«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԱԲԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑ «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՆՅՈՒԹԸ

1921 թ. մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դիպուկ կրակոցով սպանվեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, արյունարբու Թալեաթ փաշան։ Նույն թվականի հունիսին Բեռլինի նահանգային երկրորդ ատյանի դատարանը քննեց Թալեաթի սպանության գործը եւ արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին։ Թերեւս դրանով էլ Գերմանիայում հաստատվեց Հայոց ցեղասպանության մեջ Թալեաթի անմիջական պատասխանատվությունը։

Թալեաթ փաշայի սպանության գործի քննումը 20-րդ դարի սկզբների թերեւս կարեւորագույն դատավարությունն էր։ Ահա թե ինչու Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթն ապրիլի 4-ի համարում գրում է. «Ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքական պատմության տեսակետից մեծ կարեւորություն է ներկայացնում Թալեաթ փաշայի սպանության դատավարությունը»։

«Ակօսը» միաժամանակ տեղեկացնում է «Թալեաթ փաշայի սպանության դատավարությունը» վերնագրով գրքի մասին։ Դա 2003 թ. փետրվարին լույս է տեսել Ստամբուլումՙ թարգմանությամբ Դողան Աքհանլըի։ Գիրքը 182 էջ է, հրատարակել է «Բելգե» հրատարակչությունը։ Վերոհիշյալ դատավարության նյութերը 1921 թվին Արմին Վեգների, իսկ 1980 թ. դոկ. Թեսա Հոֆմանի աշխատասիրությամբ հրատարակվել էին Գերմանիայում։ Ուրեմն, Աքհանլըն թարգմանելով վերոհիշյալ արձանագրությունները, Հայոց ցեղասպանության հետ սերտորեն առնչվող այդ դատավարությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռել թուրք ընթերցողին։

Սա կարեւոր է այն առումով, որ դատավարությունը Մեծ եղեռնի ականատեսների մասնակցությամբ վերածվել էր 1915 թ. Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված պատմական ֆորումի։ 1915¬16 թթ. օսմանյան բանակում ծառայող Արմին Վեգներն իր գրքում ոչ միայն ականատեսի աչքերով նկարագրում, այլեւ լուսանկարներով հաստատում է հայերի ցեղասպանությունը։

Նա դատավարությունը քննելով ժողովուրդների պատմության տեսանկյունից, իր գրքի նախաբանում գրում է. «Ներքին գործոց նախարարի կյանքին ուղղված հայ ուսանողի գործողությունն ու դրան հետեւող դատավարությունը գերմանացի ժողովրդի ուշադրությունը հրավիրեցին Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունոտ իրադարձությունների վրա։ Ճշմարտությունն իր ողջ մերկությամբ երեւան հանվեց։ Երիտթուրքերը պարբերաբար կոտորածի էին ենթարկել ողջ ժողովրդին։ Դատավարության ընթացքում կատարվեց աներեւակայելինՙ տանջվող մեղադրյալն առանց որեւէ բառ արտասանելու Մեծ եղեռնի տպավորությամբ հանկարծ տուժողի դերում հայտնվեց։ Նա արդեն մեղադրյալ Սողոմոն Թեհլերյանը չէր, այլ զոհի արյունոտ ուրվականը»։

Ի դեպ, «Ակօսը» մեր ուշադրությանը ներկայացնելով Վեգներիՙ դատավարության վերաբերյալ այս դիտարկումը, որին Աքհանլիի շնորհիվ հաղորդակից է դառնում թուրք ընթերցողը, մեջբերում է կատարում նաեւ նրա մեկ այլ դիտարկումից, որտեղ նա, նկատի ունենալով դատարանում Թեհլերյանի արդարացումը, գրում է. «Այս վճիռը թուրք ժողովրդին դատապարտելու միտում չունի։ Կոտորածը ոչ թե նա, այլ թուրքական իշխանություններն են իրագործել։ Գերմանացի հյուպատոսներն իրենց զեկուցագրերում բազմաթիվ վկայություններ են բերում տեղացի այն պաշտոնյաների մասին, ովքեր խուսափում էին կիրառել կոտորելու վերաբերյալ իշխանության հրամանները։ Նրանք ոչ միայն թուրք ժողովրդի, այլեւ հայ ժողովրդի բարեկամն են»։

Մենք էլ տեղեկացնենք, որ «Թալեաթ փաշայի սպանության դատավարությունն» աշխատության թարգմանիչ Դողան Աքհանլըն գերմանաբնակ թուրք գրող է, Ալի Էրթեմի «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության փոխնախագահը։ Այլ կերպ, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը նրան ամենեւին խորթ չէ։ Ինչ վերաբերում է «Բելգե» հրատարակչությանը, ապա դա հիմնադրել է հայտնի թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն։ Ուրեմն, պրն Զարաքոլուի ղեկավարությամբ գործող հրատարակչությանն առավել եւս չպետք է խորթ լինի այդ խնդիրը, ինչի միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքեր են գործադրում ինչպես Ալի Էրթեմն, այնպես էլ Դողան Աքհանլըն եւ Ռագըփ Զարաքոլուն։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4