«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՀՈՒՍԱԼԸ, ԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ը ԿՊԱՇՏՊԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն

ԲԱՔՈՒ, 16 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Այն հույսերը, որ հակաիրաքյան կոալիցիայում ԱՄՆ-ին աջակցելու փոխարեն Վաշինգտոնը կպաշտպանի ադրբեջանական ժողովրդի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, միամտություն են։ ԱՄՆ-ը կպաշտպանի, նախ եւ առաջ, իր շահերը։ Վաշինգտոնը կնախընտրի պահպանել լավ հարաբերությունները հայկական լոբբիի հետ, քան թե պաշտպանել Ադրբեջանի պահանջները։ Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերի նախկին պետխորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ դիրքորոշումը հօգուտ Ադրբեջանի փոխվելու վերաբերյալ կարծիքները։ Նրա կարծիքով, ներկայումս ադրբեջանական հասարակությունը եւ նրա ընտրախավը էականորեն թուլացանՙ ակնկալելով քաղաքական շահաբաժիններ նավթային գործոնից եւ ԱՄՆ-ի ու ամբողջությամբ վերցրած Արեւմուտքի հետ բարեկամական հարաբերություններից։ Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ ամերիկացիները կամ թուրքերը կկռվեն ադրբեջանցիների փոխարեն, ընդգծել է Գուլուզադեն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Եվրամիությունը զբաղված են Ադրբեջանին «համոզելով», որ վերջինս գնա տարածքային զիջումներիՙ խաղաղության դիմաց։ Այդ ամենը բացարձակապես անթույլատրելի է եւ հակասում է ազգային շահերին։ Չնայած դրան, երկրում կան քաղաքական շրջանակներ, որոնք պատրաստ են նման զիջումների, նշել է Գուլուզադեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4