Այս անվանումն է կրում վերջերս «Հրազդան» հրատարակչության տպագրած ՀՀ ոստիկանապետի խորհրդական, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Միքայել Վախթանգի Գրիգորյանի գիրքը։ Մ. Գրիգորյանը հեղինակ է մի շարք մենագրությունների, ուսումնաօժանդակ ձեռնարկների, գիտագործնական մեկնաբանությունների, բազմաթիվ գիտական հոդվածների ու աշխատությունների։ Պրն Գրիգորյանը ղեկավարում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման եւ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի հետագա լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը նաեւ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ է։
«Մահապատիժ. այո՞, թե՞ ոչ» աշխատության մեջ լուսաբանվում են մահապատժի էության եւ կիրառման փորձի հիմնահարցերը։ Քննության են առնվել մահապատիժը պահպանելու կամ վերացնելու օգտին արտահայտող փաստարկները։ Գրքում առանձին քննարկման առարկա են դարձել մահապատժի եւ հասարակական կարծիքի փոխհարաբերության, ինչպես նաեւ մահապատժի հետ կապված էթիկական հարցերը։ Գրքի վեց գլուխներում ամփոփված են այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել քրեական իրավունքի հարցերով զբաղվողների, մարդու իրավունքների պաշտպանությամբ մտահոգված անձանց, իրավապահ ոլորտի եւ դատարանների աշխատակիցների, ինչպես նաեւ լայն հասարակայնության համար։
Մահապատժի խնդիրը մարդկությանը հուզել է վաղնջական ժամանակներից, իսկ սպանությունն ու դրա համար նախատեսվող պատիժը (որպես կանոնՙ մահապատիժը), ըստ էության, մարդկային ցեղի հասակակիցներն են։ Մահապատժի հիմնահարցը դարեր շարունակ զբաղեցրել է պատմաբանների, փիլիսոփաների, իրավագետների, հոգեբանների եւ մտավորականների ուշադրությունը, եւ առ այսօր այն չի կորցրել իր հրատապությունը։ Վերջին ժամանակները մահապատժի լինել-չլինելու խնդիրը լայն քննարկման առարկա է դարձել նաեւ մեզանում, հատկապես Եվրախորհրդի առջեւ ստանձնած մեր պարտավորություններում հատուկ նշվում է մահապատժի վերացման հարցը։ Բայց դժվար թե որեւէ մեկը կարողանա հրամցնել վերջնական ու կատեգորիկ դեղատոմս, որն անվերապահորեն ընդունվի բոլորի կողմից։ Ուստի, ինչպես կարդում ենք գրքում, այս աշխատության հեղինակն իր կարծիքն այլոց ու առավել եւս հասարակությանը պարտադրելու որեւէ հավակնություն չունի։ Ավելինՙ սույնով փորձ է արվում համակարգել մահապատժի հիմնահարցը, հնարավորինս ի մի բերել առկա տեղեկատվությունը եւ այդ ամենով նպաստել հասարակական կարծիքի կողմնորոշմանը։ Թեեւ հեղինակը չի թաքցնում նաեւ իր սուբյեկտիվ վերաբերմունքն առ այն, որ ինքը մահապատժի վերացման կողմնակից է եւ, բնականաբար, իր աշխատանքում ավելի շատ տեղ է հատկացնում տվյալ դիրքորոշման օգտին առկա փաստարկներին։ Քրեական իրավունքի հայտնի համակարգերից ոչ մեկը դեռեւս չի կարողացել համոզիչ կերպով ցուցադրել մահապատժի հետեւողական ու արդարացի կիրառման հնարավորությունը։ Հեղինակն իր աշխատությունն ավարտում է հետեւյալ տողերով. «Մահապատիժն օժտված չէ ժամանակակից ընկալմամբ քրեական պատժի բոլոր հատկանիշներով, այն իրագործում է միայն «թալիոնի» (հատուցման) սկզբունքը։ Մահապատժի կիրառման առնչությամբ պատմականորեն ձեւավորված երկուՙ «ռացիոնալ» եւ «էմոցիոնալ» մոտեցումներն ունեն իրենց հիմնավորումները։ Բայց եթե մենք մտադիր ենք ապրել իրավական պետության մեջ, ապա, այնուամենայնիվ, պետք է ընտրենք «ռացիոնալ» իրավական մոտեցումը»։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ