ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ 167 կոնգրեսականների անունից նախագահ Ջորջ Բուշին հղված նամակում կոչ է արվում նրանՙ ապրիլի 24-ի հիշատակության ուղերձում պատշաճորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոունի երեկ հրապարակած նամակը, նախորդ տարվա համեմատությամբ հինգ ստորագրությամբ ավելի է։
Կոնգրեսականների նամակում մասնավորապես ասված է. «1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ իրականացված չարագործությունն ապրիլի 24-ի Ձեր ուղերձում պատշաճորեն ցեղասպանություն ճանաչելովՙ դուք տուրք կտաք ԱՄՆ-ի պատմական առաջատարությանը եւ կհիշեցնեք աշխարհին այն ժողովրդավարական ու մարդասիրական արժեքների մասին, որոնց վրա հիմնված է մեր երկիրը»։
Անցած տարի իր ուղերձում նախագահ Ջ. Բուշը Հայոց ցեղասպանությունը որակեց պարզապես «սպանություն», հետագայում մեծացրեց ճնշումը Թուրքիայի վրաՙ ընդունելու «ցեղասպանություն» տերմինը, սակայն, չգնաց այնքան առաջ, որքան միջազգային հանրությունը, մասնավորապես Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան եւ Վատիկանը, որոնք բոլորն էլ ինչպես հարկն է ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։