«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


Թ. ԴԵՎԻՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է»

ԲԱՔՈՒ, 15 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Թերրի Դեվիսը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի, արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի, Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովի եւ վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ։

Ըստ ադրբեջանական «525-րդ» թերթի, հանդիպումներից հետո Դեվիսն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի իր այցը պետք է ընկալվի որպես ԵԽ-ի մեծ հետաքրքրվածություն հակամարտության լուծմամբ։ Դեվիսը համաձայնել է հանդիպումների ընթացքում հնչած այն կարծիքի հետ, որ հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է եւ հույս է հայտնել, որ իր զեկույցը կօգնի կարճ ժամանակում լուծում գտնելուն։ Դեվիսն ասել է, որ այցի արդյունքների հիման վրա մտադիր է անաչառ զեկույց պատրաստել այդ ձգձգված հակամարտության մասին։

Երեկ Դեվիսը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջիններս հյուրին տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության «պատմությանը եւ ծագման պատճառներին», ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացներին եւ հիշեցրել, որ 1992 թ-ին ստեղծված Մինսկի խումբը հակամարտության շահագրգիռ կողմ ճանաչել է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական համայնքներին։ Նրանք Դեվիսին ներկայացրել են Ղարաբաղի քարտեզը, 1989 թ-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված մարդահամարի արդյունքները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «չկիրառված» չորս բանաձեւերի տեքստերը եւ գրականություն այն «հանցագործությունների մասին, որ կատարել են հայ ահաբկիչները 19-րդ եւ 20-րդ դարերում»։ Նրանք Դեվիսի ուշադրությանն են ներկայացրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկական անհամատեղելիության մասին արտահայտությունըՙ, այն վիրավորանք որակելով ադրբեջանական ժողովրդի համար։ Ըստ նրանց, Լեռնային Ղարաբաղին կարող է տրվել ինքնավարություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կունենան հավասար իրավունքներ։ Նրանք անթույլատրելի են համարել հայերին Լաչինով միջանցք տրամադրելու «պնդումը», նշելով, որ այդ միջանցքը կարող է անցնել նախկին Լաչինի եւ Քելբաջարի շրջանների հատման սահմանով։ Դեվիսը հավաստիացրել է, որ ղարաբաղյան հակամարտության մասին ներկայացված բոլոր ասպեկտները տեղ են գտնելու իր պատրաստելիք զեկույցում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4