«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ԵՐԲ ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հայաստանում քաղաքական խմորումները երբեմն այնքան անսպասելի լուծումների են հանգեցնում, որ առնվազն խիստ ինքնավստահ պիտի լինես չզարմանալու համար։ Վերջերս առիթ ունեցա ծանոթանալու խորհրդարանական ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած կուսակցությունների համամասնական ցուցակներին։ Ո՜ւմ ասես այդ ցուցակներում չհանդիպեցի, էլ անցած-գնացած գործիչների, էլ պոռոտախոս ու դատարկամիտ մարդկանց, էլ մեծուփոքր թաղային եւ ֆինանսական հեղինակությունների։

Ինձ առնվազն տարօրինակ թվաց ընդդիմադիր դաշինքիՙ «Արդարության» ցուցակը։ Այն այնպես ապշեցրեց ինձ, որ միանգամից ափսոսացի, որ ընտրությունների երկու փուլերում էլ ձայն եմ տվել ընդդիմության թեկնածուներին։ Ամենամեծ անակնկալն ինձ համար վաղուց քաղաքական ասպարեզից դուրս շպրտված Ալբերտ Բաղդասարյանի ազգանվան հայտնությունն էր։ Նա առաջիններից մեկն էր, որ վարկաբեկեց Ղարաբաղյան շարժումը եւ շարժման գործիչներին։ 51 միլիոնի սկանդալային պատմությունը կապված էր Բաղդասարյանի անվան հետ։ Կարող ենք թարմացնել ընթերցողների հիշողությունը։ Դեռ 91 թ. Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության դեմ հարուցվել էր քրեական գործ, որը հայտնի էր որպես «նարնջի հյութի» գործ։ Չարաշահումների ընդհանուր ծավալը 51 միլիոն ռուբլի էր կազմում։ Ժամանակի իշխող վերնախավը հանդիսացող հայտնի ՀՀՇ-ականների պահանջով գործին ընթացք չտրվեց, թեպետ ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանն անձնապես շահագրգռված էր եւ հնարավորն էր անում գործի բացահայտման համար։ Հիշենքՙ 91 թիվն էր, երկրի համար տնտեսապես ծանր վիճակ, իսկ Երեւանի փոխքաղաքապետ Ալբերտ Բաղդասարյանը խաղ էր անում միլիոնների հետ։ Իհարկե, այս 51 միլիոնի կողքին ավելորդ է հիշել, որ Երեւանի քաղաքապետարանը ձեռք էր բերել հեռուստացույցներ, որոնցից մեկը, բնականաբար, հայտնվեց Բաղդասարյանի տանը։ Իհարկե, այսօրվա կողոպուտի կողքին սա մանր երեւույթ կթվա, սակայն դրանով վարկաբեկվում էր մի ողջ գաղափարախոսություն եւ քաղաքական հոսանք։

Բաղդասարյանի կյանքից եւս կարելի է առանձին դրվագներ էլ հիշել, սակայն մեկ այլ առիթով։

Վերադառնանք «Արդարություն» դաշինքի ցուցակին։ Ես երկար ժամանակ մտածում էի, թե ո՞ր կուսակցությունն է առաջադրել նրա ազգանունը, երբ հարցիս պատասխանը ստացա մի քանի օր առաջ թերթում կարդալով, որ Բաղդասարյանը, պարզվում է, Ազգային առաջադիմություն անունով կուսակցության ղեկավար է բավական չէ, այդ կուսակցությունն էլ միավորել է ԱԺՄ-ի հետ։ Ապշել կարելի է, թե որքա՜ն կույր պիտի լինի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նրա հետ միավորվելու եւ նրան դաշինքում տեղ հատկացնելու համար։ Ենթադրում եմ, որ այդ տեղը տրվել է ԱԺՄ-ին, Մանուկյանն էլ, որպես երախտիքի նշան, թեպետ ոչ այնքան պատվավոր, սակայն իրենից հետո ԱԺՄ-ին հատկացված 2-րդ տեղը նվիրել է Բաղդասարյանին։ Ժամանակին, երբ վերջինս նշանակվեց Մեղրու եւ Ղափանի պարետ, այդ շրջանների բնակչությունը գրեթե սովի էր մատնված, իսկ Բաղդասարյանը խնջույքներ էր կազմակերպում այնտեղ։

Եվ այս մարդու հետ է Վազգեն Մանուկյանը կապում իր կուսակցության ապագան։ Մնում է ցավակցել Վ. Մանուկյանին, քանի որ Բաղդասարյանի ներգրավմամբ գրել է ԱԺՄ կուսակցության մահախոսականը։ Հետո էլ, երեւի, Մանուկյանը կզարմանա, թե ինչպե՞ս են կուսակցությունը լքում ԱԺՄ-ականները։

Ցավալի է, բայց եւՙ իրողություն, մեր օրերին խիստ բնորոշ իրողություն։

Պարզապես հենց Ալբերտ Բաղդասարյանի ազգանվան պատճառով «Արդարությունը» հաստատապես մեկ ձայն կորցրեց։ Իմ ձայնը։

ԱՐՄԵՆ Ս. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4