«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


«ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է, «ՇՓՈԹՎՈՒՄ» Է ԻՇԽԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

ՀՌԱԿ շրջանակներ ստեղծվեցին Գորիսում եւ Կապանում

ՀՌԱԿ Գորիսի շրջանակի ստեղծման առաջին պատգամավորական ժողովի օրակարգի հաստատումից, մանդատային ու հաշվիչ հանձնաժողովների, խմբագրական խորհրդի առաջադրումից ու ընտրությունից հետո ելույթ ունեցավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նա ուշադրության արժանացրեց այն արձանագրումը, որ 1991 թ.-ից կանոնավորապես գործող ՀՌԱԿ Սյունիքի ակումբը լուրջ կառույց է, որի հիմնական կորիզը ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն մեծացելՙ առավել մեծացնելով ինտելեկտուալ գործակիցը, եւ որ արդեն հասունացած անհրաժեշտություն է Գորիսի ենթամարզի շեշտակիորեն շատացող ակումբների գործունեությունը համակարգելն ու կոորդինացնելըՙ կուսակցության շրջանակ ստեղծելը։

Ռ. Միրզախանյանը խոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՌԱԿ ծրագրի, մարտի 27-ին ստորագրված հայ-ռուսական տնտեսական բազմաճյուղ սերտացում ենթադրող համագործակցության պայմանագրի մասին։

¬ Նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի առաջին իսկ շարժերն արդեն առկա են։ Գործնական ուշադրության կիզակետում առաջին հերթին կհայտնվեն հանրապետության հեռավոր մարզերն ու գյուղերը։ Մոտակա ծրագիր է հանրապետության բազմաթիվ դպրոցներում ստեղծել ժամանակակից համակարգչային դասարաններ։ Հաղորդակցման արդի պայմաններում այլեւս չի կարելի հանդուրժել, որ հայ շնորհալի երեխան ունենա թերզարգացման բարդույթ։

Գյուղատնտեսության մեջ ներդրումները հիմնված կլինեն կիրառական գիտության գործնական, ոչ ժամանակավրեպ կիրարկումների վրա։ Կուսակցության փորձը վկայում եւ հուշում է, որ ցանկացած հիմնավոր ձեռնարկում կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ այն քաղաքականապես պաշտպանված լինի, ունենա գործադիր իշխանության երաշխիքային լծակը, հակառակ պարագայում, որպես օրինաչափություն, կկողոպտվի, փաստեց ՀՌԱԿ ատենապետը։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված, Ռ. Միրզախանյանն անդրադարձավ կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղերը զբաղեցնող գործիչների, կուսակիցների քաղաքացիական նկարագրին ու ծավալած քաղաքական, հասարակական ու աշխատանքային գործունեությանը. «Ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է ձեր համաքաղաքացի, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, ՀՊՃՀ¬ի Գորիսի կրթահամալիրի տնօրեն Յուրա Սաֆարյանը։ Ձեզ ներկայացել է ցանկալի հնարավորությունՙ առաջիկա ԱԺ¬ում ունենալ սկզբունքային, մտավորական պատգամավորի»։

Ձեւավորվեց ՀՌԱԿ Գորիսի շրջանակը։ Ատենապետ ընտրվեց Յուրա Սաֆարյանը։

Նույն օրը ՀՌԱԿ պատվիրակությունը եղավ Կապանում։ ՀՌԱԿ Կապանի ակումբի ատենապետ, քաղաքապետի տեղակալ Նորիկ Հարությունյանի բացման խոսքից, պատգամավորական ժողովի օրակարգի կանոնադրական մասից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՌԱԿ ատենապետը։ Նա նախ շնորհավորեց կապանցիներինՙ ՀՌԱԿ հոբելյանականՙ 10-րդ շրջանակի ստեղծման առիթով։ Հետո, բնականաբար, զրույցի առանցքում հայտնվեց առաջիկա խորհրդարանական ընտրության թեման. «Վաղուց արդեն ժամանակն է, որ մեր ժողովուրդն ունենա քաղաքակիրթ պատշաճ մակարդակի, օրենսդրական լուրջ ու նպատակամետ աշխատանքի ունակ խորհրդարան եւ ոչ այնպիսին, որի յուրաքանչյուր հերթական սխալն ուղղելու համար այլեւս պիտի շատ ուշ լինի կամ այն պիտի փոխհատուցվի ժողովրդի, առանց այն էլ չեղած բարեկեցության կտրուկ անկումներով։ Քրեական «փարթամ» կենսագրությամբ ու դիպուկ մականուններից ազատագրվել չկարողացող մարդկանց ու նրանց հովանավորներին, պարզ է, հաճո չպետք է լիներ հստակ ու ազնիվ գաղափարախոսությամբ ռամկավարների ընկերակցությունը։ Ընձեռված է կրկին չսխալվելու եւ երկրի իսկական ու արժանի տերը լինելու հնարավորությունը»։

Ելույթից հետո մտքերի հետաքրքրական փոխանակություն ծավալվեց։ Մեծ էր ռեզոնանսը «ՀՌԱԿ¬ը հպարտ միայնության մեջ առաջիկա ցանկալի հաջողությունը փշրելու վտանգ չունի՞» հարցի։ Ռ. Միրզախանյանը նկատեց. «Կուսակցությունը միշտ էլ դաշինքներ ստեղծելու ջատագովներից է, բայց ոչՙ անբնական, հընթացս ձեւավորված, անվստահելի լիդերներով միավորումներին կույր անդամակցելու։ Մենք չէինք կարող ընկերակցել այն կուսակցություններին, որոնք ավանդական կուսակցությունների գործունեությանը փականք դնելու արգահատելի փորձ ու սովորույթ ունեն։ Ես էլ լավատես մարդ եմ, բայց երբ լավատեսությունը դատարկ է, այն կարող է ընդհուպ շատ վտանգավոր լինել։ Կուսակցության դարավոր պատմությունը հուշում է, որ ամենացանկալի դաշնակիցն ունի եւ այդ դաշնակիցը ժողովուրդն է»։

Երիցս շահարկված իշխանամետության առնչությամբ ՀՌԱԿ ատենապետը շեշտադրեց. «Մեր կուսակցությունը պառլամենտական աշխատանքի լուրջ փորձ ունի 1918 թ. սկսյալ։ Հեղափոխություններ հրահրելը մեր ձեռագիրը չէ եւ ոչ էլ «համարձակ» լուտանք¬հայհոյանքներով էժան հեղինակություն փախցնելըՙ մեր գործելաոճը։ Այնպես որ, պետականամետությունը, որ հայրենասիրություն է, «շփոթվում» է իշխանամետության հետ»։

Ըստ օրակարգի, ձեւավորվեց եւ ՀՌԱԿ Կապանի շրջանակը։ Մի խումբ նորագիրներ համալրեցին տեղի ակումբի շարքերը։ Ատենապետ ընտրվեց Նորայր Հարությունյանը։

Հաջորդ օրըՙ ապրիլի 15-ին Սիսիան քաղաքում տեղի ունեցավ Սյունիքում թվով երրորդ, Սիսիանի շրջանակի պատգամավորական ժողովը։ Զեկույցով հանդես եկավ Ռ. Միրզախանյանը, ընտրվեց վարչությունՙ ղեկավարությամբ Լեւոն Ավագյանի, իսկ վերջում հանձնվեցին տոմսեր, եւ 45 նորագիրներ կատարեցին երդման արարողությունՙ անդամագրվեցին ՀՌԱԿ-ին։

ՀՌԱԿ ատենապետ Ռ. Միրզախանյանը եւ փոխատենապետ Հ. Առաքելյանը հանդիպումներ ունեցան Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանի, Կապանի քաղաքապետ Ա. Կարապետյանի հետ։

Նրանց ընդունեց եւ Սյունիքի մարզպետ Էդ. Բարսեղյանը։ Զրույցը գործնական էր։

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4