«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ, ՄԱՅԻՍԻՆ ՈՒ ՀՈՒՆԻՍԻՆ

Զգուշացնում է գիտնականը

Սողանքագետ Ռուբեն Յադոյանը նոր է վերադարձել Լոռու եւ Տավուշի մարզեր գործուղումից։ Հանրապետության ողջ տարածքն ընդգրկած հեղեղումներն արթնացրել են նիրհող, ակտիվ կամ կիսաակտիվ սողանքները, որոնք արդեն իսկ հասցրել են զգալի վնասներ պատճառել։ Ձնհալի առատ ջրերը հեղեղել, փխրեցրել են սողանքների ամրությունը պահող լեզվակները, հանել դրանք հավասարակշիռ դիրքից։ «Այն, ինչ մինչ հիմա կատարվել է, դեռ ստվերներ են։ Սողանքների հիմնական, մեծաքանակ տեղաշարժերը կլինեն ապրիլի վերջին, մայիսին եւ հունիսին», կանխատեսում եւ նախազգուշացնում է գիտնականը։

Գեոէկոլոգները հաշվարկել են, որ սարերի ձյունը մինչեւ հալվում է, մերկացնում է լանջերըՙ 1¬1,5 ամիս է տեւում։ Այդ ընթացքում ջուրը ներծծվում է լեռան մեջ, ծանրացնում եւ թուլացնում առանց այդ էլ խախուտ հատվածները։ Այս տարի տեղումների քանակը բազմապատիկ ավելի էր, նույնչափ հավանական են անկանխատեսելի իրողությունների առկայությունն ու զարգացումը։ Նման առատ ձնհալ ու խոնավություն արձանագրվել է մեկ էլ 70-ական թթ. վերջերին, բայց այն ժամանակ մինչ փորձանքը, Դիլիջանից, օրինակ, 350 տուն տեղափոխվեց անվտանգ գոտի։

Տեղաշարժերի երեւույթներ սպասվում են ե՛ւ Լոռու, ե՛ւ Տավուշի մարզերում, ե՛ւ Վայքում, ե՛ւ Սիսիանում ու Գորիսում։ Ըստ գիտնականի, աշխուժացել են նույնիսկ տասնամյակներ դադարած սողանքները։ Լոռու մարզում այդպիսի գոտի է դարձել Մարց գետի հովիտը։ Հեղեղումների հետ կապված գործուղումների կարեւոր կանգառներից մեկն այս տարածքն էր։ Այստեղ երկրաբաններն ականատես եղան անթույլատրելի մի իրողության եւսՙ հենց սողանքի բերանին անգիտակ մեկը մասնավոր հիդրոկայան էր կառուցում։ Գիտնականներն, իհարկե, իրենց պարտքը համարեցին զգուշացնել ձախողակ գործարարինՙ դադարեցնել շինարարությունը։

Ըստ Ռ. Յադոյանի, վտանգավոր գործընթացներ են զարգանում հատկապես Դիլիջանում։ Խորհրդային տարիներին այստեղ հակասողանքային հսկայական միջոցառումներ իրականացվեցին։ Վերջին 15 տարվա ընթացքում ոչ հետազոտական, ոչ կանխատեսումների, ոչ էլ կանխարգելիչ որեւէ աշխատանք չի կատարվել։ Նույն կերպ եւ Հաղարծնի, Օձունի, Թեղուտի, Սպիտակաջրի տեղամասերում։ «Թումանյան» երկաթգծի կայարանից Ստեփանավան տանող ճանապարհահատվածը սողանքի հետեւանքով վնասվել է 6 քմ մակերեսով, 2 մ խորությամբ եւ անանցանելի դարձրել հիմնական ճանապարհը։ Սողանքի պատճառով փակվել է Մույթ եւ Փայահան համայնքները (Սյունիքի մարզ) կապող ճանապարհը։ Միայն Աղստեւի հովտում 5 վտանգավոր տեղամաս կա։

Ֆիալետովո գյուղը հարուստ է տորֆային հանքաշերտերով։ Քչերը գիտեն, որ դրանք առաջացել են դարեր առաջ, սողանքի հսկա տեղաշարժի հետեւանքով։ Փլուզված քարազանգվածը փակել է Աղստեւ գետի դեմը, արհեստական լիճ առաջացրել։ Հետո այն չորացել է, ճահճացել եւ տորֆաբեր հողաշերտի վերածվել։

Նույնատիպ գործընթացների հետեւանք է նաեւ Դիլիջանի Պապանինոՙ 14¬15 մ նստվածքով հանրահայտ թաղամասը։ Այժմ արդեն հարթ տարածքում ժամանակին լիճ է եղելՙ Պապանինոյի լիճը, որը եւս սողանքի գրոհի արդյունք է։ Հետաքրքրական է, որ դարերի ընթացքում ամրացած հողազանգվածի տակ, 70-ական թթ. 50¬60 մ խորության վրա բուսական, կենդանական, մշակութային գոյությունների մնացորդներ են հայտնաբերվել։ Ըստ հնագետների, դրանց տարիքն անցնում է 3 հազարամյակից։ Ե՛վ Ֆիալետովոյի, ե՛ւ Պապանինոյի տեղամասերի վրա այսօր էլ կախված է վտանգի սպառնալիքը։ Ռոբերտ Յադոյանը զգուշացնում է, որ անկման պատրաստ է նաեւ Դիլիջանի Կաղնի Խաչ տեղամասի սողանքը, որն առանց այդ էլ, առանց ձնհալի քայքայիչ գործունեության արդեն իսկ հագեցած է ավերիչ էներգիայով։ Ցավալին այն է, որ սողանքային հատվածները մերձ են գետահովիտներին, իսկ հովիտներն իբրեւ բերրի տարածքներ, վաղուց գերբնակեցված են։ Այսինքնՙ սողանքները սպառնում են ոչ միայն ճանապարհներին։

Ինչո՞ւ վերջին տարիներին կանխարգելիչ որեւէ միջոց չի իրականացվում։ Չէ՞ որ խնդրին քաջատեղյակ են ե՛ւ վերին, ե՛ւ ստորին ատյաններում։ Գիտնականը սրա վերաբերյալ սեփական բացատրությունն ունի։ Ժամանակին խնդիրը ե՛ւ լրջորեն վերահսկվում էր, ե՛ւ տագնապի ահազանգերը ժամանակին էին հնչում։ Այժմ դրա բարդությունն ավելին պատկերացնելով, քան է, մարզպետները, գյուղապետներն ու համայնքապետներն ավելորդ են համարում հիշեցնել այս մասին։ Իսկ վերին ատյաններում, այնուամենայնիվ, ստեպ-ստեպ ֆինանսներ են հատկացվում խնդրի լուծման ակնկալիքով, բայց քանի որ լավ չի պատկերացվում խնդիրը, դրանք երբեւէ նպատակին չեն ծառայում։ Մասնագետների գոյության մասին հիշում են, երբ արդեն բանը բանից անցնում է, ինչպես հիմա։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4