«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Ընդդիմությունը շարունակում է նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին եւ երեկ Մատենադարանի մոտ կազմակերպել էր հերթական հանրահավաք-հանդիպումն ընտրողների հետ։ Երեկվա հանրահավաքը նախորդներից չէր տարբերվում եւ պոպուլիստական ելույթներով հարուստ էր։ Թիրախը դարձյալ երկրի նախագահն էր, նրա հասցեին շպրտվեց ցեխի հերթական չափաբաժինը։ Ալբերտ Բազեյանը համոզմունք հայտնեց, որ երկրում ի վերջո օրինական իշխանություն է հաստատվելու եւ հույս, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի։ Թեման շարունակելով Արամ Կարապետյանն ավելացրեց, որ եթե ՍԴ-ն հօգուտ Ստեփան Դեմիրճյանի վճիռ չկայացնի, ուրեմն որոշումը քաղաքական է։ Պայքարը, սակայն, ըստ նախագահի նախկին թեկնածուի, ՍԴ-ով չի վերջանա. «Մենք գնում ենք ԱԺ-ում մեծամասնություն կազմելու», որպես պայքարի հետագա ձեւ սա է նշում Արամ Կարապետյանը։ Այս հանրահավաքին նա այդքան էլ անողոք չէր եւ նշեց, որ Փարաքարը բաց էՙ մեծահոգաբար ներկայիս իշխանություններին երկրից հեռանալու հնարավորություն ընձեռելով։

Ռոբերտ Քոչարյանին երկրում մնալու թե Հայաստանից հեռանալու որոշում կայացնելու իրավունքն իրեն է վերապահում նաեւ Արամազդ Զաքարյանը։ Սակայն եթե Արամ Կարապետյանը Փարաքարի ճանապարհը բացելու կամ փակելու անմեղ փորձեր է անում, Զաքարյանը, գիտակցելով թե ոչ, ազգի մեջ իրար նկատմամբ թշնամություն է հրահրումՙ Քոչարյանին անվանելով հյուր, որ «եկել է մեր տուն եւ չի ուզում հեռանալ»։ Զաքարյանի տունը հավանաբար Հայաստանն է, տան տերերն էլ ինքը, Ալբերտ Բազեյանը, Արամ Կարապետյանն ու Ստեփան Դեմիրճյանն են։

Իշխանություններից նեղացածներից ելույթ ունեցավ նաեւ Օհան Դուրյանը։ Մինչ նրա ելույթը, Ալբերտ Բազեյանը մտավորականությանը մեղադրեց ծախված լինելու մեջՙ Դուրյանին, բնականաբար, առանձնացնելով «ծախվածներից»։ Չթերագնահատելով Օհան Դուրյանի տաղանդն, այնուամենայնիվ նշենք, որ սեփական հավակնոտությունը դրդեց նրան հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։

Արամ Զավենի Սարգսյանի ելույթը նույնպես ՍԴ-ին էր առնչվում։ Նա հանրահավաքի մասնակիցներին պատմեց դատական նիստից իր տպավորությունների մասին։ Արամ Սարգսյանը հետեւել է ՍԴ անդամների պահվածքին եւ վստահ էՙ «համակրանքը միանշանակ իրենց կողմն է»։

Ստեփան Դեմիրճյանի ելույթից առաջ բարձրախոսն անջատվեց։ Խնդիրը կարգավորեցին 5¬10 րոպեի ընթացքումՙ համարելով իշխանությունների հերթական սադրանքը։ Միջադեպն, այնուամենայնիվ, ունեցավ իր հետեւանքըՙ զայրացնելով ընդդիմության լիդերին, որի ելույթները հիմնականում զսպվածությամբ են աչքի ընկնում։

Ստեփան Դեմիրճյանը «սադրանքը» կազմակերպող իշխանություններին աղբանոցը շպրտելու սպառնալիք հնչեցրեց։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4