«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՌԱՋԱՐԿՙ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց Ստեփան Դեմիրճյանի դիմումի հիման վրա գործի քննությունըՙ հարկադրված լինելով օրվա ընթացքում հայտնել իր եզրակացությունը։

Նախորդ օրվա նման, երեկ նույնպես Սահմանադրական դատարանի շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ կային, ինչի վրա էլ Ստ. Դեմիրճյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հրավիրեց դատարանի ուշադրությունըՙ երեւույթը դիտարկելով որպես ճնշում ՍԴ-ի վրա։

ՍԴ նախագահի այն խոսքերից, թե ոստիկանության օրն է, պրն Դալլաքյանը հասավ ծայրահեղության, թե նաեւ սատանայի օրն է, Հուդայի դավաճանության։ Գագիկ Հարությունյանը ստիպված կարգի հրավիրեց Վիկտոր Դալլաքյանին։ Վերադառնալով գործի քննությանըՙ ՍԴ-ն տեղեկացրեց, որ նախորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացվել է վստահված անձանց հայտերի ցուցակըՙ թվով 7341 հոգի։ Մինչեւ երեկվա նիստը դատարանը համադրել էր ԿԸՀ եւ թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց ցուցակները, ուսումնասիրել եւ պարզել, որ ներկայացված հայտերն ու ցուցակները նույնական են։

Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն անհնար համարեց նախորդ օրը երեկոյան ժ. 7-ի դրությամբ նոր ստացված ձեռագիր 7341 հայտերի համադրումը ԿԸՀ-ից ստացված համակարգչային տվյալների հետ։ Ըստ պրն Սարգսյանի, ԿԸՀ-ին հաջողվել է սադրանքի միջոցով Սահմանադրական դատարանին ներքաշել անիմաստ քննարկումների եւ չեղած փաստերի հայտնաբերման գործընթաց ծավալելու մեջ, երբ ՍԴ էր ներկայացված լուրջ փաստարկՙ ընտրություններն անվավեր ճանաչելու համար։

Աշոտ Սարգսյանը, մասնավորապես, մի քանի հարցադրում արեց։ Նախ, որտեղի՞ց կարող է երաշխիք լինել, թե ՍԴ-ին ցուցակ ներկայացնելուց առաջ ԿԸՀ-ն արդեն իսկ չի հանել այն անձանց անունները, որոնք, ըստ ԿԸՀ-ի, անօրինական վկայականներ են ունեցելՙ թվով 104-ը։ Ապա պրն Սարգսյանին հետաքրքրում էր նաեւ, թե ՍԴ-ն ինչպե՞ս է որոշելու ստորագրությունների իսկությունն առանց նմուշների։

Աշոտ Սարգսյանն իր հարցադրումներից հետո դատարանին ներկայացրեց վստահված անձանց վկայականների այնպիսի օրինակներ, որոնք, նախ, պատահաբար մնացել են վստահված անձանց մոտ, նաեւ նրանց անուններով հայտ չի ներկայացվել։

ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանն ի պատասխան, նախ մանրամասն ներկայացրեց վստահված անձանց գրանցման կարգը։ Պրն Մուկուչյանն ավելացրեց նաեւ, որ վստահված անձանց վկայականներն, ըստ ներկայացված հայտերի, թեկնածուին են տրվում չլրացված։ Վկայականներում կարող են լրացվել միայն ԿԸՀ ցուցակով ներկայացված անունները։

Եզրակացությունն ակնհայտ է այնքանով, որ ցուցակում չընդգրկված մարդկանց վստահված անձի վկայական կարող էր տրվել թեկնածուի կողմից։

Ինչեւէ, Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նաեւ, որ վիճահարույց 104 վստահված անձինք ներկայացրել են խախտումների 98 արձանագրություն եւ 175 դիմում-բողոք։ Դրանք չեն կարող դառնալ ՍԴ քննության առարկա, քանի որ այդ մարդիկ վստահված անձ լինել չէին կարող։

Սրանից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ գործի քննությունն ավարտված է, եւ դատարանը հեռացավ խորհրդակցության։

Վերադարձավ երեկոյան 18.30-ին։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց դատարանի որոշումը։

Դիմող կողմից ներկայացել էր միայն Վիկտոր Դալլաքյանը։ Գագիկ Հարությունյանը գործի քննության ընթացքում հնչած մոտեցումներն ու գնահատականները շարադրելուց եւ ՍԴ-ի կողմից գործի քննության արդյունքները նշելուց հետո հրապարակեց դատարանի որոշումը։ Նախ, ՍԴ-ն արձանագրեց, որ նախագահական ընտրությունների ընթացքում առանձին տեղամասերում տեղ են գտել երկրի ժողովրդավարական հետագա զարգացումներին անհարիր խախտումներ։

ՍԴ-ն անիմաստ համարեց խախտումների որոշ տեսակներ արձանագրված մի շարք տեղամասերում քվեարկությունից այսքան օր հետո ստուգումներ կատարելը։ Նշված տեղամասերից քվեարկության արդյունքները համարվեցին ոչ հավաստի։ Իսկ դրա ազդեցությունն ընդհանուրի վրա գնահատելու համար որոշվեց «նման տեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատել ընտրությունների արդյունքում թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը»։ (Անհասկանալի ձեւակերպում-Ա. Հ)։

ՍԴ-ի որոշմամբ նշված տեղամասերում կատարված խախտումներն իրականացնողներին ու պատասխանատուներին պարզելու համար դատախազությունը կկազմակերպի քննություն։ Դատախազությանը կտրամադրվեն նաեւ ՍԴ-ում գործի քննությամբ պարզված կեղծ նյութերը։

Անփոփոխ թողնվեց ԿԸՀ մարտի 11-ի որոշումըՙ նախագահ ընտրվելու մասին։

Որոշվեց նորընտիր ԱԺ-ին եւ նախագահին առաջարկել մեկ տարվա ընթացքում համապատասխանեցնել «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանադրության 2-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որոնց, իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Վերջում ՍԴ-ն առաջարկեց. «Եվ որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակության դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպում»։ Թե ի՞նչ է սա նշանակում, թողնում ենք առանց մեկնաբանության։ Ավելացնենք միայն, որ թերեւս ամենագլխավոր հարցը, թե քննությամբ պարզված խախտումների համար ովքե՞ր են պատասխանատու, մնաց անպատասխան։ Հասկանում ենք նաեւ, որ սա ՍԴ խնդիրը չէ։

Հ. Գ. Ներողություն ենք խնդրում ապրիլի 16-ի «Ազգի» համարի մեր նյութում Սահմանադրական դատարանի շենքի մոտ հավաքվածներին թյուրիմացաբար ԱԺ շենքի մոտ «տեղափոխելու» համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4