Ավագ չորեքշաբթին Հիսուսի վերջին խաղաղ օրն էր։ Նա այդ օրը տաճար չգնաց, քանզի իր ասելիքներն արդեն ասել էր նախորդ օրը։ Ավագ չորեքշաբթի երկու խորհրդավոր դեպք կատարվեց։ Առաջինը Հուդայի մատնությունն էր, երբ 12 առաքյալներից մեկըՙ Հուդա Իսկարիովտացին, գնաց քահանայապետի մոտ եւ ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, եթե ես նրան մատնեմ»։ Հուդային 30 արծաթ դրամ խոստացան։ Երկրորդ դեպքը Հիսուսի օծվելն էր մեղավոր կնոջ կողմից։
Ժողովրդի մեջ Զատիկի կարեւոր նախապատրաստական աշխատանքները սկսվում էին չորեքշաբթի օրվանից։ Չորեքշաբթին չիք էր կոչվում։ Տունը, բակը, ամեն ինչ մաքրում էին, լողանում։ Կարծում էին, թե մաքրությամբ ազատվում են ամեն չարիքից։ Շատերը գնում էին սրբատեղիՙ իրենց տանջող ցավերը չիք չորեքշաբթու հետ այնտեղ թողնելու համար։ Կարնոհայերը կեսգիշերին «ցավիս վերջ» էին ասում եւ մինչեւ մյուս օրվա ժամերգություն լուռ մնումՙ վստահ, որ չիք չորեքշաբթին իր հետ ցավերը կտանի։ Լոռիում մի քանի ձու էին ներկումՙ «չքի աչքը հանելու համար», ինչպես նաեւ եղունգների մեջտեղից գիծ էին քաշում, որ իրենց «գործը կիսատ-պռատ չմնա, ոչ էլ իրենց բախտն ուրիշին գնա»։ Զանգեզուրում այդ օրն էին «աղում-չքում» վնասատուներինՙ բարձրաձայն դրանց չիք-չիք ասելով։
Ավագ չորեքշաբթի գիշերը սատանաներն ամենից շատ էին վախենում մարդկանցից։ Այդ օրը բոլորը տանը դնում էին մասրենու ճյուղեր, որ դրա ճյուղերը պատառոտեն գիսավոր սատանային, զառիթափներում փայտ էին վառում, ծննդկանի վերմակի չորս բոլորը ասեղներ էին շարում եւ հսկում, որ չարերը չմոտենան։ Նույն նպատակով հագուստին ասեղներ էին ամրացնում, տան շեմին սուր առարկաներ դնում։
Մարաշցիներն այդ օրը դաշտերից հավաքում էին «խուրուկ» կամ «նվակ» խոտերը, եփում եւ ուտում։ Կարծում էին, թե Մեծ պասի ընթացքում մարդկանց ճարպերը հալվում են, իսկ վերջին կտոր ճարպն էլ հալվում է «խուրուկ» ուտելուց հետո։