«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հրավերով եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 13¬16-ը Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՌԴ Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի, Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, պետական այլ պաշտոնյաների հետ։

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հիմնական առաքելությունը հայ-ռուսական տնտեսաքաղաքական կապերի ամրապնդման մի վերջին ջանք կարելի է համարել, քանի որ երրորդ գումարման Ազգային ժողովը ընդամենը մի քանի շաբաթից ավարտում է առաքելությունը։ Իսկ ջանքը կարելի է համարել հաջողված այն առումով, որ հանդիպումների եւ զրույցների ընթացքում մեկ անգամ եւս ամրագրվեց ռազմավարական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Գ. Սելեզնյովի հետ հանդիպմանը շոշափվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրներ։ Կողմերը գոհունակություն հայտնեցին աշխատանքների ընթացքիցՙ շեշտելով միջխորհրդարանական համատեղ հանձնաժողովիՙ մարտին Մոսկվայում կայացած վերջին նիստի հաջող արդյունքները։

Դաշնության խորհրդի նախագահ Ս. Միրոնովի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան խնդիրների ավելի լայն շրջանակի։ Մասնավորապես, ռուսական կողմին հետաքրքրում էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքը եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը։ Վերջինի մասին հետաքրքրական հայտարարություն արեց Ս. Միրոնովը։ Համաձայնելով, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար 2003 թ. ներքին քաղաքական զարգացումների տարի է, նա, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը թերեւս հնարավորություն կունենան եւս մեկ անգամ հանդիպել նախքան տարեվերջ, հնարավոր է, Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի տոնակատարությունների ընթացքում։

Չշրջանցվեց նաեւ Իրաքի թեման։ Ա. Խաչատրյանը նշեց, որ Հայաստանին հարցն անհանգստացնում է նախ եւ առաջ այն պատճառով, որ այնտեղ բազմաթիվ հայեր են բնակվում, եւ որ այդ երկիրը Հայաստանից բաժանվում է ընդամենը 300 կմ-ով, այսինքն, որեւէ աղետ կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի վրա։

Ս. Միրոնովն իր հերթին նշեց, որ ակտիվ ռազմական փուլից հետո Իրաքում կատարվողը անհասկանալի գործընթաց է, եւ այդ երկրի վերականգնումը անհնար է առանց ՄԱԿ-ի եւ մասնավորապես Անվտանգության խորհրդի, այսինքնՙ նաեւ Ռուսաստանի անմիջական մասնակցության։

Պրն Միրոնովն անդրադարձավ նաեւ «Գույք պարտքի դիմաց» միջպետական պայմանագրին։ Նշվեց, որ միջազգային պրակտիկայում նախադեպը չունեցող այս գործարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ որոշ երկրներ ուսումնասիրում են փորձըՙ հետագայում կիրառելու նպատակով։

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4