«Ազգ»-ի ապրիլի 1-ի համարում մենք արդեն անհանգստություն ապրել էինք Իրաքի պատերազմի ժամանակ մշակութային արժեքների ոչնչացման վտանգի մասին։ Եվ այսօր, երբ ռազմական կոալիցիայի ղեկավարությունը հպարտությամբ հայտարարում է պատերազմի հաղթական ավարտի մասին, երբ Բաղդադի, Բասրայի, Իրաքի մյուս բնակավայրերում մոլեգնում է գազազած ամբոխը, կրկին համոզվում ենք, որ մի հզոր քաղաքակրթություն է ոչնչացվում։ Դրա մասին են վկայում Իրաքից ստացված վերջին հաղորդագրությունները։ Գրեթե լիովին ավերվել են Իրաքի ազգային թանգարանը եւ ազգային գրադարանը։
Այս ահավոր ավերածությունը պատկերացնելու համար ասենք, որ Իրաքի ազգային թանգարանում եղած բաբելա-ասորական մշակույթի գրեթե 500 հազար ցուցանմուշներից այժմ մնացել է միայն 100-ի 30-40 մասը, եթե, իհարկե, այս մնացածն այսօր կամ վաղն էլ չավերվի կամ չթալանվի։ Աշխարհիկ եւ հոգեւոր մշակույթի բազմահազար նմուշներՙ սեպագրերի սալիկներ, սափորներ, դամբարաններ, ոսկյա եւ արծաթյա արձանիկներ թալանվում են խուժանի կողմից։ Այսինքն շարունակվում է կոալիցիոն զորքերի ավերածությունը, այժմ արդենՙ այդ նույն ուժերի թույլտվությամբ (եթե չասենք հովանավորությամբ)։
Նույնիսկ արվեստից 120 հազար մղոն հեռու կանգնած մարդուն են հայտնի այսօրվա Իրաքի տարածքում գտնվող «Էտեմանանկի զիկուրատը», որն առավել հայտնի է որպես Բաբելոնի աշտարակ, Շամիրամի կախովի այգիները, Ջեմդետ-Նասրի ժամանակաշրջանին (Ք. ծ. ա IV հազարամյակի վերջ-III հազարամյակի սկիզբ) վերաբերող բարձրաքանդակները, որմնանկարները, Ուր, Ուրուկ քաղաքների եւ պատմական այլ բնակավայրերում պեղված հազարավոր պնակիտներ, որոնց վրա ոչ միայն իշխանական հրամաններ են, գործառույթների նշումներ, այլեւ մշակութային պատմության մնայուն գործեր, այդ թվում նաեւՙ «Գիլգամեշ» պոեմի սեպագիր գրառումները։ Եվ, ահա, այս արժեքների մեծ մասը, որը գտնվում էր Իրաքի ազգային թանգարանում, ավերվեցին ու թալանվեցին։
Ամբողջովին ավերվել, հրդեհվել, թալանվել է Բաղդադի ազգային գրադարանը, որտեղ պահվում էր 1 միլիոն գիրք եւ ձեռագիր։
Մշակույթի գործիչները, գիտնականները, համաշխարհային մշակույթի պահպանմանը կոչված կազմակերպություններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։
Դեռեւս շաբաթ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան ամերիկյան եւ բրիտանական իշխանություններից պահանջել է անմիջապես միջոցներ ձեռք առնել Իրաքի տարածքում գտնվող մշակութային արժեքները պահպանելու համար։ Մասնավորապես նա ԱՄՆ-ից պահանջել է պաշտպանության տակ առնել Բաղդադի հնագիտության եւ Մոսուլի թանգարանները, թեեւ դիակապուտներն ավերակների են վերածել Բաղդադի հնագիտության թանգարանը։
Չիկագոյի (Իլինոյս) համալսարանի արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, ամերիկյան հանրահայտ արեւելագետ Մաքգվայր Գիբսոնը դեռեւս Իրաքում պատերազմական գործողություններն սկսվելուց առաջ երեք անգամ եղել է Պենտագոնում, նախազգուշացրել ամերիկյան ռազմական ղեկավարներին Բաղդադի թանգարաններում պահվող ցուցանմուշների անգնահատելի արժեքի պահպանման կարեւորությունը։ 5 հազար տարի առաջ ստեղծված Ուրուկի հանրահայտ սափորը, ամենահին քանդակագործության նմուշ համարվող աշխարհահռչակ «Սպիտակ լեդին», Նիմրուդի ասորական արքաների դամբարաններում եղած ոսկյա զարդերը, ոմանց կարծիքով, պատերազմից առաջ փոխադրվել են Բաղդադում գտնվող Իրաքի կենտրոնական բանկի պահեստարանները։ Մյուսները համոզված են, որ Բաղդադում գտնվող պատմամշակութային բոլոր արժեքները տեղափոխվել են «Բաղդադ-2», այսինքն Իրաքի մայրաքաղաքի ստորգետնյա կատակոմբներ։
Լրագրողների հետ երեկ հանդիպեց Իրաքի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դոննի Ջորջը։ Նա հայտարարեց, որ թանգարանի ավերումից դեռ շատ առաջ (ինչպես նաեւՙ հետո) անձամբ գնացել է Բաղդադում ամերիկյան հրամանատարության շտաբ, խնդրելով, որ ամերիկյան զորքերի գոնե փոքրիկ մի ջոկատ զրահապատ կառքերով պաշտպանի թանգարանի շենքի մուտքը։ Բայց գլխավոր տնօրենի սպասումներն իզուր անցան։ Ոչ ոք չեկավ։
Միջազգային հնագիտական շրջանակների ճնշման տակ այժմ քննություն է տարվում պատմամշակութային արժեքների ավերումներն ուսումնասիրելու համար։ Ամբողջ աշխարհի մշակութաբանները եւ պատմաբանները հավատում են, որ այս տարածքում 100 հազար տարվա պատմական հնություններ կան։ Ամենաարժեքավոր մշակութային արժեքները, որոնք բարձր են գնահատում մասնագետները, 11 հազար տարվա պատմություն ունեն։
Նախնական հետաքննությունից պարզվում է, որ թանգարանի առաջին կողոպտիչները եղել են պրոֆեսիոնալներ, արվեստի գիտակներ։ Դա ապացուցվում է այն բանով, որ թանգարանից չեն գողացվել, շրջանցվել են այն ցուցանմուշները, որոնք սոսկ պատճեններ են եւ որոնց բնօրինակներն այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում (այսինքնՙ թանգարանի առաջին զավթիչները եղել են անգլիացիները)։ Երկրորդՙ մի շարք արձաններ ու քարե ցուցանմուշներ 100 կգ-ից ավելի քաշ ունեն, եւ դրանք տանելու լուրջ սարքեր եւ տեխնիկա էր հարկավոր։ Սովորական կողոպտիչը կամ խուժանը դրանք տանել չէր կարող։ Իսկ դրանք, իսկապես, տարվել են։
Այժմ, երբ կոալիցիոն ուժերի ղեկավարությունը հայտարարում է ռազմական հիմնական գործողությունների ավարտի մասին, ավելի քան տարօրինակ է հնչում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է ի վերջո անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Տարօրինակ է, եթե չասենք ավելին։
Ս. Գ.