Դա իրոք այդպես է. 25-ամյա դաշնակահարուհի Աննա Սարաջյանը (Մեծ Բրիտանիա) օրերս մենակատար էր նույն տարիքում Յոհաննես Բրամսի ստեղծած Դաշնամուրի թիվ 1 ռե մինոր կոնցերտի կատարման ժամանակ։
Լինելով մեծ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիկ ստեղծագործություններից մեկը (1856¬1859), Կոնցերտը զուգորդվում է ավելի շուտ պատկառելի արվեստագետի ստեղծագործության հետ, այնքան որ ինքնօրինակ է այդ երաժշտությունը։ Եվ Բրամսի Առաջին կոնցերտը, որպես կանոն, նվագում են հասուն տարիքում, երբ «հաղթահարելի է» բազմանշանակությանՙ Բրամսի կատարողական գլխավոր դժվարության սահմանը։ Տվյալ ստեղծագործության ընկալման բազմանշանակության պատճառով (դասական կամ ռոմանտիկ, քնարական, դրամատիկ կամ հովվերգական, վերջապես հռետորական կամ մտերմիկ) կատարողական պրակտիկան առաջարկում է մեկնաբանումների բազմազանություն։ Գտնել սեփական մեկնաբանումը, դրանում համոզելով ունկնդիրներինՙ արդեն իսկ մեծ արվեստ է։
Խելացի, լուրջ, երեւույթների խորքը տեսնող Աննա Սարաջյանն ապրիլի 11-ի երեկոյան Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում առաջարկեց Բրամսի անհատական ընթերցում, որը կատարվեց գերմանական հիմնարար ավանդույթների լույսով։ Փիլիսոփայական առակՙ սա է այդ ընթերցման անունը։ Բրամսի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը ներկայացավ միակտուր մեծաբեկորի տեսքով, որի «կերտումը» ըստ տակտերի ընթանում էր հանդիսատեսի ներկայությամբ։ Ունկնդիրներին անմիջապես գրավեց երաժշտական-փիլիսոփայական պատումի լարվածությունը, որտեղ երաժշտական դարձվածքները խոսքերի պես շարադրում ու զարգացնում էին միտքը, այն հիմնավորելով զանազան փաստարկներով, իսկ երբեմն էլ հերքելով «հակառակի ապացույցներով»։
Շատ հետաքրքրական էր հետեւել մտքի այդ աշխատանքին. թերեւս կարելի է այդպես սահմանել Աննա Սարաջյանի կատարողական ընթերցման ժանրը։ Տաղանդավոր դաշնակահարուհին երաժշտական ամբողջ պատումի նախաձեռնողն էր, ընդ որում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին (վահանակի մոտ Է. Թոփչյանն էր) անդրդվելիորեն ստիպում էր հետեւել իր դիրքորոշմանը։
Բրամսի թիվ 1 կոնցերտի երեք մասերի տեմպերը մենակատարուհին գիտակցաբար դանդաղեցրեց, ինչը նրան թույլ տվեց կշիռ հաղորդել յուրաքանչյուր հնչյունի, երաժշտական ժեստի, կոչի, հնչերանգի։ Դրա հետ մեկտեղ, օգտագործելով հնչյունային նրբերանգների բավական տարբերակված սանդղակը, Սարաջյանը ստեղծագործության ընդհանուր հնչյունային նկարագրում հանդես բերեց նահանջ պերճ գունավորումից եւ տեմբրային երանգավորումից։ Երիտասարդ դաշնակահարուհին կարողացավ համոզել, որ հնչյունը կամ հնչյունային կառուցվածքն իրենց զուսպ վեհությամբ եւ իմաստային հագեցվածությամբ ունկնդրի վրա ազդում են ոչ պակաս չափով, քան հղկված երեւակայության խաղը։ Աննան կարողացավ գտնել նման հնչյունային վերարտադրման ուղին, երբ Բրամսը դառնում է ոչ միայն Բեթհովենի գործի շարունակողը, այլեւ Բախի հետեւորդը։
Բախի հնչյունային միջոցների զինանոցի, նրա անկրկնելի պոլիֆոնիկ փորձի օգտագործումն Աննա Սարաջյանին թույլ տվեց հասնել տպավորիչ արդյունքի։ Ինչպես Բախի կամ Բեթհովենի գործերի ունկնդրության ժամանակ, Բրամսը եւս Սարաջյանի կատարմամբ գրավեց զարգացող մտքի միասնությամբ. վեհաշուք-դրամատիկ առաջին մասից դեպի երկրորդ մասի վերամբարձ առեղծվածը եւ ապաՙ եզրափակիչ ռոնդոյի դրվագված ցայտունությունը։
Աննան ծնվել է Երեւանում, որտեղ նախնական երաժշտական կրթությունն ստացել է հորՙ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի մոտ։ Արդեն 15 տարեկանում Աննան Բախի անվան հատուկ մրցանակ ստացավ Էթլինգենում (Գերմանիա) կայացած դաշնակահարների միջազգային մրցույթում։ 1995¬98 թթ. նա սովորել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցում, իսկ 1999¬2002 թթ.ՙ Լոնդոնի երաժշտության Թագավորական ակադեմիայում (նրա ուսուցիչն անգլիացի հիանալի դաշնակահար Հեմիշ Միլնն է, որին մեկ տարի առաջ ունկնդրեցինք Երեւանում)։ Հաճախ նվագելով համույթներում եւ տարբեր երկրներում համերգներով հանդես գալով որպես մենակատարուհի, Սարաջյանն առավելապես դիմում է դասական նվագացանկին։ 2002 թ. հոկտեմբերին Երեւանում նա մենակատարներից մեկն էր Բեթհովենի Ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի եռյակ կոնցերտում (մյուս մենակատարներն էին ջութակահարուհի Նիկոլա Լաուդը եւ թավջութակահարուհի Բեատե Ալտենբուրգըՙ երկուսն էլ Լոնդոնից)։
Աննա Սարաջյանի ստեղծագործական գլխավոր արժանիքը ոճային մտածողությունն է, որը դրսեւորվում է գեղարվեստական խիստ ու զուսպ հայեցակարգի շրջանակներում։ Դրա հաստատումը դարձավ հայրենիքում նրա ունեցած վերջին ելույթը։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր