Եզրակացությունը պետք է լինի այսօր
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ առավոտյան, մինչ ՍԴ նիստի սկիզբը, ԱԺ շենքի առաջ փոքրիկ բազմություն էր կանգնածՙ հավասարապես բաղկացած ոստիկաններից եւ ինչ-որ մարդկանցից, որոնցից մեկ-երկուսը, որքան էլ անհեթեթ լիներ, ծաղիկներ էին բռնել։
Նախորդ նիստերից երեկվա նիստը հենց սկզբից տարբերվեց եւս մեկ անակնկալով. դատարան էր եկել նաեւ ինքըՙ դիմումատու Ստեփան Դեմիրճյանը։ Դահլիճում էլ, ի դեպ, ազատ տեղ չկար։
Նիստն սկսվեց։ Նախ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի կարգավիճակի հետ կապված նշեց, որ նրա լիազորությունները դեռեւս սահմանված կարգով չեն դադարեցվել։ Բացի այդ, տկն Գյուլումյանը դեռ չի կարող իրականացնել Եվրադատարանի անդամի գործառույթներ, քանի չի երդվել։
Դատարանն այնուհետեւ անցավ կողմերի եզրափակիչ ելույթներին։
Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն իր եզրափակիչ ելույթը սկսեց այն համոզվածությամբ, որ սահմանադրություն ընդունելով եւ միջազգային փաստաթղթերի միանալով հայ ժողովուրդը հավաստել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանն ու բարձր արժեքներին։
Այն, որ ասվածից անմիջապես հետո եւ էլի քանիցս Աշոտ Սարգսյանն անդրադարձավ ԵԱՀԿ դիտորդների եզրակացությանն ու մեջբերումներ կատարեց, կանխատեսելի էր այնքանով, որ տարօրինակ կլիներ առնվազն, եթե այդպես չլիներ։ Միջազգային դիտորդների եզրակացությունը հիշատակելովՙ Աշոտ Սարգսյանը եզրակացրեց, թե մեր պետությունն այս ընտրություններում չկարողացավ ապահովել իր քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Ուստի այսուհետեւ Սահմանադրական դատարանից է կախվածՙ Հայաստանը պատմության մեջ կմնա որպես քաղաքակրթության մա՞ս, թե՞ վերջնականապես կվերածվի բռնապետության։
Նախագահական ընտրությունների 2 փուլերն էլ, ըստ ելույթի, նախապատրաստվել ու անցկացվել են ծրագրված խախտումներով եւ կարեւորը դրանց ծանրությունն ու չափերն են։ Եվ հետաքրքրական էր, որ, համաձայն Աշոտ Սարգսյանի, այդ խախտումներն արդեն «դատաքննությամբ հաստատված են, փաստված»։ Նույն պաթետիկ եւ սուբյեկտիվ դատողություններով Աշոտ Սարգսյանը ոչ միայն խոսեց ԿԸՀ-ի կատարած-չկատարածի, այլեւ ԶԼՄ-ների լուսաբանումների օբյեկտիվությունից։ Պրն Սարգսյանը խոսեց քվեաթերթիկ լցնելու հանգամանքի նկատմամբ անուշադրությունից, ԿԸՀ «դպրոցական» թվաբանությունից, իրավապահների թերացումներից, ընտրության սկզբունքներից, խախտումների համատարած բնույթից, կալանքներից, տուգանքներից։ Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչը հիմնական շեշտադրում կատարեց թեկնածուներից մեկի իրավունքները խախտելու հանգամանքի վրա։ Հատկապես ընդգծվեց, որ խախտումներ են տեղի ունեցել նաեւ քարոզչության շրջանում, եւ դրանք էապես կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Իր թվարկած դատողությունների եւ «դատաքննությամբ փաստված» (ե՞րբ էր իմացել այդ մասինՙ չիմացանք¬ Ա. Հ.) հանգամանքների հիման վրա Աշոտ Սարգսյանը եզրակացրեց, որ տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների ծրագրվածությունը հնարավորություն չի տալիս վերականգնելու ընտրությունների իրական արդյունքը։
Մի որոշ ժամանակ էլ յուրօրինակ թվաբանությամբ փորձելով հիմնավորել նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների ընդհանուր եւ մասնակիցների թվերի ուռճացվածություն ասվածըՙ Աշոտ Սարգսյանն ընդհանրացրեց, որ ՍԴ-ին ուղղված իրենց խնդրանքի հիմնավորվածությունն առկա է եւ բավարար ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
Խոսեց նաեւ Ստեփան Դեմիրճյանի մյուս ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը։ Պրն Դալլաքյանի խոսքը զգալի տարբեր էր Աշոտ Սարգսյանի ելույթից։ Այն «բերնեբերան» լիքն էր աֆորիզմներով, ասացվածքներով, մեջբերումներով (Ռոբերտ Քոչարյանից, Արտակ Սահրադյանից, լորդ Ռասելից մինչեւ ՍԴ նախագահ)։
Պրն Դալլաքյանն անդրադարձավ, ինչպես կարելի է ենթադրել, իր սիրած թեմային, մասնավորապես թե ինչու ԼՂՀ մեկ քաղաքացի ստացել է ընտրվելու իրավունք, մինչդեռ մյուսները չեն էլ մասնակցել ընտրություններին։ Ընդհանուր հումորով հարուստ ելույթը Վիկտոր Դալլաքյանն ավարտեց ՍԴ անդամներին շնորհակալություն հայտնելով։
Վիճակագրական տվյալների մասնագիտական էքսկուրս կատարեց Ստեփան Դեմիրճյանի վերջին ներկայացուցիչ պրն Մանասերյանը։
Սրանով դիմող կողմն ավարտեց իր ելույթը։
Պատասխանող կողմը, հանձին Տիգրան Մուկուչյանի, սկսեց իր ելույթըՙ նախօրոք ՍԴ անդամներին եւ դիմող կողմին տրամադրելով այն բոլոր նյութերը, որոնց հիման վրա պատրաստված էր ելույթը։ Բավականին ձանձրալի եւ երկարատեւ խոսքով Տիգրան Մուկուչյանը ընտրատարածք առ ընտրատարածք անդրադարձավ բոլոր փաստաթղթերին եւ նյութերին, որոնցում, ըստ պատասխանող կողմի, առկա են էական բացթողումներ, սխալներ, կեղծիքներ։ Մասնավորապես, որոշ արձանագրություններում չկա հատուկ կարծիք, որոշ բողոքներ ներկայացվել են ընտրություններից 2 օր հետո, առանց քվեարկության օրը հատուկ կարծիք նշելու, կամ կեղծ ստորագրություններով, սխալ նշումներով արձանագրություններ եւ այլն։
Մինչ պրն Մուկուչյանը ներկայացնում էր իր դիտարկումներն ըստ ընտրատարածքների եւ տեղամասերի, Ստ. Դեմիրճյանի որոշ համախոհներ լքեցին դահլիճը։ Նշենք, որ Ստ. Դեմիրճյանի ներկայացուցիչներ Աշոտ Սարգսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը նրա ելույթի հենց սկզբից դատարանի դահլիճում չէին։
Պատասխանող կողմի ելույթի ավարտից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը միջնորդեց, որպեսզի ԿԸՀ-ն դատարանին ներկայացնի վստահված անձ գրանցելու բոլոր հայտերը։ Հիմնավորումն այն էր, որ արձանագրություններ եւ դիմումներ ստորագրած որոշ վստահված անձանց կապակցությամբ հարց է առաջացելՙ իրականում նրանք գոյություն ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Որոշվեց, որ մինչեւ ժամը 5։30 ԿԸՀ-ն կներկայացնի պահանջվող բոլոր հայտերը, որոնք մինչեւ այսօր առավոտյան կուսումնասիրվենՙ ժամը 10-ին նիստը շարունակելու համար։