Ռադիոֆիզիկայի բնագավառում խորհրդային տարիներին Հայաստանում կատարվեցին գիտական նոր ու արժեքավոր շատ հայտնագործություններ, որոնք անհասանելի էին զարգացած շատ երկրների։ Մեծ նվաճումներ գրանցվեցին տիեզերքն ուսումնասիրող հզոր անտենաների, անտենային մետրոլոգիայի, ռադիոհոլոգրաֆիայի եւ այլ ճյուղերում։ Միջազգային մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցող ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունին իր աշխատակազմի հետ ստեղծեց աշխարհում իր տեսակի մեջ եզակի հզոր անտենան։ Մինչ օրս ստեղծված անտենաներից այն ամենաճշգրիտն է, ամենաօպտիմալը, որ կարողանում է աշխատել ամենակարճ ալիքների վրաՙ տարածության մեջ ձեւավորելով ամենասուր ճառագայթը։ Ունի շատ ցածր սեփական աղմուկներՙ 2,8 գելվին, որը հեղափոխություն է այս ոլորտում։ Անտենան մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գիտնականների շրջանում, գրեթե բոլոր երկրներից գալիս են դիտելու եւ ուսումնասիրելու։ Անտենայի միջոցով արվել են մի քանի խոշոր հայտնագործություններ, որոնցից մեկը մեզանից 250 լուսատարի հեռավորության վրա գտնվող, իր չափերով արեգակնային ամբողջ մոլորակային սիստեմից մեծ Էտտա կարմիր հսկա աստղի վրա հայտնաբերված բռնկումն էր։ Անտենայի մեծ զգայնությունն անվանի գիտնականին թույլ տվեց չափելու տիեզերքի ստեղծած ֆոնը։ Դրանով նա կասկածի տակ առավ աշխարհի գիտնականների ընդունած այն տեսությունը, ըստ որի տիեզերքը ստեղծվել է մեծ բռնկումի հետեւանքով։ Տասը տարի գիտնականների արձագանքներին ու պարզաբանումներին սպասելուց հետո Հերունին հանդես եկավ հոդվածներով եւ հաստատեց, որ հզոր բռնկում չի եղել, եւ այդ տեսությունը վերանայման կարիք ունի։
«Արեւ» նախագիծը
Վերջին տասնամյակի ամենախոշոր նախագիծը «Արեւն» էրՙ նոր տիպի արեգակնային հզոր էլեկտրակայաններ ստեղծելու համար։
«Այս նախագիծն անչափ կարեւոր է, որովհետեւ 21-րդ դարակեսին կվերջանան երկրի բնական պաշարներըՙ նավթը, ածուխը, գազը, եւ մարդկությունն էներգետիկ ահռելի ճգնաժամ կապրի։ Դեռ 20 տարի առաջ աշխարհի մի շարք երկրներում կառուցվեցին արեգակնային էլեկտրակայաններ, սակայն այս գործը երկու հիմնական պատճառով կանգնեց փակուղու առջեւ։ Բանն այն է, որ դրանց կառուցումը հիմնված է հին ավանդական մեթոդների վրա, որ գիտեր Արքիմեդը, իսկ նրանից 5000 տարի առաջ գիտեին հայերը, որ եթե շատ հայելիներ ունենաս եւ շողքերը գցես մի կետի վրա, այնտեղ տաքություն կառաջանա։ Բոլորն այդ ձեւով են կառուցում։ Իսկ թե ինչու նոր բան չէին մտածում, չգիտեմ», ասում է Հերունին։
1992 թ. Ռուսաստանից նա ստացավ արեգակնային էլեկտրակայան կառուցելու արտոնագիրը։ 1993 թ. դիմեց Հայաստանի կառավարությանըՙ առաջին փորձնական, համեմատաբար փոքր էլեկտրակայան կառուցելու առաջարկով, սակայն մերժում ստացավ։ «Պետական ամենաբարձր մակարդակում պատասխանեցին, որ դա երկրին պետք չէ։ Անգլիացիներն իմացան այդ մասին, եկան, ֆինանսավորեցին։ Իմ պայմանով առաջին փոքր արեգակնային էլեկտրակայանը պիտի կառուցվեր Հայաստանում, որը 350 կվտ էներգիա կտար, 1/3 մգվտ, որից հետո միայն 1,5 մեգավատանոց կկառուցեինք։ Մեր աշխատակազմով 1994¬96 թթ. արագ տեմպերով կառուցում էինք, բայց, ցավոք, ստիպված եղա կանգնեցնել աշխատանքը։ Ինչո՞ւ։ Ուրեմն, այս անգլիացիները հայտնի փորձագետների միջոցով պարզել էին, որ մեր կառուցածը մեծ արդյունավետություն ունի։ Մարկետինգ էին արել ու տեսել, որ աշխարհի շատ երկրներում պահանջարկ կա, տնտեսական հաշվարկներ էին արել ու համոզվել, որ եթե հիմա միլիոնատեր են, ապա 5 տարի հետո կդառնան միլիարդատեր։ Այնքան էին ոգեւորվել, որ ինձնից թաքուն որոշել էին իմ արտոնագրերը յուրացնել։ Այդ մասին հենց իմացա, հրաժարվեցի իրենց գումարից, եւ 1998 թ.-ից գործը կանգնեց։ Դիմեցի Անգլիայի պատենտային գլխավոր դատավորին, որ իմ նյութերով միջազգային պատենտներին հայտեր են ներկայացրել իրենց անուններով։ Դատավարությունը տեւեց երկու տարիՙ 1996¬98 թթ., որի արդյունքում, ի զարմանս բոլորի, գլխավոր դատավորը հարցը լուծեց հօգուտ ինձ, հայտարարելով, որ «պրոֆեսոր Հերունին իրական եւ միակ սեփականատերն է բոլոր պատենտների եւ պատենտային հայտերի»։ Դրանից հետո ուրիշները ցանկացան ֆինանսավորել, բայց ասում ենՙ «հիմարը նա չէ, ով չի սխալվում, այլ նա, ով կրկնում է սխալը», պատմում է Հերունին։ Սկզբից եւեթ նա խուսափել է մասնավոր ֆինանսավորումից, ձգտել է, որ Հայաստանի կառավարությունը գործին տեր կանգնի, որովհետեւ փորձնական տարբերակից հետո պետք է սկսվեր սերիական արտադրություն։ Եվ քանի որ շուկան մեծ է, հետեւաբար ցանկալի էր մեր երկրում ստեղծել մետաղական կոնստրուկցիաներ արտադրող մոտ 10 գործարան եւ տարեկան արտադրել ավելի քան 100 արեգակնային էլեկտրակայաններ, որոնցից ամեն մեկը կբերի 1 մլն դոլարի շահույթ։ Այնպես որ, եթե մեր կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերեր, ապա տարեկան պետբյուջե կմտներ մոտ 100 մլն դոլար։
Փորձնական տարբերակն ավարտելու համար այսօր անհրաժեշտ է 1¬1,5 մլն դոլար։ «Թե մեր կառավարությունը երբ կխելոքանա, չգիտեմ, սակայն այլեւս սպասելու ժամանակ չունեմ։ Խոշոր առաջարկներ եղան Մ. Նահանգների մեծահարուստ հրեաներից. 500 մլն դոլար էին ներդնում, որ գնամ Իսրայելում կառուցեմՙ հրաժարվեցի։ Գերադասեցի սոված մնալ, քան ուրիշներից խնդրել։ Բայց այլեւս չեմ կարող սպասել կառավարությանը, եւ հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ենք հաստատել այս տարի գործը տեղից շարժելու համար։ Դա մեծ նշանակություն կունենա մեր հանրապետության համար։ Հուսով եմ, որ կառավարությունը կսկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտությանը եւ լրջորեն կխորհի նախկին զարգացած ու արդյունավետ ճյուղերը պահպանելու մասին, այլապես դրանց կորուստը ծանր հարված կլինի ազգի համար, հիմնովին կջլատի երկիրը։ Այն ազգը, որ չունի գիտություն, չունի ապագա»։
Ռադիոֆիզիկայի ինստիտուտի 850 կադրերից այսօր մնացել է 250-ը։ Լավագույն կադրերը կարիքից ստիպված դարձել են հեռուստացույց նորոգողներ։ Այդուհանդերձ, երիտասարդ կադրերը ձգտում են գիտությամբ զբաղվել, ասպիրանտները նույնիսկ աշխատավարձ չեն պահանջում։ Պարիս Հերունին մոգական ուժ ունի ու հավատով է նայում ապագային։
Քարահունջ
«Քարահունջը հրաշք է։ Աստղերի շարժումներով ապացուցվում է, որ այստեղ ավելի քան 7500 տարի առաջ եղել է շատ զարգացած քաղաքակրթություն։ Ոչ ոք դա չի կարող հերքել։ Հիմա ամբողջ աշխարհն է խոսում այս հզոր աստղադիտարանի մասին, բայց մերոնք առանձնապես ոգեւորված չեն։ Մինչդեռ սա սենսացիոն երեւույթ է, քանի որ 5000 տարուց ավելի հին քաղաքակրթություն աշխարհում չի եղել, ամենուրեք ապրել են վայրի ցեղեր։ Քարահունջի աստղադիտարանը 3500 տարով ավելի հին է Անգլիայի Սթոուն հեյնջից եւ 3000 տարով ավելի հինՙ Եգիպտոսի բուրգերից։ Այնպես որ, սա մի սյուն է, որ ոչ ոք չի կարող ճոճել, ինչքան էլ ցանկանան։ Այստեղից է տարածվել քաղաքակրթությունը, հայերն են կառուցել հնամյա բուրգերը։ Հայաստանում էլ կան պատմաբաններ, հնագետներ, որոնք չեն ուզում ընդունել, սակայն չեն կարող հերքել։ Գիտական հոդվածներ եմ տպագրել Երեւանում, Մոսկվայում, Իտալիայում եւ այլուր։ Վաշինգտոնում կա մի մասնագետ, որ հին հուշարձանները թվագրում է աստղերի շարժումներով։ Նրան ուղարկեցի բոլոր տվյալները եւ ստացա պատասխանըՙ պարզապես հիացած է մեր կատարած աշխատանքով»։ Մեծ մտքի տեր այս գիտնականի հետ զրուցելը նույնպես հրաշք է, քանզի նրանից ճառագում են երկնքի վճիտ լույսն ու հայրենի երկրի զորեղ ուժը։
«Հայոց արմատները»
Այսպես է կոչվում Պարիս Հերունու գիրքը, որի վրա այժմ աշխատում է մեծ լարումով։ Նա ավելի քան համոզված է, որ գիտական եւ մշակութային առումներով գիրքը կունենա մեծ նշանակություն։ «Հայոց հնագույն պատմությունը սարսափելի ձեւով աղավաղված է, վերագրված ուրիշներին, կողոպտված, անտեսված ու դուրս շպրտված մարդկության հնագույն պատմությունից։ Դա է պատճառը, որ մինչ օրս կան լիքը հանելուկներ, որոնց պատասխանը չի տրվել։ Օրինակՙ հայտնի չէ, թե Սթոուն հեյնջը ով է կառուցել եւ ինչու, չէ՞ որ տեղի բնակչությունն այդ ժամանակ չուներ այդպիսի գիտական մակարդակ։ Հասկանալի է, որ դա բերված մշակույթ է։ Որտեղի՞ց, չգիտեն։ Նույն կերպ Կենտրոնական Ամերիկայում 6000 տարի առաջ կառուցված բուրգերի հեղինակները հայտնի չեն։ Սակայն փաստ է, որ տեղի քաղաքակրթությունը բոլորովին նոր է», իր միամիտ ու իմաստուն աչքերը լայն բացած պատմում է Հերունին։
Գիրքը բաղկացած է 3 մասից. առաջինում կտրվի Քարահունջի գիտական հիմնավորումըՙ բացառիկ լուսանկարներով, որոնց մեջ կան այնպիսի հազվագյուտ ակնթարթներ, ինչպես արեւի առաջին ճառագայթի շողը քարի անցքից։ Երկրորդ մասը կոչվում է «Հայոց լեզվի անալիզ», որ գիտնականը կատարում է լեզվի մեջ եղած մեծ ինֆորմացիայի միջոցով։ «Իմ վերլուծությունը ցույց է տվել, որ հայոց լեզուն միայնակ է զարգացել, որ հայոց այբուբենի ամեն տառն իմաստ ունի։ Գտել եմ տառերի իմաստային արժեքները եւ պարզել, որ մեր այբուբենը ստեղծվել է առնվազն տասը հազար տարի առաջ։ Սկզբում եղել է 19 տառ։ Դրանք երկու տողով դասավորեցի եւ կարդացի հետեւյալ նախադասությունըՙ «Ես իմ աստծո (արեւի) էությունն եմ սիրում։ Իմ հոգին նրա կեսն է»։
Հերունու համար գիտության մեջ չկան կաղապարներՙ լինի դա ռադիոֆիզիկայի, թե մեկ այլ բնագավառում։ Նա ուղղակի անէացնում է այն բոլոր պատնեշները, որ խոչընդոտում են իր մտքի եւ ներըմբռնողության ուժով թելադրված որոնումները։ «Այդ ինչպե՞ս եղավ, որ Արտաշես արքան իր երկրում, իր ժողովրդի համար արամեերեն լեզվով սահմանաքար դրեց», զարմանում է մեծ գիտնականը եւ որոշում սահմանաքարերի արձանագրությունները կարդալ ոչ թե արամեերենով, ինչպես դա անում են հնագետները, այլ հայերենով։ Երկար պրպտումներից հետո, իր խոսքերով, վերականգնում է հայոց հնագույն այբուբենը եւ կարդում. «Այս կանգնած քարից մինչեւ Արտա տերն է հողի այս գահազանը»։
Գրքի երրորդ բաժնում Պարիս Հերունին կներկայացնի հայոց պատմության նախաքրիստոնեական շրջանի վերաբերյալ իր դիտարկումներըՙ դարձյալ հիմք ունենալով Քարահունջը, հայոց լեզվի անալիզը եւ շատերի համար անսովոր ու գուցե անընդունելի այլ փաստարկներ։
«Խելք է պետք։ Գիտնականը նա չէ, ով առաջնորդվում է միայն տեղեկագրերով։ Իսկական գիտնականը պետք է խորագիտակ լինի, իմանա պատմություն, հնագիտություն, աստղագիտություն եւ այլն, կարողանա եզրակացություններ անել, փաստերը ճշտորեն միահյուսել եւ դարձնել ամբողջական շղթա»։
Ինքը գիտնականի այդ տեսակն էՙ շղթայված հայրենի երկրին ու տիեզերքին։
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ