրականացնելու նպատակով տրամադրել է 3 մլն դոլար», սա էլ Հայաստանում սոցիալական բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռոջեր Վոհնի խոսքն էր։ Համակարգի շահագործման համար առաջին անգամ նաեւ ՀՀ պետբյուջեն 98 մլն դրամ է հատկացրել։ ԱԾ համակարգ մտնելու պարտադրանք արտաքուստ չկա. բայց եթե քաղաքացին ուզում է պետությունից որեւէ աջակցություն, ասենք, նպաստ ստանալ, կամա թե ակամա, պետք է ընդունի այն։
Փորձնական ծրագրով արդեն իսկ 25 հազար քաղաքացիներ ԱԾ-եր ունեն։ Եվս 150 հազարի հայտ նույնպես կա։
ԱԾ-ի բազան ձեւավորվելու է սահմանափակ ինֆորմացիայի հիման վրաՙ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, սեռ, անձնագրային համարներ, այսինքնՙ անձի մասին տեղեկություններն անձնագրերում ավելի շատ են (հասցե, վիզաների թույլտվություն եւ այլն), քան կլինեն ԱԾ-երում։ Թվային 10 նիշով ամրագրված այս տվյալներից բացի, ծածկագիրը պարունակում է նաեւ օժանդակ համար եւ հսկիչ նիշ, որոնց շնորհիվ երբեւէ չեն շփոթվի անվանակիցների անհատական տվյալները։ Տարբեր կառույցներում անհատի վերաբերյալ տվյալները մշակվում են միայն նրա համաձայնությամբ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ԱԾ-ն։ Ասենք, մարդն ուզում է թոշակի անցնել, նա պետք է համապատասխան ծառայությանը ներկայացնի իր ԱԾ-ն։ Ծածկագրի սկզբնական ինֆորմացիան կտեղափոխվի կենսաթոշակային տվյալների համակարգ, իսկ հետո այստեղ կմուտքագրվեն թոշակ ստանալու հետ կապված մյուս տվյալներըՙ աշխատանքային ստաժ, աշխատանքային գրքույկ, աշխատապայման եւ այլն։ Այլ ոլորտներում նույնպես մշակվում են համապատասխան տեղեկություններ։ ԱԾ-ն քաղաքացիներին վերաբերող տվյալների միջոլորտային արդյունավետ փոխանակությունների հնարավորություն է ընձեռում։ Այսինքնՙ մարդը կազատվի տարբեր կառույցներից զանազան տեղեկանքներ վերցնելու քաշքշուկներից։ ԱԾ համակարգի ներդրումը հանրապետությունում իրականացնում է «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոնը։ ԱԾ-ի առաքելությունը լինելու է նաեւ տարբեր ոլորտներում նույն քաղաքացու մասին թափառող, հաճախ տարաբնույթ տվյալների ճշտումը։ Թվային 10 նիշերի համակցությունն անձի մասին տվյալների նույնականացումն էՙ մեկընդմիշտ եւ վերջնականապես։ 2004 թ. հուլիսի 1-ից ԱԾ-ի կիրառումը պարտադիր կարգով պիտի իրականացնեն նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք, ըստ իրենց աշխատանքի բնույթի, քաղաքացիների անհատական տվյալների հետ կապված որեւէ գործառույթ են իրականացնում։ ԱԾ-ի ներդրման առաջին շահագրգիռը հարկային մարմիններն են, որոնք եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի հետ կապված պարբերաբար բախվում են անլուծելի, չճշգրտվող խնդիրների։ Ակնկալվում է, որ նոր համակարգի ներդրումը պիտի հստակեցնի նաեւ կենսաթոշակային ոլորտի աշխատանքը։ 2500 մասնագիտություններ կան (սահմանված նորմայից բարձր աղմուկի, աշխատանքային վտանգավոր պայմանների դեպքում եւ այլն), որոնցով զբաղվածներն արտոնյալ թոշակ ստանալու իրավունք ունեն։ Բայց առայժմ նրանք բոլորը, ինչպես աշխատանքային մեծ ու փոքր ստաժ ունեցողները, վճարվում են նույն սկզբունքով։
Ըստ կարգի, ԱԾ տեղեկատվական բազա պարունակող համակարգչից կարող են օգտվել միայն սոցապ նախարարության եւ «Նեմրութ» կենտրոնի սահմանափակ թվով աշխատակիցներ։ Տեղեկատվական բազայում առկա տարաբնույթ տեղեկությունը պաշտպանելու համար այն չի միացվի որեւէ ներհանրապետական կամ արտաքին տեղեկատվական ցանցի։ Մշակվել է նաեւ համակարգչային ծրագիր, որը կողմնակի անձանց եւ հակերների համար անմատչելի կդարձնի այն։ Իսկ եթե մարդն, այնուամենայնիվ, հայտնաբերում է, որ իր անհատական տվյալները ինչ-ինչ հանգամանքներում ի չարն են օգտագործվել, ապա, 2002 թ. հոկտեմբերի 8-ին ընդունված «Անհատական տվյալների մասին» օրենքի համաձայն, նա կարող է հայց ներկայացնել դատարան։
Իհարկե, նոր համակարգի ներդրմամբ պետությունը նպատակ ունի ամենից առաջ կառավարելի դարձնել իր բնակչության մասին խայտաբղետ տեղեկությունները։ Բայց դրանց գաղտնիության ապահովումը վստահելի կարող է լինել գոնե որոշակի կենսամակարդակով ու զարգացմամբ երկրի համար, որն ունի նաեւ իր քաղաքացիների անվտանգության ապահովման կուռ կառույցներ։ Մի բան, որով չենք կարող հպարտանալ։ Այդ դեպքում ԱԾ ներդրումը չի՞ նշանակի արդյոք, որ մենք ցանկացած մարդու մասին մշակված ամփոփ տեղեկությունները սկուտեղի վրա մատուցում ենք անձանց ու կառույցների, այդ թվում նաեւ օտար, ովքեր մինչ այդ էլ զբաղվում էին դրանով, բայց հիմա գործունեության ավելի թափանցիկ դաշտ կունենան։ ԱԾ ներդրումն առաջին հերթին հարվածելու է ստվերային զբաղվածության շահերին։ Գործատուին ձեռնտու չէ իրական ծախսերը ներկայացնել, որպեսզի հարկեր քիչ վճարի։ Բայց ո՞վ է ասում, որ համակարգի ներդրումից հետո նա աշխատողին թույլ կտա իրական տվյալներ ներկայացնել աշխատավարձի վերաբերյալ։ Եվ աշխատողն էլ, գործազուրկ չդառնալու վախից, ստիպված չի լինի համաձայնել գործատուի հետ։ Իսկ նրա շահերը պաշտպանող արհեստակցական միությունները, որոնց կարող է դիմել օգնության ակնկալիքով, վաղուց հիշողություն են դարձել։ Լայնածավալ այս միջոցառումն իրականացնելուց առաջ գուցե թե պետք էր կենդանացնել նախ այդ կառույցները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ