«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՁԵՎԱՎՈՐՎԵՑ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՇՐՋԱՆԱԿԸ

Երեկ Թեքեյան կենտրոնում հավաքվել էին Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Շենգավիթի կառույցների ներկայացուցիչներըՙ առաջին պատգամավորական ժողովում ձեւավորելու ՀՌԱԿ «Շենգավիթ» շրջանակը։ Մայրաքաղաքի այս համայնքում շուրջ 850 ռամկավարներ կանՙ ընդգրկված 13 ակումբներում։

Մինչ շրջանային վարչության ձեւավորումը, ելույթ ունեցան կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը։

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՌԱԿ ծրագրին, Ռուսաստանի հայերի միության հետ վերջերս ստորագրված պայմանագրին, որ ենթադրում է հայ-ռուսական տնտեսական կապերի սերտացում։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, «Փախստականների կոմիտե» հասարակական կազմակերպության եւ «Վասպուրական» միության միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել, որից կբխի մեր երկրի տնտեսության տարբեր բնագավառներում զարգացման ծրագրերի իրականացում։ ՀՌԱԿ ատենապետի խոսքով, գյուղատնտեսության բնագավառում իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն հանրապետության հեռավոր բնակավայրերի առաջընթացին։ Կիրառական գիտությունն այս ոլորտում օգտագործելը հնարավորություն կտա օգնելու ե՛ւ գյուղացուն, ե՛ւ գիտնականին։

Որպես առաջիկայում իրականացվելիք ծրագիր Ռուբեն Միրզախանյանը նշում է նաեւ աջակցությունը դպրոցներին։ Հայտնի է, որ համակարգչի դարում մեր երկրում շատ են այն դպրոցները, որտեղ համակարգիչ չլինելու պատճառով երեխաները չունեն համակարգչային տարրական գիտելիքներ։ ՀՌԱԿ-ը ձեռնամուխ է լինում հանրապետության մի շարք դպրոցներում համակարգչային դասարանների բացման գործին։

ՀՌԱԿ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրն արդեն գործնական փուլում է եւ շարունակական։ Այս ամենի իրականացման երաշխիքն, անշուշտ, քաղաքական պաշտպանվածությունն է, ուստի ավանդական կուսակցության համար քաղաքական դաշտում իր արժանի տեղը զբաղեցնելը գերխնդիր է, այս առումով գալիք խորհրդարանական ընտրություններըՙ վճռորոշ։

Կուսակցության փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը փաստեց, որ ռամկավարներն իրենց ամբողջ պատմության ընթացքում գործնականում ապացուցել են, որ երկրի եւ ժողովրդի բարեկեցությանը նպաստելու գերխնդիր են հետապնդում։ ՀՌԱԿ բոլոր խոստումները միս ու արյուն են ստացել, նույնը կլինի նաեւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի հետ։

Պատգամավորական ժողովին երեկ «Շենգավիթ» շրջանակը ձեւավորեց 13 անդամներից բաղկացած իր վարչությունըՙ Ջուլիետա Գուլասարյան, Սմբատ Թեւոսյան, Աշոտ Կարապետյան, Սերգեյ Թորոսյան, Տիգրան Հարությունյան, Աշոտ Գորստիկյան, Հայկ Մարտիրոսյան, Էդուարդ Թորոսյան, Գագիկ Սարգսյան, Արթուր Հարությունյան, Վոլոդյա Կարապետյան, Սամվել Միքայելյան։ Ատենապետ ընտրվեց Մեխակ Գեւորգյանը։

Երեկվա պատգամավորական ժողովը նշանավորվեց նաեւ ՀՌԱԿ շարքերի համալրմամբ։ Ռուբեն Միրզախանյանի կնքահայրությամբ 17 նորագիրները ուխտեցին ավանդական կուսակցության շարքերում ծառայել ազգին եւ հայրենիքին։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4